«Քահանայությունը եկեղեցու աղոթող բերանն է». Շնորհք Պատիրարք Գալուստեան

Այսօր մեր եկեղեցին տոնում է Սուրբ Ղևոնդյան քահանաների անմահ հիշատակը: Նրանց հիշատակը տոնվում է Բուն բարեկենդանին նախորդող երեքշաբթի օրը` Վարդանանց տոնից երկու օր առաջ : Մեր Եկեղեցին սրբացրել է Ղևոնդյանց քահանաներին և Ղևոնդյանց տոնը հայ քահանայական դասի տոնն է: Նրանց հիշատակի օրը Հայ Առաքելական Եկեղեցում ավանդաբար քահանայական ձեռնադրություն է կատարվում:
«Քահանայությունը եկեղեցու աղոթող բերանն է». ասում է մեր շատ սիրելի
Շնորհք Պատիրարք Գալուստեանը, և մենք համաձայն ենք նրա հետ:
 
Քահանայական դասի սիրելի հոգևորականներ, մեր Եկեղեցու սյուներ,
Աստծո խոսքի թարգմանիչներ և մեր հոգիների խնամակալներ. ուրախ սրտով շնորհավորում ենք ձեզ Ղևոնդյանց քահանաների տոնի առթիվ: Թող Աստված օգնի ձեզ, որ դուք էլ Ղևոնդ երեցի հոգով ներշնչված խանդավառեք և ոգեշնչեք մեր եկեղեցու զավակներին մարտնչելու ի սեր Քրիստոսի, ի սեր Եկեղեցու, և հանուն հայրենիքի: Դո՛ւք, որ հանձն առաք Ավետարանի քարոզությունը ի սեր Աստծո, բարձր պահեք Քրիստոսի խաչը, որպեսզի մեր տեսադաշտից չանհետանա խաչի պատկերը: Դո՛ւք, որ հանձն առաք Քրիստոսին խոստովանել մարդկանց առաջ, թող Աստված զորացնի ձեզ և հաստատ պահի յուրաքանչյուրիդ ձեր կարգի մեջ:
Ղևոնդյանների մեջ ձե՛զ փնտրում, գտնում, զորանում և մխիթարվում ենք:
Միշտ առողջ եղեք և մեզնից անպակաս: Մենք ձեր հոգևոր հացի և աղոթքի կարիքն ունենք անդադար, այնպես, ինչպես դուք մեր աղոթքի կարիքն ունեք:
Փառք Աստծո, որ մեր կողքին ունենք ձեզ: Շնորհակալություն ձեզ: Մեր աղոթքն ու փափագն է, որ Աստված անսասան պահի մեր եկեղեցին ու մեր հավատքը:
Ինչպես ասում են. «Անգետ հավատացյալը հմուտ հոգևորականի ձեռքում նույնն է, ինչ որ անմշակ փայտը հմուտ հյուսնի ձեռքում»: Ընդհանուր տոնից զատ,
իմ սրտում փառք եմ տալիս Աստծուն այն քահանաների համար, որոնք իմ և իմ ընտանիքի կյանքում հոգևոր հեղաշրջում կատարեցին: Նրանք իմ աղոթքներում են անվերջ,
ես ապահով եմ զգում ինձ նրանց ներկայությամբ:
Շնորհավորում եմ նաև Ղևոնդ, Հովսեփ, Խորեն, Աբրահամ անուն ազգանունը կրող բոլոր հայորդիներին, իրենց անվանակոչության օրվա առթիվ: Իրենց անվան Սրբերի բարեխոսությամբ թող զորանան և սրբերի հիշատակը հավերժացնելու համար, նրանց պես դավանեն սրտով, խոստովանեն լեզվով, եթե պետք լինի չարչարվեն մարմնով հանուն Քրիստոսի: