Քրիստոս յարեաւ ի մեռելոց. Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի: «Ինձ համար սքանչելի է Քեզ ճանաչելը».

Սուրբ Բարսեղ Կեսարացին իր «Նայիր քեզ» ճառում մեր ուշադրությունն է հրավիրում մեր անձի ներդաշնակ կառուցվածքին,
որի մասին հազվագյուտ ենք մտածում, կամ առհասարակ չենք անդրադառնում:
«Հսկիր քո վրա, ուրեմն, և իմացիր, որ հոգիդ բաղկացած է երկու
զորություններից. մեկը բանական ու խելացի, իսկ մյուսը՝կրքերին ենթակա ու անմիտ:
Առաջինին է ըստ բնության պատկանում հրամայելու պաշտոնը, երկրորդին՝ հնազանդվելն ու բանականությանը ենթակա մնալը:
Երբեք մի՛ թույլատրիր, որ հոգիդ ենթարկվի և ցածրանալով ստրկանա կրքերին.
երբեք մի՛ թույլատրիր, որ կրքերը բանականության դեմ ծառանան և գրավեն հոգու վրա ունեցած նրա իշխանությունը:
 
Հոգու հայեցողությունից հետո, եթե կամենում ես, քննիր նաև մարմնի կառուցվածքը և զմայլվելով տես, թե գերագույն ճարտարապետն ինչպիսի՛ արժանավայել բնակատեղի է պատրաստել բանական հոգու համար: Բոլոր կենդանի էակների մեջ միմիայն մարդուն է տվել ուղղահայաց դիրք, որպեսզի ձևիցդ անգամ ըմբռնես, որ կյանքդ ընտանություն ունի վերին իրողությունների հետ: Բոլոր չորքոտանիները կքված են որովայնի վրա, մինչ մարդու հայացքն ուղղված է դեպի երկինք, որպեսզի չնվիրվի որովայնի ու նրա կրքերի ծառայությանը, այլ՝ դեպի վեր ուղղի իր բոլոր փափաքները:
 
Ապա գլուխը. Աստված այն տեղադրել է ամենավերևում և այնտեղ
է հաստատել ամենակարևոր զգայարանները: Այնտեղ են տեսողությունը, լսողությունը, ճաշակելիքը,հոտառությունը, մեկը մյուսի կողքին: Եվ այսպիսով, չնայած գտնվում են այսքան նեղ տարածքում, ոչ մեկը չի խանգարում գործունեությանը նրա, որն իր կողքին է:Աչքերը գրավում են տեսանելիության ամենաբարձր կետը, այնպես՝ որ մարմնի մասերից ոչ մեկը չի ծածկում իրենց, այլ՝ թարթիչներից պաշտպանվելով, ուղիղ գծով հաստատուն պահպանվում են իրենց վրայի ցցվածքով: Ականջը, մինչդեռ, չի ներկայանում ուղղակի բացվածքով, այլ՝ օդում ներկա հնչյուններն ընդունում է խորդուբորդ խոռոչի միջոցով: Սա նույնպես հայտարար նշան է բարձրագույն իմաստության, որովհետև ձայնը, մինչ առանց արգելքների թափանցում է ներս, է՛լ ավելի հնչեղ է դառնում գալարումներում, որոնցով անցնում է, և ո՛չ մի արտաքին պատճառ չի կարող արգելել լսողությունը: Քննիր լեզվի կառուցվածքը. քանի՜ցս նուրբ է, ճկուն և իր շարժումների զանազանությամբ ունակ տարբեր լեզուներով խոսելու: Ատամները մի կողմից ձայնի գործարաններ են, հաստատունություն պարգևելով լեզվին,մյուս կողմից էլ ծառայում են սննդառությանը, ոմանք՝ պատառելու, ոմանք էլ՝ ծամելու համար:
 
Եվ այսպես, շարունակելով պատշաճ կերպով քննել մարմնիդ բոլոր մասերը և խորհրդածելով թոքերի մեջ օդի ներշնչման, սրտի ներսում ջերմության պահպանման, մարսողական գործարանների և երակների մասին, որոնցում հոսում է արյունը, այդ ամենից կճանաչես անքննելի իմաստությունը Նրա, ով
ստեղծել է քեզ, այն աստիճան, որ դու նույնպես կբացականչես Մարգարեի հետ. «Իմ համար սքանչելի է Քեզ ճանաչելը»:
Հսկի՛ր քո վրա, ուրեմն, հսկել կարողանալու համար Աստծո ճանաչողության մեջ, որին վայել է փառք և զորություն հավիտյանս: Ամեն