Բ Կիրակի. Քառասնորդական Պահոց «Արտաքսում Դրախտից»

Մենք` դրախտից արտաքսվածներս գնանք Եկեղեցի` զղջալու և արտասվելու.. աղոթելու և ներում հայցելու մեր Տիրոջից:
Ոչ մի քրիստոնյա իրավունք չունի անհարկի բացակայել Սուրբ Պատարագից` հատկապես այս ապաշխարության օրերին:
Ամենօրյա երևույթ է արտաքսումը դրախտից:
Ադամ-Եվայի պատմությունը յուրաքանչյուրիս պատմությունն է, դժբախտաբար, հավերժորեն կրկնվող և մշտապես ներկա: Մարդկանցից ո՞վ չի ունեցել իր փորձության ժամերը`ճիշտ Ադամի և Եվայի նման: Ո՞վ չի հրապուրվել «արգելված պտուղի» տեսքով, ո՞վ իր նմանների կամ իր ներաշխարհի ձայնը չի լսել. «Մի վախեցիր, կեր, կհասունանաս, կիմաստնանաս, աչքերդ կբացվեն, կմեծանաս, փորձառություն ձեռք կբերես» և սրանց նման հազար ու մի փսփսուքներ:
 
Ո՞վ իր ձեռքն «արգելված պտուղին» չի երկարել, և, վերջապես, ո՞վ այն նաև ուրիշներին չի տվել… Ո՞ր մեղքն իր կամավոր կամ ակամա մեղսակիցները չի ունեցել: Եվ այս բոլորից հետո ո՞վ արդարև չի զգացել իր «աչքերի բացվելը»
և թե «մերկացած է» իր անմեղությունից, որն ունենալուն անդրադարձել է միայն այն ժամանակ, երբ արդեն կորցրել է այն: Եվ ինքն իրեն «մերկացած» զգալուց
հետո ո՞վ չի խուսափել շրջապատի աչքերից, ծնողներից, անկեղծ ու հարազատ բարեկամներից` հակառակ նրա, որ նման զգացումներ չուներ իր մեղսակից
«բարեկամների» առաջ:
Ո՞վ չի հեռացել իր կրոնից, իր եկեղեցուց, որոնց մեջ մարդն զգում է Աստծո ներկայությունը: Ո՞վ չի թաքնվել սև ակնոցների կամ զանազան դիմակների
ետևում: Ո՞վ չի պնդացրել իր երեսը կամ չի խուսափել դիմացինի աչքերի մեջ նայելուց`վախենալով, որ միգուցե կարդացվի իր աչքերի մեջ գրված պատմությունը: Վերջապես, ո՞վ չի զգացել կամ ուրիշի դեմքին չի կարդացել իր կամ նրա`
«դրախտից արտաքսված» լինելը…
 
Սրանք այլևս Աստվածաշնչի էջերից վերցված պատմություններ չեն` մարդու նախածնողների մասին, գրված երեք հազար տարիներ առաջ: Սրանք այժմեական և ամենօրյա երևույթներ են, որոնց դերակատարներն ամեն օր և ամենուրեք ապրող, շրջող ու շնչող մարդիկ են. ե՛ս եմ, դո՛ւ ես, նա՛ է, ամենքս ենք: Ամենքս էլ Շնորհալու հետ կարող ենք առանց ստելու ասել.
«Գող եղէ մեղաց, գտող կորստեան, գուբ ինձ փորեցի»:
Կամ հաստատել սաղմոսի խոսքը. «Ամենեքեան խոտորեցան ի
միասին և անպիտանացան…»: Սաղմոս 52:4
Ուրեմն, Ադամի պատմությունը արդարև, յուրաքանչյուր ադամորդու պատմությունն է,բոլորիս ողբերգությունը: «Դրախտում» սկսված պատմությունը նրանից դուրս բոլոր ժամանակներում շարունակվել է, շարունակվում է մեր ժամանակներում,
պետք է կրկնվի մինչև այն օրը, երբ վերջին մարդը դառնա հող, որից վերցվել էր:
Շնորհք արքեպիսկոս Գալուստյան
 
Մեծ պահքը մեծ հնարավորություն է ազատվել մեծ մեղքերից և դառնալ մեծ հետևորդներ Քրիստոսի: Մոռանանք ամեն վիրավորանք, ատելություն և քեն,
հիշեք, թե ով է մեր Տերն ու Փրկիչը, մեր Հայրն ու Դատավորը: Սակայն չմոռանանք, որ մեր և Աստծո Փրկարար ձեռքի միջև միշտ կանգնած է սատանան իր հրապուրիչ մոլորություններով հատկապես Մեծ պահքի օրերին: Ամուր կամք եմ մաղթում բոլորիս ապավինելով միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսին, ում վայել է փառք, պատիվ, և իշխանություն` Հոր և Սուրբ Հոգու հետ միասին: Ամեն.