Քրիստոս յարեաւ ի մեռելոց: Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի: Կրկնազատիկ (Նոր Կիրակի)

Հայտնի է, որ Քրիստոսի հարությամբ միաշաբաթ օրը նվիրագործվեց և դարձավ կիրակի,
ուստի Զատկին հաջորդող առաջին միաշաբաթը կոչվեց Նոր կիրակի կամ Կրկնազատիկ (կրկին Զատիկ):
Նոր կիրակին խորհրդանշում է Քրիստոսի Եկեղեցու հաստատման և ծավալման սկիզբը:
 
Հիսուս Հարությունից հետո հաճախակի առիթներով երևում էր
Իր աշակերտներին և ուրիշների: Մի օր էլ երբ աշակերտները հրեաներից սարսափելով հավաքված էին, դուռ պատուհան փակած մի վերնատան մեջ, հանկարծ երևաց Հիսուս: Այնտեղ էր նաև Թովմաս առաքյալը, որ Հարության օրը, ինչպես նաև նրանից հետո, չէր տեսել Հիսուսին և ասել էր, որ, մինչև մատս չխրեմ Նրա կրծքի վերքի մեջ, չեմ հավատա Իր Հարությանը: Թովմաս առաքյալը երբ տեսնում է Հիսուսին, քննում և ստուգում է Նրա խոցված տեղերը և հավատում է: Հույները այս կիրակին կոչում են Թովմայի կիրակի, թերևս իր թերահավատության պատճառով: Առաքելական կանոններով հաստատվեց, որ բոլոր կիրակի օրերը տոն լինի և պաշտոն կատարվի, կարդացվեն նաև մարգարեական և առաքելական թղթեր, ամենից հետո կարդացվի Ավետարանը և Սուրբ Պատարագ մատուցվի:
 
Մենք էլ մեր հերթին այսօր մեր ներկայությամբ լցնենք եկեղեցիները: Ձեռք բերենք առաքյալների միաբանությունը: Ամենակարևորը աղոթենք մեր թերահավատության համար, ինչպես որ Թովմասի թերահավատությունն էր, և այս պահից ասենք. Տեր իմ և Աստված իմ, մեր միակ Օգնական ու Պաշտպան, մեր միակ Մխիթարություն բոլոր ժամանակների համար, ապավինում ենք Քեզ անվերապահ: Առաջնորդիր՛ մեզ, Տէր Աստուա՛ծ մեր, և սովորեցրու՛ մեզ գնալ Քո արդարության ճանապարհով, պահիր՛ խաղաղությամբ մեր երկրի սահմանները, մեր զինվորների կյանքը և մեր ընթացքը`միայն Քո կամքի համաձայն: Միաբան ու միասիրտ պահիր մեր եկեղեցին, ինչպես Առաքյալների ժամանակ էր, որպեսզի մեր աչքերն էլ տեսնեն ու փառավորեն Քո Սուրբ Անունը: Մարդասեր Աստված, օգնիր մարմնասեր մարդուն դառնալ աստվածասեր մարդ, աղաչում ենք Քեզ: Փառք Ամենասուրբ Երրորդությանդ` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն: