Ի՞նչ է կեղծավորությունը և ո՞վ է կեղծավորը:

Կեղծավորությունը ընթացիկ մեղքերից մեկն է, որին ենթական են հավատացյալները` մանավանդ` մարմնավոր հավատացյալները: Մենք շատ սխալ բաներ ենք անում, որովհետև չգիտեն նրաց սխալ լինելու մասին: Հետևաբար հոգևոր գիտությունը շատ կարևոր է հոգևոր կյանք ապրելու համար: «Եթէ դուք իմ ուսուցմանը հաւատարիմ մնաք, իմ ճշմարիտ աշակերտները կը լինէք։ Եւ կը ճանաչէք ճշմարտութիւնը, եւ ճշմարտութիւնը ձեզ կ՚ազատի»։ Հովհ. 8:32
Սակայն ճշմարտությունը լսել, սովորել, իմանալ` բայց շարունակել այն անտեսել` ուղղակի ապստամբություն է: Տիրոջ խոսքը հաստատում է առաքյալը` ասելով.
«Խօսքը կատարողնե՛ր եղէք եւ ոչ թէ միայն այն լսողներ համարեցէք դուք ձեզ.
քանի որ, եթէ մէկը միայն լսող լինի խօսքը եւ ոչ կատարող, նա նման է մի մարդու, որ ակնապիշ դիտում է հայելու մէջ իր բնական դէմքը»։ Հակ.1:22
 
Ո՞վ է կեղծավորը: Կեղծավորը մեկն է, որ լավ, անմեղ, կրոնասեր, առատաձեռն, բարեպաշտ լինելու տպավորություն է փորձում թողնել, բայց իրականում այդպիսին չէ: Հոգևոր դաշտում կեղծավորը նա է, որը իրեն հոգևոր ու աստվածավախ, աղոթող ու ողորմած է ցույց տալիս, սակայն իրականում այդպիսին չէ: Որեմն կեղծավորը այն է, որ չեղածը եղած է ցույց տալիս: Ավետարանի մեջ Տերը բավական օրինակներ տվեց այս մեղքի վերաբերյալ, ինչպես հրապարակային աղոթքի, ցուցադրական ողորմության, այնպես էլ եղբոր աչքի շյուղը տեսնել և չտեսնել իր աչքի գերանը:
Նպատակը լավ է արարքների` աղոթքի, ողորմության, նկատողության, բայց անելու ձևը խրախուսելի չէ: Սա կեղծավորություն է: Փարիսեցիները կենդանի պատկերներ էին կեղծավորությունը ցույց տալու համար: Մեր տերը չէր հանդուրժում կեղծավորությունը: Նրանց կոչում էր կույր առաջնորդներ, հիմարներ, օձեր, իժերի ծնունդներ, նրանց նմանեցնում էր սպիտակեցրած գերեզմանների, որոնք արտաքինից գեղեցիկ են, սակայն ներսից մեռելների ոսկորներով լեցուն են: Երբ անապաշխար մեկը ջանում է հոգևորի տպավորություն թողնել, դա կեղծավորություն է: Երբ մարմնավոր հավատացյալը ձգտում է հորևոր երևալու, դա էլ կեղծավորություն է:
 
Կեղծավորը մեկն է, որ չունեցածը ունեցածի պես է ցույց տալիս, և ունեցած հանցանքն էլ` չունեցածի պես: Այսինքն, ինչ որ պատահում է, երբ ճշմարտությունը կամ իրականությունը փոխվում է, դա կեղծավորություն է: Նույնիսկ բառերը, որոնք կարող են մեկից ավելի նշահակություն ունենալ, և դրանք ասվում են դիմացինին շփոթեցնելու համար` կեղծավորություն է: Կեղծավորությունը անպարկեշտություն է: Ուրեմն մեր խոսքերը այնքան թափանցիկ պետք է լինեն, որ միայն մեկ բան նշանակեն, երկրորդ նշանակություն պետք չէ որ ունենան: Իսկ եթե երկու նշանակություն ունի մեր արտաբերած որևէ բառ, ուրեմն պետք է հստակեցնենք մեր ասելիքը, որպեսզի հասկանալի դառնա, թե ինչ էինք ուզում ասել այդ խոսքով: Իսկական հավատացյալը աշխարհի կողմից գնահատվելուց առավել` աշխատում է Աստծուց գնահատվել: Ուշադրություն դարձնենք մեր խոսքերին, ու մեր գործերին: Մեր խոսքերն ու գործերը թող բխեն մաքուր սրտից, դիմացինի սրտում կասկած չթողնելու համար: Սրա, նրա աչքը մտնելու համար խուսափենք շողոքորթելուց, գովելուց: Գովել մեկին` իմանալով, որ արժանի չէ` կեղծավորոություն է: Մեր բոլոր խոսքերը և գործերը թող Քրիստոսի փառքին ծառայեն: Աստված է կարդում մեր սրտերն ու մտքերը և գործերը մանրամասնությամբ: Եվ մի օր պատասխան ենք տալու Քրիստոսի Ատյանի առջև:
«Գործնական քրիստոնեություն» գրքից