hogevor qarozner հոգևոր քարոզներ5
hogevor qarozner հոգևոր քարոզներ
Կերակուր
Հավատքի մեջ մանուկ մեր հոգիների համար Աստծո խոսքի կաթը խմենք Սուրբ Գրքից, ուր պատմվում է ամեն բանի պատճառ Հոր, Նրանից ծնված Որդու, որ մեզ ծնեց Ավազանով և ընծայեց Հորը, ինչպես նաև Հորից բխող Սուրբ Հոգու՝ Մխիթարիչի և Հոր և Որդու Փառակցի մասին։
Սուրբ Գրքի ընթերցումը համարենք մեր ամենօրյա զբաղմունքն ու հոգսը, հանգիստն ու փառքը, կերակուրը և ուրախության գինին։ Ինչպես որ ջուրը պտղավետ ու տերևաշատ է դարձնում ծառը,
նմանապես աստվածային Գրքերի ընթերցումը աճեցնում է աստվածասերների միտքն ու հոգին և զարդարում առաքինության պտուղներով (Սարգիս Շնորհալի)։
Շատերն ասում են, թե ամեն ոք գիտի՝ ինչ է մեղքն ու արդարությունը, ամեն մարդ տեղյակ է չարից հեռանալու և բարիք գործելու մասին, բայց Գրքով զբաղվելը շահ չէ և կարևոր գործերը խափանում է։ Սա իրականացումն է Ամոսի (բերանով ասված Տիրոջ) սպառնալիքի. «Ոչ թե հացի սով կամ ջրի ծարավ, այլ Տիրոջ խոսքը լսելու սով (պիտի ուղարկեմ)» (Ամոս 8:11)։ Մարգարեն նկատի ունի, որ այս սովից սմքում ու ապականվում են այն հոգիները, որոնք չեն լսում Աստծո պատգամները։ Քանզի ինչպես մարմինն է մահանում առանց կերակուրի, նույնպես և հոգին չի կարող ապրել առանց Գրքի խրատների։ Այս մասին է Մովսեսի խոսքը (Բ Օրենք 8: 3)։ Նույն բանը վկայում է նաև Տերն Իր փորձության ժամանակ. «Միայն հացով չէ, որ կապրի մարդ, այլ Աստծո ամեն խոսքով»
(Ղուկ. 4: 3)։ Եթե Աստծո պատվիրաններն հավիտենական կյանք են, ապա ակնհայտ է, որ դրանցից զրկվածները մեռած են հավիտենական կյանքի համար, ինչպես որ անհրաժեշտ կերակուրից զրկվածներն են մահանում այս կյանքում…։
Պողոս առաքյալը նույն բանը նկատի ունի, երբ ասում է, «Աստծո շնչով գրված ամեն գիրք օգտակար է ուսուցման, հանդիմանության, ուղղելու և արդարության մեջ խրատելու համար, որպեսզի կատարյալ լինի Աստծո մարդը և պատրաստ՝ բոլոր բարի գործերի համար» (Բ Տիմ.3:16-17), այնինչ նրանք պնդում են, թե Գրքերը պետք չեն։
Արդ, ի՛նքդ որոշիր, թե ով է իրավացի՝ Պողո՞սը, թե՞ Սուրբ Գիրքն արհամարհող վայրենամիտները, որոնց Եսային մարգարեն վայ է տալիս.
«Վա՜յ արհամարհողներին, վա՜յ օրենքն արհամարհանքով արհամարհողներին» (Եսայի 24: 16) …Բայց հարցնեմ նրանց՝ մի՞թե Աստված իզուր հրամայեց Մովսեսին ու մարգարեներին՝ գրել Սուրբ Գիրքը, կամ մի՞թե առաքյալները զուր գրեցին Ավետարանները, իրենց Թղթերը և Գործք առաքելոցը, իսկ վարդապետներն՝ իրենց գրվածքները։ Աստծո պատվիրանի նշանախեցն (փոքրիկ տառանշանը) իսկ ավելի պատվական է, քան երկինքն ու երկիրը։ Այդ իսկ պատճառով Աստված Մովսեսի միջոցով պատվիրում է. «Այս պատգամները, որ այսօր հաղորդում եմ քեզ, կպահես մտքիդ ու հոգուդ մեջ։ Դրանք կհաղորդես քո որդիներին և դրանց մասին կխոսես, երբ տանը նստած ես, ճանապարհ գնալիս, պառկելիս ու վեր կենալիս։ Դրանք որպես նշան կկապես քո ձեռքին, որ մնան անշարժ քո աչքեր
ի առջև,դրանք կգրես քո տների մուտքին ու դռների վրա» (Բ Օրենք Զ 6-9)։
Սատանայի շուրթերով են խոսում նրանք, ովքեր խափանում են Սուրբ Գիրքը լսելը (Խոսրով Անձևացի)։
«Միայն հացով չի ապրի մարդ, այլ` այն ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից» (Մատթ. Դ 4)։ (Տերը) չասաց, թե՝ «Ոչ միայն հացով է ապրում մարդը» և լռեց,
որովհետև կան նաև այլ կերակուրներ, որոնցով ապրում են մարդիկ, այլ ավելացրեց, թե՝«այն ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից»։ Քանզի մարդը կազմված է հոգուց և մարմնից. ինչպես որ մարմինն է ապրում նյութական հացով, այնպես էլ հոգին՝ աննյութական խոսքով, բայց ոչ մարդկանց ունայն խոսքով, այլ նրանցով, որ Աստծուց են և կյանք են շնորհում մարդկանց։
