Կիրակի. Բուն Բարեկենդան. «Մարդը պատվի մեջ էր… ընկավ»:

Այսօր Բուն Բարեկենդանի կիրակին է, Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, խորանի փակ վարագույրով:
Թեպետ տեղյակ ենք, որ, խորանի վարագույրը փակ է լինելու, սակայն առաջին հայացքից սարսուռ
է պատում մարդու հոգուն, որ իր առջև փակ է երկնքի դռները:
Տարիների ընթացքում ես ականատես եմ եղել մեկ երկու դեպքի, երբ մարդը որոշում է կայացրել, վեր կենալ ու պահքից առաջ գալ եկեղեցի,
գուցե Սուրբ Հաղորդություն ստանալու ալնկալիքով, չգիտեմ, սակայն երբ վարագույրը փակ է տեսնում, տրտմում է:
Մի աղջիկ նույնիսկ լաց եղավ մի անգամ, երբ իմացավ, թե Սուրբ Հաղորդություն չի լինելու, տրմադրված էր եկել:
Ի՞նչ իմանանք, գուցե դա էլ արթնության կոչ էր այդ աղջկա համար: Երբեք չհետաձգենք եկեղեցի գնալը, հատկապես` Պատարագը:
 
Ամեն տարի կրկնվող եկեղեցական տոներն ու խորհուրդները գալիս են մեզ սովորեցնելու, կրթելու, դաստիարակելու, տանելու դեպի ինքնաքննության,
զղջումի և ապաշխարության: Ինչպես որ Սուրբ Խորանի Սուրբ Սեղանը
վարագուրվեց այսօր, այնպես էլ մենք փակենք մեր սրտի, մտքի, աչքի ու ականջի վարագոյրը` աշխարհի ունայնության,
հաճույքի, վայելքի և ցանկության առջև, որպեսզի Մեծ Պահքի ապաշխարության ճշմարիտ ճանապարը տեսնենք և
արժանանաք գալիք մեծ պարգևին` Սուրբ Հարության Տոնին:
Փորձենք այսօր Աստծո օգնությամբ հիշել և աղոթել այն մարդկանց համար,
որոնց հետ հաշտ չենք կամա թե ակամա: Մտածենք, որ, գուցե վաղը արդեն
ուշ կլինի հաշտվելու համար: Մեր պահքի և ապաշխարության օրերը արժևորվում
են նաև մերձավորների հետ հաշտվելու կարողությամբ:
 
Ինչպես ասում են`բոլոր դռները բացվում են, մեկը` դուրս, մեկը` ներս, մեկը բացվում է անմիջապես թակելուց հետո, մեկը`երկար թակելուց, մի դուռը
երկաթից է, մյուսը` փայտից… Մի խոսքով բոլոր դռներն էլ բացվում են Աստծո միջամտությամբ և օժանդակությամբ` Խնդրելու դեպքում: Փառք Աստծո:
Կարևորը նպատակն է: Եթե երբևէ չես պահել պահք, սիրելի ընկեր ու բարեկամ, սկսիր այս տարի, առանց վախենալու որ կձախողես, կմոռանաս, կամ անզոր ես:
Աստված չի նայում, թե դու ի՞նչ կերար: Աստված նայում է թե դու հանուն ինչի՞ չկերար:
Եթե քո նպատակը Քրիստոսին միանալն է, ուրեմն պայքարիր արյուն թափելու չափ: Ոչ մի լավ բահ ձրի չի տրվում:
Բոլոր զենքերը ունենք հոգևոր պայքար մղելու, ուրեմն առաջ և միայն առաջ հոգևոր կյանքում:
 
Ավետարանն է փաստում այս մասին.
«Պատմուե՞ց քեզ, ո՛վ մարդ, թէ ի՛նչ է բարին եւ ի՞նչ է ուզում քեզնից Տէրը. իրաւունք հաստատել,
ողորմութիւն սիրել եւ պատրաստ լինել քո Տէր Աստծու յետեւից գնալու»։ Միքիա 6:8
«Քո Տէր Աստծուն պիտի սիրես քո ամբողջ հոգով, քո ամբողջ էութեամբ ու
քո ամբողջ ուժով։ Այս պատգամները, որ այսօր հաղորդում եմ քեզ, կը պահես
մտքիդ ու հոգուդ մէջ։ Դրանք կը հաղորդես քո որդիներին եւ դրանց մասին կը խօսես,
երբ տանը նստած ես, ճանապարհ գնալիս, պառկելիս ու վեր կենալիս։
Դրանք որպէս նշան կը կապես քո ձեռքին, որ մնան անշարժ քո աչքերի
առջեւ, դրանք կը գրես քո տների մուտքին ու դռների վրայ»։Բ.Օր 6:5