Քրիստոս յարեաւ ի մեռելոց. Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի

Այս բարի Ավետիսով մենք պետք է միմյանց ողջունենք ամեն օր`մինչև Համբարձման Տոն, և այս օրերը կոչվում են ուտիքի օրեր:
Այնուհետև վերականգնվում է չորեքշաբթի և ուրբաթ օրերի պահքը: Այժմ ծանոթանանք Զատկից հետո` Հինունքի յոթ շաբաթների հետ,
որոնք նույնպես ունեն անուններ, ինչպես Պահոց կիրակիները:
 
ՀԻՆՈՒՆՔ
Այսպես է կոչվում Զատիկից մինչև Հոգեգալուստ ընկած ժամանակահատվածը, որը հաջորդում է Մեծ պահքին և ունի նույնքան տևողություն՝ յոթ շաբաթ:
Ի տարբերություն պահոց ապաշխարության շրջանի՝ Հինունքն ամբողջովին տոն է և ուրախության շրջան:
Քանզի այդ ողջ ընթացքում հիշատակվում է Քրիստոսի Հարությունը, որով և՝ մեր ստացած հաշտությունն Աստծո հետ և որդեգրությունը Նրան՝ ըստ Պողոս առաքյալի խոսքի.
«Ծառա չես, այլ՝ որդի»: Նախկինում Հինանց շրջանի բոլոր օրերն անխտիր ուտիք են եղել, սակայն XII դ. սկսած՝ Հինանց 40-րդ օրից (Համբարձման տոն) հետո
վերականգնվում է չորեքշաբթի և ուրբաթ օրերի պահքը:
 
Հինունքի յոթ կիրակիներն առանձին անուններ ունեն և կոչվում
են հետևյալ անուններով.
Նոր Կիրակի կամ Կրկնազատիկ.
Աշխարհամատրան կամ կանաչ կիրակի.
Կարմիր Կիրակի.
Երևման Խաչ.
Համբարձում – Հինգշաբթի օր է լինում.
Երկրորդ Ծաղկազարդ.
Հոգեգալուստ:
 
ՈՒՏԻՔ
Այսպես են կոչվում պահքից ազատ օրերը, որոնց ընթացքում
սննդի նկատմամբ որևէ սահմանափակում չկա:
Եթե պահքը հաստատված է հոգևոր սգի և ապաշխարության համար, ապա ուտիքն արտահայտում է քրիստոնյայի ուրախությունը:
Սակայն պետք է զգուշանալ, որ այն չդառնա խրախճանքի ու որկրամոլության առիթ, այլ լինի հոգևոր զվարթությամբ
Տիրոջը փառաբանելու և ապաշխարության պտուղները վայելելու շրջան:
Նախապատրաստվենք Հինանց առաջին` Նոր Կիրակիին:
Բարի Հինանց օրեր բոլորիս մեր Տիրոջ կամքի համաձայն: