Ավետումն Սրբուհի Աստվածածնի.

Շնորհավորում եմ Մարիամ անունը կրող անձանց` իրենց անվանակոչության օրվա առթիվ և հայցում եմ Աստվածածնի բարեխոսությունը բոլորիս կյանքում այս մանկան շրթներով:
Թող աշխարհում լսվեն լուրե՛ր սրտագին,
Հրեշտակի՛ բերած լուրն է թանկագին,
Թող Աշխարհում լսվի բյու՜ր- բյու՜ր մանկան ճիչ,
Բայց մանկանց մեջ Տե՜ր Հիսուսն է լոկ Փրկիչ:
Այսօր մեր Եկեղեցին տոնում է Սուրբ Մարիամ Աստվածածնին նվիրված յոթ տոներից մեկը` Ավետումը:
Այսպես է կոչվում ս. Մարիամ Աստվածածնին Գաբրիել հրեշտակի կողմից ավետիս բերելու իրադարձությունը:
Հրեշտակը, հայտնվելով Կույս Մարիամին, ասաց նրան, որ նա պիտի հղիանա Սուրբ Հոգուց և ծնի աշխարհի Փրկչին.
«Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է, օրհնյալ ես դու կանանց մեջ: ….
Ահա դու կհղիանաս ու կծնես մի որդի և Նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի և Բարձրյալի Որդի կկոչվի»:
Եւ Մարիամն ասաց. «Ահաւասի՛կ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խօսքի համաձայն լինի ինձ»։   Ղուկ. 1.28-32:
Ինչքա´ն խոնարհություն և հնազանդություն կա այս պատասխանի մեջ: Գուցե Սուրբ Կույսն էլ ամբողջությամբ չընկալեց Հրեշտակի Ավետիսը,
բայց Աստված նրան էր ընտրել որպես խոնարհության մարմնացում, որպեսզի կարողանա հեզությամբ ընդունել սարսռեցնող երկու լուրն էլ…
Առաջինը` թե Տերը քեզ հետ է, իսկ երկրորդը` Սիմեոն ծերունու խոսքը, թե`Քո հոգու միջով էլ սուր պիտի անցնի..
Մարիամ Աստվածածինը թանկ գին վճարեց Փրկչին աշխարհ բերելու համար, և դարձավ համայն աշխարհի բարեխոսը Իր Որդու մոտ:
Մեր պանծալի օրինակը` Սուրբ Կույսը, որի խորագիտություը և անմեղությունը դարերով ուղեկցել և ուղեկցում է մարդկությանը:
Ո՜վ անուշսիրտ Մայր Հիսուսի,
Լսի՜ր խնդրեմ, ձայնն իմ սրտի.
Ի սեր Ավետման գեղեցիկ տոնին
Խաղաղությո՜ւն տուր աշխարհին:
Ծնողներիս գլխի վերև
Թող միշտ ժպտա պայծառ արև,
Եվ բոլորը` մեծ ու պստիկ,
Ապրեն անհոգ ու երջանիկ:
 
Հիվանդներին հասի՛ր դու, Մա՜յր,
Սրբի՛ր արցունքն ու ցավը տա՛ր.
Եվ հայ ազգին մեր ցիր ու ցան,
Միավորի՜ր, եղի՜ր պաշտպան: