Վարդանանք իրենց մահով փրկեցին հայ ժողովրդին հավատափոխությունից:

Այսօր մեր եկեղեցին տոնում է Սուրբ Վարդանանց զորավարների և
զորքի 1036 քաջերի նահատակության հիշատակը: Բոլոր եկեղեցիներում
կմատուցվի Սուրբ Պատարագ: Նրանք, որոնք հանգամանքների բերումով
նախորդ կիրակի օրը չէին մասնակցել Պատարագին և չէին Հաղորդվել,
կարող են օգտագործել այս լավագույն առիթը, քանի որ կիրակի օրը արդեն
Բուն Բարեկենդանի Պատարագն է փակ վարագույրով: Սբ. Հաղորդություն չկա.
 
Գարեգին, Արտակ, Հովսեփ, Ղևոնդ, Խորեն, Տաճատ, Արսեն, Վահան…,և1036- ի
անուն ազգանունը կրող հայորդիներին շնորհավորում եմ իրենց անվանակոչության տոնի առթիվ:
Սուրբերի բարեխոսությունը և Վարդանանց աննկուն հոգին թող ոգևորի ձեզ փորձության
ժամին տալու նույն պատասխանը հավատի մեջ անսաան մնալու համար:
 
Վարդանանց հերոսամարտի պատմությունը գրել է Եղիշե պատմիչը, որ մասնակիցն էր Ավարայրի ճակատամարտի:
Նա հասկանում էր, որ շատ կարևոր իրադարձությունների ականատեսն է և որ կատարված կարևոր դեպքերի
մասին պետք է իմանան բոլոր նրանք, ովքեր կծնվեն շատ տարիներ և դարեր անց, որպեսզի նմանվեն Վարդանանց հերոսներին:
Սուրհանդակը Հայաստան բերեց Հազկերտի հրովարտակը, որում
ասվում էր, որ հայերը՝ նախարարական և իշխանական ընտանիքներով, իրենց ենթակա շինականներով, մեծով ու փոքրով,
հոգևորականներով և զինվորականներով, պետք է հրաժարվեն քրիստոնեական հավատից և ընդունեն զրադաշտությունը,
այսինքն՝ արևի և կրակի պաշտամունքը, և դառնան կրակապաշտներ:
 
Վարդան զորավարը և Հովսեփ կաթողիկոսը բոլորի հետ միասին ժողով արեցին և ուղարկեցին իրենց պատասխանը պարսից արքային.
«Այս հավատից մեզ ոչ ոք չի կարող խախտել, ո՛չ հրեշտակները և ո՛չ մարդիկ, ո՛չ սուրը և ո՛չ հուրը, ո՛չ ջուրը և ո՛չ էլ այլ դառն հարված»:
Երբ արեգակը մայր մտավ, հայ հոգևորականները սկսեցին մկրտել բոլոր չմկրտվածներին: Ողջ գիշեր բոլորն աղոթեցին և օրհնեցին Աստծուն:
Ապա երդվեցին հավատարիմ մնալ սուրբ Եկեղեցուն և չխնայել նույնիսկ իրենց կյանքը: Այդ երդումի մեջ գրեցին.
 
«Որպես մեր հայր` Սբ Ավետարանն ենք ճանաչում և մայր՝ Առաքելական Սուրբ Եկեղեցին»:
Հետո իրենց երդման գիրը կնքեցին, դրեցին Ավետարանի մեջ և հանձնեցին Հովսեփ կաթողիկոսին:
Անհավասար այդ կռվում ընկավ Վարդանը հայոց բանակի 1036 քաջերի հետ:
Վարդանանք իրենց մահով փրկեցին հայ ժողովրդին հավատափոխությունից:
 
Մեր Եկեղեցին հատուկ տոներ է սահմանել ի հիշատակություն Վարդան զորավարի,նրա 1036 զինակիցների և Ղևոնդյանց քահանաների:
Քանի որ մեզանից շատերը կոչվում են Վարդանանց հերոսների անուններով`հետևաբար Վարդանանց տոնը նաև մեր անվանակոչության տոնն է:
Հայոց Եկեղեցին Վարդանանց տոնը նշում է Մեծ Պահքին նախորդող, այսինքն՝ Բուն Բարեկենդանի կիրակիին նախորդող հինգշաբթի օրը:
Թեև Ավարայրի հերոսամարտը և Վարդանանց նահատակությունը տեղի է ունեցել մայիսին, սակայն մեր Եկեղեցու հայրերի իմաստուն
տնօրինությամբ Ղևոնդյանց և Վարդանանց տոները կատարվում են Մեծ Պահքին նախորդող շաբաթվա ընթացքում, որպեսզի
Վարդանանց հոգով զորացած՝ հայ հավատացյալները մտնեն Մեծ Պահքի շրջանը: