Ծաղկազարդ. «Օրհնութի՜ւն Դաւթի Որդուն, օրհնեա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնութի՜ւն՝ բարձունքներում»։

Այս տոնը Հայ Եկեղեցում կոչվում է Ծաղկազարդ, քանի որ եկեղեցիներում օրհնվում և հավատացյալներին են բաժանվում ուռենու նորաբողբոջ ոստեր՝ ի հիշատակ և ի նմանություն Երուսաղեմում Քրիստոսին ծաղկած ճյուղերով դիմավորող ժողովրդի: Իսկ երեկոյան կատարվում է Դռնբացեքի խորհրդավոր արարողությունը՝ իբրև Տիրոջ ողորմության խորհրդանշական հայցում Նրա փրկարար չարչարանքներին, քանզի Ծաղկազարդով սկսվում է Ավագ շաբաթը: Բացենք մեր տաճարի դռները Տիրոջ առաջ, որ մաքրագործի…Գնանք ընդառաջ, միանանք Նրան, ու այլևս չբաժանվենք Նրանից ինչ էլ որ պատահի մեր կյանքում:
 
Ղազարոսի հարության հաջորդ օրը Հիսուս Քրիստոս, նստած ավանակի վրա, մտավ Երուսաղեմ՝ Զատիկի տոնի նախօրեին այնտեղ հավաքված ժողովրդի ցնծագին աղաղակների ներքո: Նրա առջև մարդիկ գետնին էին սփռում իրենց զգեստները և ծառերի ծաղկած ճյուղեր: Այնքան մեծ էր այդ ցնծությունը, որ փարիսեցիները նախանձելով՝ Հիսուսից պահանջեցին լռեցնել նրանց: Սակայն Տերը պատասխանեց. «Եթե նրանք լռեն, քարերը կաղաղակեն»:Ղուկ.19:40
 
Իսկ Տիրոջ խոսքը.«Եթե նրանք լռեն էլ,այդ քարերը կաղաղակեն». քարեր երանելի առաքյալների կարծր և հիմք դնող քարոզությանն է ասում. եթե այդ մանուկներին արգելեմ, ապա Պողոսը, Նիկոդեմոսը, Գամաղիելը և Կայիափան, որոնք դեռևս անպտուղ են, հավատի մեջ` քարի նման և հրեության մեջ` խիստ անպտուղ, սրանք պիտի խոստովանեն իմ մարդացած Աստվածությունը և բարձրաձայն պիտի բարբառեն իմ երկու` առաջին և երկրորդ գալստյան մասին:
Դարձյալ` «Այդ քարերը կաղաղակեն». պետք է իմանալ նաև, որ քարերը մարգարեներն են, որոնք օրենքի ժամանակ շինության հիմքեր հանդիսացան, և նրանց մարգարեական խոստովանությունը: Նրանք կանխապես գուշակելով բովանդակ տնօրինությունը` ապագայում եղողներիս գրով հիշատակ և անկողոպտելի գանձ թողեցին երկու հավատարիմ վկաներով` մարգարեական և ավետարանական աստվածաբանության գրքերով: Մեր Տերը թող տոնախմբողներիս նույնպես արժանի դարձնի նոր արքայությանը, քանզի Նրանն են փառքը և զորությունը հավիտյանս. Ամեն: Մամբրե Վերծանող.