«Արդ, կատարեա՛լ եղէք դուք, ինչպէս որ ձեր երկնաւոր Հայրն է կատարեալ»։ Մատթ. 5:48

Կատարելագործվելու ընդունակ է յուրաքանչյուր մարդ արարած երեք միջոցով` ֆիզիկական, բարոյական և մտավոր: Մարդու եռորակ կատարելությունը կոչվում է լուսավորություն, որն էլ հետևանք է դաստիարակության: Լուսավորված մարդու նշաններն են ներդաշնակությունը և չափը: Մեր սեփական օգուտն ըմբռնելով, մենք պետք է ջանանք մեր կյանքը ենթարկել որոշ կանոնների, միշտ հսկելով և զսպելով մեզ: Մեր կյանքը պիտի նմանվի մի հանգավոր ոտանավորի կամ երգի, և մեր ամեն մի շարժում և խոսք և մտածմունք լինի հանգավոր և չափավոր: Մենք այս բաները պետք է ստանանք դաստիարակությամբ, որի տարրերն են`կրոն, գեղարվեստ և գիտություն: Ի նկատի պետք է ունենանք, որ ամեն բան մեզ վրա տպավորություն է գործում, բնությունը, միջավայրը, մարդկանց շրջանը, ուսումը, այնպես որ դաստիարակությունն է մեզ վրա գործված տպավորությունը:
 
Բոլոր տպավորությունների մեջ ղեկավար ճարտարապետ պետք է լինեն հոգևորականները, մտավորականները, պետական անձիք, գեղարվեստագետները միահամուռ պետք է ջանան մարդկանց տանել դեպի կատարելություն դաստիարակության միջոցով ցանկալի ուղղությամբ: Կատարելությունը պետք է սկսել միաժամանակ և անհատից և ընդհանուրից, որովհետև անհատը ընդհանուրի համար է, իսկ ընդհանուրը`անհատի: Մարդկությունը նախիր չէ, այլ բաղկացած է գիտակից, ինքնուրույն, ինքնավար անհատներից, որոնց մեջ պետք է հիմնավորել ինքնակատարելագործման ձեռներեցությունը: Քրիստոս եկավ անհատն ազատագրելու, որով ընդհանուր մարդկությունը փշրեց ստրկության շղթաները:
 
Ինչ սքանչելի պատկեր է. հովիվը թողնում է իննսուն և ինն ոչխարը և գնում է որոնելու մոլորված մեկ ոչխարին և երբ գտնում է, դնում է իր ուսի վրա, բերում և խնդությունից հրավիրում էիր բարեկամներին` ուրախանալու: Հայրը անառակ որդու դարձի գալու առիթով մորթում է պարարտ եզը և խնջույք սարքում: Քրիստոս մարդկանցից վռնդված բորոտին ձեռք է տալիս և բժշկում: Նույն Քրիստոս աշակերտներին պատվեր է տալիս թե` գնացեք քարոզեք Ավետարանը ընդհանուր աշխարհին: Քրիստոս քարոզում էր ժողովրդի բազմության, բայց առանձին բացատրում էր ամեն բան աշակերտներին, որովհետև այդ ընտրյալ անհատների զարգացումը կարևոր էր հանրության համար: Հրապարակներում սովորեցնող Հիսուսը`առանձին զրուցում էր Նիկոդեմոսի և Սամարացի կնոջ հետ`անհատը փրկելու համար: Ուրեմն նա նվիրված է և ընդհանուրին և անհատին: Ուրեմն աշխատեք ձեր անհատական կատարելության համար այն համոզմունքով, թե դա հանուր մարդկության օգտին է: Ընդհանուրը նպատակ ունենալով մենք պետք է անհատներ որսանք, որոնց կատարելության հասցնելով մակարդենք բոլորին, ինչպես
 
Հիսուս Քրիստոս որոշ թվով ընդունակ աշակերտներ կրթելով, նրանցով հեղաշրջեց մարդկության բարոյական աշխարհայացքը: Քրիստոս որ ասում էր ձեզնից մարդկանց որսորդներ եմ պատրաստելու, նրա բուն նպատակն էր ընդհանուրը: Հիշիր որ քո հասարակական պարտքն է քո անձի և քո ընտրած գործի կատարելագործումը, որովհետև դու մասն ես ընդհանուրի: Յուրաքանչյուր անհատ ինքն էլ ինքնակրթությամբ պետք է պարապի: Գնում ես հասարակաց աղոթքի եկեղեցի, հաճությամբ քարող ես լսում, ուրեմն անձնապես էլ պարտավոր ես ամեն օր Սուրբ Գրքից խոկալով կարդալ: Նույնը վերաբերում է դպրոցին, համալսարանին, գիտության տիրանալուն, անպայամն պիտի առանձնակի ինքնաշխատությամբ էլ շատ բան ձեռք բերես, քո ինքնուրույն անհատականությունը զարգացնելու համար:
 
Այցելում ես Մատենադարան, ընթերցասրահներ, պատկերասրահներ, թանգարաններ, գովելի է, բայց ինքդ էլ ուեցիր սեփական գրքեր, նկարներ, և այլն: Համերգ ես գնում, փորձիր ինքդ էլ երգել սովորել: Ծաղիկ ես սիրում, ինքդ էլ ունեցիր ծաղկանոց: Կրոնով կլինես բարոյական, առաքինի, գեղարվեստով`կլինես ճաշակավոր, հանգավոր և չափավոր մարդ: Գիտություններով կլինես լուսամիտ մարդ: Մարմնամարզությունը, սպորտը, ֆիզիկական աշխատանքը, կեր ու խումի, քնելու չափավորությունը քեզ կդարձնեն երկաթի պես քաջաառողջ ու երկարակյաց: Վերոհիշյալների հանրագումարը քեզ կդարձնի կատարյալ, դու կլինես պիտանի քեզ և քո մերձավորին: Սա է տիպար կյանքը և կատարելությունը. Հիշիր, որ Հայր Աստված է մեր իդեալը: Ինչ վեհ խորհուրդ:
Նիկողայոս Վարդապետ Տեր- Ավետիքյան 1918թ