Հոգո՞ւ ուրախություն ես ստանում տոնից, թե՞ աչքի ու մարմնի…

Տարիները անցնում են առանց մեր կամքը հարցնելու: Տոներն էլ կրկնվում են նույնությամբ, մեզ հիշեցնելու տվյալ տոների խորհուրդների մասին:
Ուրեմն սկսվող տարին արժևորենք իր լավագույն տոներով և այդ տոներից վերցնենք մեր հասանելիք պատգամը:
Ողղակի մենք կրելով Քրիստոսի Պատվական անունը, չգիտեմ ինչու, նախապատվությունը տալիս ենք ավելի
շատ տոների ժողովրդական մասին, քան եկեղեցական խորին խորհուրդներին: Տոները սիրում ենք նշել արտաքին գեղեցկությամբ,
քան ներքին բովանդակությամբ: Հենց դա է պատճառը, որ տարվա հինգ տաղավար տոները մեր սրտում մնայուն տեղ չեն գտնում,
մեր կյանքը չեն փոխում, մեզ կատարյալ ուրախություն չեն պատճառում: Մենք հակված ենք ուրախանալ տոնի միայն արտաքին գեղեցկությամբ,
իսկ արտաքին գեղեցկությունը ժամանակավոր է, փոփոխական է, թառամող է, և մարող է:
 
Եթե մեզ համար յուրաքանչյուր տարին սկսվի ոչ թե Նոր տարվա կեր ու խումով, այլ Սուրբ Ծննդյան բարի Ավետիսով,
ապա այդ հիմնավոր բարի Ավետիսը մեր սիրտը ուրախ կպահի, որովհետև Մանուկ Հիսուս ծնվեց Իր առջև ունենալով մարդկության փրկության ծրագիրը:
Այդ պատճառով Մանկանը չկարողացավ վնասել Հերովդեսը, չնայած որ կամեցավ սպանել: Սակայն երբ հասավ ժամանակը ծրագիրը իրագործելու,
հայտնվեց Հուդան և արագացրեց Տիրոջ Սուրբ ծրագրի կատարման գործողությունը: Եթե մենք մեր Տաղավար տոների բուն խորհուրդը սրտով հասկանանք, ապա արտաքին ուրախությունը կմղվի երկրորդ պլան և առաջնայինը կլինի սրտի ուրախությունը և հետզհետե կփոխի մեր կյանքը: Գիտակից քրիստոնյան նա չէ, որը պահք է պահում որպես պարտականություն և տանջում է իրեն, կարոտով նայելով ուտելիքներին, այլ նա է, որը մեղքի գիտակցություն ունի և ջանում է չմեղանչել Քրիստոսի սիրուց դրդված,
հանուն նրա կատարած Զոհաբերության և ունի գոհունակ սիրտ Աստծուն փառաբանելու համար:
 
Տաղավար տոներից դեռ երկուսն է անցել, իսկ երեքը դեռ առջևում է: Մանուկ Հիսուսին պահենք մեր սրտի մեջ, Սուրբ Ծնունդով, որպեսզի Նրա զորությամբ ընկալենք հաջորդ տերունական տոների խորհուրդները: Սուրբ Հարության տոնից խանդավառվենք մեր Տիրոջ տված հույսից, որ Հրեշտակն ասում է. Այստեղ չէ, այլ Հարություն առավ:
Մենք էլ ենք հարություն առնելու մեր մահից հետո, և մահը այլևս կորցրեց իր սարսափը մեր Տիրոջ Շնորհով: Այս երկու ուրախությունը վերցնենք և շարժվենք առաջ` դեպի Պայծառակերպություն. մենք էլ այլափոխվենք տոնի խորհրդով` Մեր Տիրոջ խոսքի շնորհիվ:
Դեպի Սուրբ Աստվածածնի Վերափոխում. մենք էլ ձեռք բերենք Աստվածածնի խոնարհությունը Աստծո խոսքի կատարման մեջ:
Եվ Խաչվերաց տոն. մենք էլ խաչը կրենք ոչ միայն մեր պարանոցին, այլ մեր սիրտը նվիրենք Խաչյալին, Որը բազկատարած սպասում է մեզ:
Ահա տարվա մեջ հինգ կարևոր հանգրվաններ, որոնցով անցնում է մարդկությունը` կամ աչքերը և սիրտը փակ, կամ էլ միշտ արթուն, կանթեղը ճրագով լցրած:
Տիրոջ ողորմությունը թող հասնի բոլորիս գիտակից քրիստոնյա լինելու համար: