«Անառակ որդու վերադարձը» Ղուկ. 15:11

Մեծ պահքի երրորդ կիրակիին ընթերցվող «Անառակ որդու վերադարձը» առակը օրվա խորհրդածության հիմնական թեման է: Այս առակում ամփոփված է մարդկության ողջ պատմությունը՝ նրա անկումից մինչև Աստծո Որդու մարմնացումն ու փրկագործությունը: Սակայն Անառակի կիրակիի համատեքստում հատկապես շեշտադրված է մեղավորի առ Աստված դարձի խորհուրդը, որն առակի բովանդակության առանցքն է:
 
Փառք Աստծուն պահքի բոլոր օրերի և բոլոր կիրակիների խրատական առակների իմաստության համար, որ պարգևել է Տերը` մեզ կրթելու նպատակով: «Անառակ որդու վերադարձի կիրակին» բնորոշ է համայն մարդկությանը, որը երախտամոռ գտնվեց և հեռացավ իր Արարիչ Աստոծուց: Բնորոշ է նաև յուրաքանչյուրիս, քանզի չի գտնվի մեկը, որը իր կյանքում չի հայտնվել կրտսեր որդու կարգավիճակում: Թողեցինք մենք մեր Բարերար Աստծուն և գործակիցը եղանք խավար աշխարհի քաղաքացուն` սատանային: Կամավոր հեռացանք Պարգևատուից` չըմբռնելով, որ մոտենում ենք Արդար Դատավորին, որովհետև երկու կողմում էլ Աստված է: Մի կողմում` Փրկիչ, մյուսում` Արդար դատավոր: Եվ Ավետարանն իբրև եզրակացություն ավելացնում է. «Այսպես ուրախություն կլինի երկնքում, Աստծո հրեշտակների առաջ,
երբ որևէ մեղավոր ապաշխարի»:
 
Մեծ պահքի կենտրոնական նպատակը, այս կիրակիի իմաստի և նրանից եկող թելադրանքի մեջ է: Նկատելի է, որ նախորդ երկու կիրակիներով հիշատակված երկու վիճակները` երջանկությունը և նրա կորուստը, կրկնվում են նաև այս առակում: Այս կիրակիի գաղափարը անկումից վերելքը, ընկած վիճակից վերականգնումը, կորստի գյուտն է: Այն օրից, երբ տնից հեռանալու միտքը տեղ գտավ նրա ուղեղում, տղան կորցրեց իր հանգիստը, քունը և զվարթությունը: Հայրը նկատել էր տղայի մեջ առաջ եկած փոփոխությունը, նրա մտախոհ և ցրված վիճակը: Եվ մի օր էլ հարցրեց նրան. «Տղաս, ի՞նչ է եղել, ինչո՞ւ է մարել դեմքիդ պայծառությունը, արդյոք հիվա՞նդ ես»:
«Այո, հայր, ներաշխարհս է հիվանդ, ու եթե ավելի երկար մնամ սահմանափակ այս շրջանակում, բոլորովին կխամրեմ ու կխեղդվեմ. արդ, տուր քո հարստությունից ինձ հասանելիք բաժինը, ես ուզում եմ հեռանալ այստեղից»:
 
Հայրը առանձնացավ` ծածկելու համար իր արցունքները: Ի վերջո, զգացմունքների վրա քար դրած, ունեցվածքը բաժանեց երկու զավակների միջև: Եվ կրտսերն իր բաժինն ամբողջությամբ դրամի վերածեց ու մի առավոտ էլ գյուղից անհայտացավ` առանց ոչ մեկին, նույնիսկ հորը, «մնաք բարով» ասելու:
Վերադառնա՜լ տուն, հոր մոտ: Մտածումն անգամ նրան երջանկություն էր պատճառում: Բայց ինչպե՞ս, ի՞նչ երեսով նայեր իր գյուղացիներին, ինչպե՞ս հանդուրժեր եղբոր հեգնանքը… Վանում էր աներես ճանճերի նմանվող այս մտածումները, որոնք, սակայն, վերստին թառում էին նրա գլխին: «Պետք է գնամ հորս մոտ և ասեմ նրան. «Հայր, մեղանչեցի երկնքի դեմ և քո առջև, այլևս արժանի չեմ որդիդ կոչվելու, ընդունիր ինձ` իբրև քո ծառաներից մեկը»:
Ի՜նչ լավ կլիներ, եթե առակն այստեղ ավարտվեր, այս երջանիկ վախճանն ունենար: Դժբախտաբար, կյանքում որքան էլ մարդիկ երբեմն-երբեմն երջանիկ պահեր ունենան, դրանց հանկարծ հաջորդում են երևույթներ, որոնք ստվեր են ձգում ուրախ տրամադրությունների վրա: Եվ կյանքն այսպես շարունակում է իր` ժպիտի և լացի քաղցր ու դառը հաջորդականություններով ելևէջվող ընթացքը: Այսպես է նաև Անառակի առակում, որն իրակա՛ն կյանքի հետ կապ ունի և ոչ երևակայական:
Շնորհք Պատրիարք Գալուստյան