Քրիստոսով մկրտվելուց և Քրիստոսին հագնելուց հետո, դուք դարձել եք Աստծու Որդուն կերպարանակից:
Քանզի Աստված, ձեզ որդեգրման նախասահմանելով, դարձրեց ձեզ Քրիստոսի փառավոր մարմնի կերպարանակից:
Ուրեմն, մասնակից դառնալով Քրիստոսին` դուք, բնականաբար, կկոչվեք օծյալ, և հետևաբար, ձեզ համար է
Աստված ասել. «Մի դիպչեք իմ օծյալներին»: Դուք դարձել եք օծյալ՝ ընդունելով Սուրբ Հոգու դրոշմը, և ամեն ինչ
ձեզ վրա եղավ պատկերվելով: Ուստիև դուք Քրիստոսի պատկերներն եք:
Եվ Ինքը, Հորդանան գետում լողանալով և իր աստվածայնության բուրմունքը հաղորդելով այդ ջրերին, երբ
դուրս եկավ այդ ջրից, Նա ընդունեց Սուրբ Հոգու այցելությունը, քանզի նմանը սիրում է հանգչել նմանի վրա:
Այդպես նաև ձեզ հետ: Ավազանի սրբազան ջրերից օծված դուրս գալուց հետո դուք ստանում եք Քրիստոսի օծման
խորհրդավոր պատկերումը: Սա էլ այն Սուրբ Հոգին է, որի մասին Աստծու անունից խոսել է նաև երանելի Եսային.
«Տիրոջ Հոգին ինձ վրա է. դրա համար էլ Նա օծեց ինձ, ուղարկեց ինձ՝ ավետարանելու աղքատներին»:
Որովհետև Քրիստոս մարմնով մարդու կողմից չօծվեց յուղով կամ մյուռոնով, այլ Հայրը Նրան, համայն աշխարհի համար
Փրկիչ նախասահմանած լինելով, օծեց Սուրբ Հոգով, ինչպես ասել է Պետրոս առաքյալը. «Հիսուսին Նազարեթից, ում Աստված օծեց Սուրբ Հոգով»:
Դավիթ մարգարեն ևս բարձրաձայն ասել է. «Քո գահը հավիտյանս հավիտենից է, Աստված: Քո արքայական գավազանն արդարության գավազան է:
Սիրեցիր արդարությունը և ատեցիր անօրենությունը. դրա համար Աստված՝ քո Աստվածն օծեց Քեզ ուրախության յուղով՝ ավելի, քան Քո ընկերներին»:
Եվ ինչպես որ Քրիստոս իրապես խաչվեց և թաղվեց և հարյավ, իսկ դուք, ըստ նմանության, մկրտության ընթացքում արժանացաք Նրա հետ խաչվելու,
միասին թաղվելու և միասին հարություն առնելու, այդ էլ կատարվում է օծման ընթացքում: Նա օծվեց մտովի պատկերված ցնծության յուղով, այսինքն՝
Սուրբ Հոգով, որն էլ կոչվում է ցնծության յուղ, քանզի այն հոգեկան երջանկության և ցնծության պատճառ է:
Բայց դուք օծվեցիք մեռոնով և դարձաք Քրիստոսին հաղորդակից և ընկեր:
Բայց զգույշ եղիր: Չկարծես, որ այդ մեռոնը շնորհից զուրկ է և անսուրբ: Որովհետև, ինչպես որ գոհության հացը Սուրբ Հոգու ոգեկոչումից հետո այլևս պարզ հաց չէ,
այլ Մարմինը Քրիստոսի, այդպես էլ այդ սուրբ մեռոնը ոգեկոչումից հետո այլևս շնորհից զուրկ չէ և, այսպես ասած, հասարակ մի բան չէ:
Այլ այն արդեն պարգևն է Քրիստոսի և Սուրբ Հոգու, և այդ յուղը, Աստծու ներկայությամբ, դառնում է ներգործուն:
Ուստիև այն խորհրդանշորեն քսվում է ճակատին և քո մյուս զգայարաններին: Եվ այս երևացող մեռոնը քսվում է մարմնին, իսկ սուրբ և կենարար Հոգով սրբանում է հոգին:
Նախ այն քսում եք ճակատին, որպեսզի ձերբազատվեք այն ամոթից, որ իր հետ ամենուր տարավ առաջին օրինախախտ մարդը, և որպեսզի բաց երեսով արտացոլեք Տիրոջ փառքը:
Հետո կքսեք ականջներին, որպեսզի դուք ունենաք այնպիսի ականջներ, որոնց մասին Եսային ասել է.
