Քրիստոնյա է իմ անունը, և իմ Փրկիչը` Հիսուս Քրիստոսն է:

Մեր ծնունդն այս աշխարհում ինքնանպատակ չէ…
Մեր կյանքի բոլոր փուլերը ծնված օրից սկսած ունեն որոշակի նպատակներ:
Մեր ծնունդն արդեն մեծ առաքելություն է դեպի կյանք և ինքնանպատակ չէ:
Հետևաբար մեր բոլոր քայլերը աղերսում են մեծ պատասխանատվություն մեզ Ստեղծողի առջև, քանի որ մենք կյանքի մեծ շղթայի մի օղակն ենք,
որը պետք է ամուր լինի, չվնասելու համար ամբողջ շղթայի միասնականությունը:
Երբ մենք մանկապարտեզ ենք հաճախում, մեր ծնողները ակնկալում
են շփման դաշտի ստեղծում մեր նմանների հետ:
Երբ դպրոցական ենք, ակնկալում են գրագիտություն, ուսման առաջադիմություն: Բարձրագույն հաստատությունում արդեն մենք ձգտում ենք ընդլայնել մեր մտահորիզոնը,
ձեռք բերելով նախընտրած մասնագիտություն, դարձյալ ակնկալելով ամրանալ ձեռքբերումների մեջ և ինքնահաստատվել արդեն աշխատատեղում:
Աշխատանքի արդյունը արդեն բարիք է, որով շարունակում ենք ապրել, ստեղծել, վայելել…
Այս ժամանակահատվածում մինչ մենք զբաղված էինք մեր զարգացման գործով, ժամանակ չունեինք մտածելու, որ այս ամենը պարգև է Աստծուց տրված, և ամեն ինչ վերագրում էինք մեր նպատակասլացությանը, կամ մեր ծնողների նախանձախնդրությանը: Ինչպես որ նախորդ հաստատություններում առանց առաջընթացի և ձեռքբերման չէինք հասնի հաջողության, ինչը նպատակաուղղված էր մեր մարմնավոր կյանքին, նույն կերպ պետք է վարվենք մեր հոգևոր կյանքի հետ, պետք է մտածենք մեր փրկության մասին, այն օրից, երբ սկսում ենք ճանաչել եկեղեցին, եթե մենք եկեղեցի հաճախելով չունենանք հոգևոր աճ, ուրեմն շուտով կլճանանք նաև մեր ձեռք բերած աշխարհիկ կարողությունների մեջ:
Աստված ամեն ինչ նախախնամում է մարդու համար, և ակնկալում է,
որ մարդը այդ պարգևները իր հմտության, և Աստծո կամքի շնորհիվ կգործածի Աստծո փառքի համար, ի սեր Աստծո և ի պատասխան իր ծննդյան առաքելության: Աստված կարիք չունի մարդու փառաբանության, սակայն եթե մարդը Աստծուն չփառաբանեց, այդ փառքը վերագրելու է իրեն ու կործանվի: Իսկ Աստված այս
մասին գիտե մինչև մեր ծնվելը:
Երևի դա է պատճառը, որ ամեն մարդ իր կյանքի որոշակի ժամանակահատվածում գալիս է աստվածճանաչողության, տարբեր մղումներով, որը բխում է միայն մարդու շահերից, որպեսզի Աստծուն ճանաչելուց հետո ծառայի Նրան: Դրա համար է պետք երեխային հնարավորինս շուտ ցույց տալ Աստծու ճանապարհը, վաղ տարիքից նրան
Մկրտության խորհրդի միջոցով ծանոթացնելով Աստծու ծրագրերի և խորհուրդներին: Ահա այսքան պարզ է մեր կյանքը, իսկ մենք անվերջ բարդացնում ենք, ու բարդացնում…Փառք Աստծու Իր բոլոր ծրագրերի համար, որ ստեղծել է մեզ համար: