hogevor qarozner հոգևոր քարոզներ-4
Տերունի տոներ. Սուրբ Ծնունդ
«Հոգի է Աստուած, եւ նրա երկրպագուները պէտք է հոգով եւ ճշմարտութեամբ երկրպագեն»։ Հովհ. 4:24
Երբ ձեր հարգած և սիրած անձի տոն օրը`ծնունդի կամ անվանակոչության, մոտենում է, դուք մտածում եք լավ պատրաստված շնորհավորեք նրան և ավելի հաճելի լինել. արդ, մեր Փրկչի Ծննդի և այլ հիշատակի տոնելու օրերի համար ի՞նչ նախապատրաստություն պիտի տեսնենք:
Միայն տրամադրվելը Սուրբ օրվա պատրաստության, արդեն ապացույցն է անկեղծ սիրո դեպի Նա և փրկության հոգածության, իսկ Քրիստոսի համար չկա ավելի թանկագին բան` քան մեր փրկությունը: Ուրեմն նշանավոր օրը դիմավորելու համար բավական չէ միայն արտաքին նյութական պատրաստությունը, ինչպես որ լուսավորելը, սրբելը, մաքրելը, նորություն հագնվելը, խորտիկներ հոգալը, բնակարան զարդարելը, այլ էականն է հոգով և սրտով մաքրվել, խոկալ և ապաշխարել գործած մեղքերի համար, հաստատ որոշել ուղղվել և քաջաբար դիմադրել ամեն գայթակղությունների, այդպիսի տոնակատարությունը մեզ համար փրկարար կլինի, իսկ Տիրոջ համար` հաճելի:
Աստված մարդացավ, որ մարդուն աստվածացյալ անի: Նա իջավ երկնքից, որ մեզ երկրից երկինք բարձրացնի, հաղթահարելով և ջախջախելով մահը մեզ հավիտենական կյանքի մասնակից դարձնի: Ուրիշը մեզ չէր կարող համոզել, որ կա մեկ այլ հոգևոր հավիտենական կյանք, բայց Քաղցրագույն Հիսուսին չենք կարող չհավատալ, և չենք կարող տարակուսել և կասկածել, որ Նա՛ է ճշմարտությունը, Կյա՛նքը, Սե՛րը, Լո՛ւյսը, և Աստված:
Նա՛ վերջ տվեց հուսահատության տանջանքին, և հռչակեց, որ ով հավատա`կապրի, Նա՛ բացեց երկնքի դռները մեզ համար, ուր կա փափագողների համար սկզբից պատրաստված օթևաններ ` երջանկության վայելքներով, ուր պետք է հանգչեն Աստծո համար ծառայածները և բեռնավորվածները:
Մինչև Քրիստոսի գալը` մենք խավարի մեջ էինք, չգիտեինք կյանքի խորհուրդը, բայց Հիսուս մեզ ցույց տվեց, որ կա երկինք, և սովորեցրեց մեզ այն միջոցները, որոնցով կարող ենք ժառանգել այն: Ուստի որչափ առավել պետք է ուրախանանք Նրա Ծննդյան Տոնի հիշատակով, որով սկզբնավորվեց մեր փրկագործությունը: Մեծ տոնի առթիվ երկրավոր ուրախություններ էլ է մեզ թույլատրված, միայն պիտի գիտակցենք այդ ուրախության բուն պատճառը:
Նրանք պիտի կապ ունենան երկնային հետ, որովհետև Աստծո Արքայությունը նախ պետք է հաստատվի ա՛յս երկրի վրա ու շարունակվի հավիտենական երկնքում:
hogevor qarozner հոգևոր քարոզներ-4
Տոնը ցնծությամբ ու քաղցր երգով դիմավորենք, քրիստոնեական բարի գործերով փայլենք: Մարդկային կյանքի պատմությունները ինչքան էլ հետաքրքրական լինեին, մի անգամ կարդալուց, կամ լսելուց հետո` կրկնելիս ձանձրույթ են պատճառում, բայց այդպես չեն աստվածային երևույթները, նրանց մասին ինչքան ավելի ես իրազեկ լինում, այնքան նրանք ավելի են գրավիչ դառնում և հրապուրում:
Հայր Հովսեփը և Տիրամայրը Բեթղեհեմում իջևանելու տեղ չգտան, նրանք ստիպված էին քաղաքի ծայրում մի քարայրի մեջ ապաստանել, որ անասունների օթևան էր և կային ախոռներ, այդտեղ գիշերը կույսը ծնեց աստվածային Մանուկը, չկար տատմայր, ինքը ընդունեց և փափաթելով դրեց մսուրը: Փրկիչը լույս աշխարհ եկավ հետին չքավորության և սրտաշարժ խոնարհության մեջ, ի՜նչ սքանչելիք, անպարագրելին համեստ դրված ախոռում, ազգականների և բարեկամների ցնծությունը չէր շրջապատում Նրան, սակայն հրեշտակների լուսաճաճանչ խումբը կեսգիշերին հայտնվում է բնության անդաստանում, պարզասիրտ հովիվներին, ավետում է նրանց աշխարհի Փրկչի ծնունդը և երգում է Փառք ի Բարձունս Աստուծոյ և երկիր խաղաղություն, ի մարդիկ հաճություն:
Առաջին աչքալուսանքի եկողները աղքատ և միամիտ հովիվներ են: Ապա գալիս են Արևելքի թագավորը և իմաստունը նրան երկրպագելու և ընծաներ մատուցելու: Ով ստացած շնորհի համար չի գիտակցում, նրա համար զուր է շնորհը մեծ տոների առթիվ, որ հիշեցնում է մեզ մեր փրկագործությունը Հիսուս Քրիստոսի վարդապետական տքնությամբ:
Մենք պետք է ջանք թափենք մեղքերից ազատվելու և բարի գործերով գոնե մեկ մարդու ուրախացնենք: Մեր Սուրբ Հայրապետները Քրիստոսի տոների հիշատակության համար հորինել են հոգեշունչ երգեր, որոնք դարերով այնքան սրտեր են մաքրել և հոգիներ փրկել; Մենք ևս պարտավոր ենք պատրաստվել արժանավոր կերպով երգելու նրանց, որ շարժեն մեր զգացումները սիրել Աստծուն և մարդուն: Հիմա արդեն բոլոր մարգարեությունները, օրենքները, ավետիսները լրումին են հասել, այժմ գործի ժամանակ է, հավատը արդարություն է համարվում, բայց հավատքը առանց գործերի մեռած է:
Տոներին ցնծությամբ և քաղցր երգերով դիմավորելով պիտի մեր իսկական քրիստոնեական գործերը հանդես բերենք ու նրանցով փայլենք. և ոչ թե լոկ ծեսերով:
Նիկողայոս Վարդապետ Տեր- Ավետիքյան
hogevor qarozner հոգևոր քարոզներ-4