«Եվ սրեց իմ լսելիքը, որ ես լսեմ»: Եվ Տերն Ավետարանում ասել է. «Ով լսելու ականջ ունի, թող լսի»: Այնուհետև այն կքսեք հոտոտելիքին, որպեսզի աստվածային մեռոնի բուրմունքն զգալով՝ ասեք. «Քրիստոսի բուրմունքն ենք Աստծու առաջ և փրկվածների մեջ»: Ամենից հետո կքսեք
կրծքին, որպեսզի «Ճշմարտությամբ գոտեպնդված և արդարության զրահը հագած` կարողանաք հանգցնել սատանայի բոլոր հնարքները»:
Քանզի ինչպես որ Փրկիչը մկրտությունից և Սուրբ Հոգու այցելությունից հետո դուրս եկավ և հաղթեց հակառակորդին, այդպես էլ դուք
սուրբ մկրտությունից և օծման խորհուրդից հետո, Սուրբ Հոգու զրահով գոտևորված, կդիմադրեք թշնամու ուժերին
և կհաղթեք նրան՝ ասելով. «Ամեն ինչ կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով»:
Այս սուրբ օծման արժանանալով՝ դուք կոչվում եք քրիստոնյաներ՝ ձեր վերածննդով արդարացնելով նաև այդ անվանումը:
Քանզի նախքան այդ մկրտության և Սուրբ Հոգու շնորհին արժանանալը, դուք իրականում դեռևս արժանի չեք այդ անվանը,
այլ ճանապարհ ելած՝ առաջ եք ընթանում` քրիստոնյա դառնալու: Սակայն անհրաժեշտ է, որ դուք իմանաք, թե այդ օծման խորհուրդը հին գրքում առկա է:
Քանզի, երբ Մովսեսն իր եղբայր Ահարոնին հաղորդեց, որ Աստծու հրամանն է նրան քահանայապետ կարգել, Ահարոնին ջրում լվալուց հետո, Մովսեսը նրան օծեց,
և նա կոչվեց օծյալ ձևական օծումից հետո: Այսպես նաև քահանայապետը,Սողոմոնին թագավոր հռչակելիս, Գեհոն գետում լվաց և հետո օծեց նրան:
Եվ այս ամենը նրանց հետ կատարվել է ձևական, որպես օրինակ, մինչդեռ ձեզ մոտ` ոչ թե ձևական, այլ` իրական, որովհետև ձեր փրկության սկիզբը Նրանից է,
Ով ճշմարտապես օծվել է Սուրբ Հոգուց: Քանզի Նա ճշմարտապես սկիզբն է, իսկ դուք՝ թթխմորը: Եվ եթե սկիզբը սուրբ է, ապա անհրաժեշտաբար սրբությունը կփոխանցվի թթխմորին:
Այս մեռոնը դուք պահեք անապական և անեղծ, քանզի ամեն ինչում այն ձեզ համար կլինի ուղեցույց և դաստիարակիչ, եթե, անշուշտ, մնա ձեր մեջ,
ինչպես այդ մասին նոր լսեցիք երանելի Հովհաննեսի թղթի ընթերցումից,որում շատ խոսում և փիլիսոփայում է նաև այդ օծման մասին:
Քանզի այդ սուրբ մեռոնը մարմնի հոգևոր պահապանն է և հոգու փրկարարը: Այս մասին շատ տարիներ առաջ երանելի Եսային մարգարեանալով ասել է.
«Եվ Տերը բոլոր ազգերի համար այնպես պիտի անի, որ այս լեռան վրա (լեռ անվանում է Եկեղեցուն մեկ ուրիշ տեղ ևս, երբ ասում է.
«Վերջին օրերին պիտի հայտնվի Տիրոջ լեռը») գինի խմեն, ուրախություն վայելեն, մեռոնով օծվեն»: Եվ որպեսզի քեզ առավել
վստահ դարձնի, լսիր, թե ինչ է ասում նա այդ մեռոնի մասին իբրև խորհուրդ: Նա ասում է.
«Պատմիր այս բոլոր հեթանոսներին, քանզի բոլոր ազգերի համար Տերն այս խորհուրդն ունի»:
Ուրեմն, սուրբ մեռոնով օծվելուց հետո, այն ձեր մեջ պահեք անեղծ և մաքուր, բարի գործերով առաջ ընթացեք
և դարձեք հաճելի ձեր փրկության առաջնորդ Հիսուս Քրիստոսին, Ում փառք հավիտյանս հավիտենից: Ամեն:
Կյուրեղ Երուսաղեմացի Հայրապետ. <<Կոչումն Ընծայության>>
ՀՈԳԵՎՈՐ ՔԱՐՈԶՆԵՐ
Հայ առաքելական եկեղեցւոյ քարոզխօսութիւն Սուրբ գրգի մեկնաբանութիւններ Հոգևոր Քարոզներ։
Հոգևոր քարոզներու ցանկը
Պատարագի քարոզներ | Հոգևոր կայքէջ Հանապազօրեայ հաց Ս.Պատարագի մեկնաբանութիւն
«ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆՈՒԹԻՒՆ» Հոգեւոր քարոզներ – Live «Հայր մեր»-ի բացատրութիւն
Բարեկարգում Հայց. Եկեղեցւոյ Գարեգի Կաթողիկոս Յովսէփեան ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԻՒՆՆԵՐ ՕՐՈՒԱՆ ԱՒԵՏԱՐԱՆԷՆ
ՀՈԳԵՎՈՐ ՔԱՐՈԶՆԵՐ
Աղօթքներ ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ ՅՈՎՀԱՆՆՈՒ Խորհուրդներու աշխարհաբար մեկնութիւն
ՀՈԳԵՎՈՐ ՔԱՐՈԶՆԵՐ