Գիտե՞ս, թե ինչու չես կարողանում պայքարել մեղքի դեմ.

Մենք հաճախ մեղանչում ենք ոչ թե այն պատճառով, որ չգիտենք դա մեղք է,
այլ այն պարզ պատճառով, որ անկարող են պայքարել այդ մեղքի դեմ:
Մենք քաջ գիտակցում ենք, որն է սխալ և որը` ճիշտ, սակայն գիտակցելով հանդերձ մեղանչում ենք:
Միթե ամուսինը, որը հավատարիմ չէ կնոջը, կամ հակառակը, չգիտե՞ն որ դա սխալ է:
Անշուշտ գիտեն, ուղղակի չեն կարողանում կառավարել իրենց զգացմունքները:
Նրանց մոտ տեղի է ունենում հակառակ գործընթացը` զգացմունքը իշխում է բանականությանը:
Կամ երբ նստում ենք ճաշի, մի՞թե չենք գիտակցում, թե որքանն է մեզ բավարար հագենալու համար,
բայց ուտում ենք լիարժեք հագենալու և երբեմն էլ չափն անցնելու աստիճան:
Բազում են օրինակները մեր օրերում մեղքով լցված այս աշխարհում և բոլորն էլ տեղյակ են սխալի մասին:
 
Եթե չգիտակցենք, որ մեր արածը սխալ է, ապա չենք թաքցնի մարդկանցից մեր սխալ քայլերը:
Ուրեմն մեղքի գիտակցությունը կա, պայքարելու ուժ չկա, իսկ պայքարել անկարող ենք:
Մենք տկար ենք պայքարելու մեջ, որովհետև թույլ է գիտելիքը Աստծու խոսքի հանդեպ և թույլ է հոգին հաճախ չհաղորդվելու պատճառով:
Իսկ Աստծու գործերը միայն խոսքի մեջ չեն, նրանք համակ ուժ են, որ մեր մեջ մտնելով դուրս են վռնդում ամեն տեսակ մեղք ու տկարություն:
Քրիստոսի Սուրբ Մարմինն ու Արյունն է, որ Կենդանի ուժով մտնում է մեր էության մեջ և տալիս է մեզ ոչ միայն լսելու Աստծու խոսքը, այլ նաև լինելու այն կատարողներ:
 
Այդ պատճառով է, որ մեր Շնորհալի Հայրերը հորդորում են, որպեսզի հաճախ հաղորդվենք, սիրով հաղորդվենք, աներկբա հավատով հաղորդվենք,
մեղքի գիտակցումով ու զղջումով հաղորդվենք: Եվ Սուրբ Հաղորդությունը կլինի մեզ համար քավություն և թողություն մեր մեղքերին:
Իսկ երբ մոտենում ենք Սրբությանը անգիտակցաբար, ապա ըստ Առաքյալի այն դառնում է մեզ համար դատապարտություն և
մենք մեղքի նկատմամբ դառնում ենք անզոր և անկարող: Իսկ ի՞նչ ասենք նրանց, որոնք անտեղյակ են Սուրբ Հաղորդությունից,
կամ հազվադեպ են հաղորդվում` չկարևորելող Նրա միջոցով կատարվող Փրկությունը: Ամենայն կատարյալ բարիք մեզ անվճար է
տրվում մեր Տիրոջից, իսկ մենք միշտ ձգտում ենք ձեռք բերել շնորհք, ուժ, կարողություն և այլն առանց Տիրոջ օրհնության և օգնության:
Այդպես չի լինում: Մի պակասեցրեք ձեր սերը մարդիկ: Չէ որ այս աշխարհը սիրո վրա է հիմնված, սերը պակասելուց կարող է նրա հիմքեր թուլանալ:
Իսկ թույլ հիմքերով շինությունը քանդվում է ժամանակին: Ուժ, կարողություն բոլորիս Ատծու կամքով, պայքարելու համար: