Մի աղքատ գյուղ եկավ ու մտավ գյուղի եկեղեցին, որ խարխուլ էր և անձրևի ժամանակ կաթում էր: Աղքատը անձրևից թրջվել էր: Նա քաղցած էր, հագել էր պատառոտուն զգեստ, դողում էր, հոգնել էր ճանապարհից: Ներս մտավ քահանան, սկսեց ժամերգությունը: Առավ ավետարանը և կարդաց այն էջը, ուր գրված էր, թե օտարական էի՝ ընդունեցիք ինձ, մերկ էի՝ հագցրիք ինձ, քաղցած էի՝ կերակրեցիք ինձ, ծարավ էի՝ հագեցրիք ինձ: Աղքատը լսեց և ուրախացավ. – Այս ինձ համար է ասված, շուտով կկատարեն իմ կամքը: Քահանան ժամն արձակեց ու գնաց տուն, աղքատին թողեց եկեղեցու մեջ և հոգ չտարավ նրա մասին: Աղքատը մտածեց. – Այն գիրը, որ կարդաց, սուտ էր: Առավ ավետարանը, վրան քար դրեց և սուզեց ջրի մեջ: Քահանան եկեղեցի գալով, ավետարանը չգտավ և աղքատին ասաց. — Ո՞ւր է ավետարանը: Աղքատն ասաց քահանային. — Ի՞նչ ես անում սուտ ավետարանը, ես տարա ջուրը գցեցի: Քահանան բարկանալով սկսեց ծեծել աղքատին: Աղքատն ասաց. — Ինչո՞ւ ես ծեծում ինձ, անիրավ, եթե հավատում ես, թե Ավետարանն Աստծու ճշմարիտ խոսքն է, ապա ինչո՞ւ չես կատարում նրա կամքը: Որովհետև ես օտարական եմ, և ինձ չեք ընդունում, մերկ եմ, և ինձ չեք հագցնում, քաղցած եմ՝ չեք կերակրում, ծարավ եմ՝ ջուր չեք տալիս: Մի՞թե Աստված այդ բաների պակասությունն ուներ և այդ ամենն իր համար ասաց: ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