Արդեն ասել ենք, որ երբ Աստված մարդուն օրհնում է, Նրան բարիքներ է մաղթում ու պարգևում։
Ամենամեծ բարիքն այն երջանկությունն է, երբ մարդ զգում է, որ ինքն Աստծո հետ է, և Աստված` իր հետ։ Սա
լինում է այն ժամանակ, երբ մարդն ամեն ինչ անում է այնպես, ինչպես Աստված է կամենում, և Աստված էլ միշտ
նրան օգնության է հասնում` պարգևելով խաղաղության, ուրախության ու երջանկության զգացում։ Այսպիսի
մարդն Աստծուն է սիրում, Աստված էլ` նրան։ Նա խաղաղ, ուրախ ու երջանիկ է, ինչ իրավիճակում ու
դժվարության մեջ էլ գտնվի, և Աստծուն ամեն ինչի համար սրտանց փառք է տալիս, շնորհակալություն
հայտնում։ Այսպիսի մարդու սրտում միայն մեկ թագավոր կա, ում հրամանները նա կատարում է` Հիսուս
Քրիստոս Աստվածը, Ում թեև այժմ նա չի տեսնում, սակայն գիտի, որ գալու է ժամանակ, երբ տեսնելու է։ Եվ այդ
հույսով ուրախանում է, այլև գիտի, որ Հիսուսը թեև այժմ մեզ չի երևում, սակայն Ինքն ամենքին և ամեն ինչ
տեսնում է, ամենուրեք է և մանավանդ նրանց կողքին, ովքեր սիրում են Իրեն։
Ահա այս երջանիկ վիճակն էլ հենց Երկնքի արքայությունն է, որն Աստված տալիս է խոնարհ մարդուն։
Այն կոչվում է «երկնքի» արքայություն, որովհետև երկնքում բնակվող անտեսանելի հրեշտակները և մեր այս
աշխարհից հեռացած ու երկնքում հրեշտակների հետ բնակվող աստվածասեր, մաքուր, բարի մարդիկ միշտ
ուրախ ու երջանիկ են Աստծո հետ։ Նրանք Աստծո հետ, Ով իրենց և մեր թագավորն է, մի գեղեցիկ ու սուրբ թագավորություն`
արքայություն են կազմում։ Նրանք ապրում են Երկնքի արքայության մեջ և սպասում այն
օրվան, երբ արդեն բոլոր աստվածասեր մարդիկ կհավաքվեն այդ արքայության մեջ` հավիտենապես ապրելու
այնտեղ կատարյալ երջանկության մեջ։
Սակայն այդ արքայությունը միայն երկնքում չէ, այլև երկրի վրա, ինչպես որ այդ արքայության
թագավորն էլ` Աստված, միայն երկնքում չէ, այլ նաև երկրի վրա և ամենուրեք։ Չէ՞ որ երկրի վրա ապրող
քրիստոնյաներն էլ են պատկանում երկնային Արքա Քրիստոսին։ Արդեն իսկ այս երկրի վրա մարդիկ կարող են
ապրել այդ արքայության երջանկությունը, սակայն երկրի վրա այդ երջանկությունը թերի է, իսկ երկնքում այն
լինելու է կատարյալ։
Ուրեմն` երբ Աստված երանի է տալիս հոգով աղքատին` խոնարհ մարդուն, Նա նրան արժանացնում է
հենց այդ արքայությանը։
Խոնարհություն չունենալու պատճառով են մարդիկ շարունակ տանջվում, չունեն խաղաղություն,
ուրախություն և երջանկություն։ Քանի որ, ինչպես Տեր Հիսուսն ասաց, այդ ամենը, որ Երկնքի արքայությունն է,
տրվում է խոնարհին։
Քանի որ կատարյալ խոնարհությունը մեծ դժվարությամբ ձեռք բերվող առաքինություն է, ապա որքանով
մարդ խոնարհ է, այնքանով էլ արժանի է դառնում Երկնքի Արքայության երջանկությանը։
«Երանիների մեկնությունից»