Որո՞նք են այդ խոսքերը. դրանք Աստծո՝ միայն Մովսեսի և մյուս մարգարեների հետ խոսածները չեն կամ Աստծո Բանի՝ այս աշխարհում խոսածները, այլև բոլոր Գրքերը, որ Աստծո պատվիրաններն են ուսուցանում մարդկանց, Աստծո խոսքերն են և մանավանդ Ավետարանի ինքնախոս խոսքերը։
Դարձյալ ասում է, ոչ միայն զգալի հացով կապրի երևելի մարդը, այլ Ինձնով, որ Աստծո խոսքն եմ՝ միացած սրան, որ ոչ միայն Իմ անձին կարող եմ կյանք տալ, այլև բոլոր մարդկանց, ովքեր հավատով և սրբությամբ են մոտենում Ինձ (ս. Ներսես Շնորհալի)։
Յուրաքանչյուր մարդկային միտք, յուրաքանչյուր մարդկային խոսք զորություն է։ Եվ եթե դա հավաստի է մարդկային մտքի և խոսքի համար, ապա մանավանդ հավաստի է Աստծո խոսքի՝ Քրիստոսի խոսքի համար։ Երբ մենք լսում ենք Քրիստոսի ավետարանական խոսքը՝ անուշաբույր, մեղմիկ ու քաղցրալուր.«Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն» (Մատթ.5:8), «Սովորեցե՚ք Ինձնից, որ հեզ եմ և սրտով խոնարհ» (Մատթ. ԺԱ 29), բնավ չենք մոռանում, որ այդ հեզ խոսքը այն անըմբռնելի ու անսահման զորությունն է, որը խավարի անէությունից լուսեղեն կյանքի կոչեց ամենայն գոյավորը, բոլոր անթիվ աշխարհները, իրենց բազմազանության մեջ անհամար բոլոր բանական և ոչ բանական արարածներին։
Քրիստոսի խոսքը՝ զգեստավորված խոնարհ, զգայականորեն ընկալելի մարդկային խոսքի ձևի մեջ, որը կարող է արտահայտվել նույնիսկ գծագրական-տեսողական նշաններով՝ գրավոր կերպով, այն խոսքն է, որն իր խորքում, իր հիմքում մեծ, ամենակարող, ամենայնի Արարիչ Աստծո զորությունն է։
Խոսքի մասին հարկ է ասել այն, ինչ Աստվածաշնչում ասվում է Իր՝ Աստծո մասին, այսինքն՝ Նա «ոչնչացնող կրակ» է, որին հողեղենները պետք է մոտենան մեծ ահով ու դողով (Եբր.12: 28-29)։hogevor qarozner հոգևոր քարոզներ5
«Խիստ ընտիր են Քո խոսքերը» (Սաղմ. 118:140), – ասում է սաղմոսերգուն։
Քրիստոսի խոսքը ամենախորհրդավոր խոսքն է. այն անմատչելի է, անըմբռնելի հանճարների համար, բայց միաժամանակ այնքան պարզ է, որ մատչելի է նույնիսկ մանուկներին։ Քրիստոսի խոսքը այնքան մոտ է մեզ, այնքան հասկանալի, բնականաբար խորապես հոգեհարազատ մեր մարդկային սրտին և, այդուհանդերձ, անկասկած անսահմանորեն գերիվեր է արարածի բնության
զորությունից. այն աստվածային է, անհասանելի, գերբնական և, ինչպես ասում է Պողոս առաքյալը` «մարդկային չէ և մարդուց վերցված չէ» (Գաղատ. Ա 11-12)։
Ազատ մարդուն ուղղված Քրիստոսի խոսքը հակիրճ է, անբռնադատ և միաժամանակ մարդուն ամենևին ոչ հատուկ անսահման իշխանությամբ օժտված, իբրև բացարձակ հեղինակության խոսք, իբրև բովանդակ կեցության ամենազոր Տիրոջ խոսք.«Երկինք ու երկիր պիտի անցնեն, բայց Իմ խոսքերը չպիտի անցնեն» (Մատթ.24: 35)։
Խոր հավատով ընկալված Քրիստոսի խոսքը առաջնորդում է մարդուն դեպի հավիտենական կյանք մի ճանապարհով, որում նա կհանդիպի շատ անսովոր, խորհրդավոր բաների։ Այդ վսեմ ճանապարհին այն ամենն, ինչ մարդն իր կեցության ընթացքում կարող է վերապրել և ճանաչել, կբացվի նրան: Քրիստոսի խոսքը հասնում է խավարտչին անդունդի ծայրասահմաններին՝ ի հայտ բերելով ճշմարտության բազմաթիվ հատկանիշների բնությունը, որոնք խավարում առինքնում են մարդուն։ Քրիստոսի խոսքը կրակ է, որ փորձում է այն ամենը, ինչ որ կա մարդու մեջ և առհասարակ աշխարհի կեցության մեջ, քանզի ինչպես վկայում է Պողոս առաքյալը.«Նրա առաջ չկա անտեսանելի արարած» (Եբր. Դ 13)։
Քրիստոսի խոսքը հոգի է և կյանք, սիրո լրում և երկնային խնդություն, Քրիստոսի խոսքը աստվածային ինքնագո լույսն է։ Այն ներազդում է ոչ թե մակերեսային տրամաբանական բանականության, այլ մարդու սրտի խորքերի վրա։ Եվ նա, ով ընդառաջ ելնելով նրան, անմնացորդ բացում է իր սրտի ամենախորին պարունակները, որ պատշաճ կերպով ընկալի այդ աստվածային լույսը, որպեսզի միաձուլվի նրա հետ, դառնում է աստվածանման: Կյանքով ընկալված Քրիստոսի խոսքը աստվածացնում է մարդուն (վարդապետ Սոֆրոնի):
«Ինչպե՞ս կարդալ Աստվածաշունչը» գրքից