Այսօր վերջին կիրակին է բաց վարագույրով Պատարագի. Նժարի վրա դիր` Պատարա՞գ, թե`գործեր.

Թող բարի լինի մեր կիրակին, որ կոչվում է Տերունական օր, ինչպես որ բարի է աստվածադիր յուրաքանչյուր օր:
Երախտապարտ ենք Աստծուն շաբաթվա բոլոր օրերի համար: Այս կիրակի վերջին անգամ է բաց վարագույրով Պատարագ լինելու:
Հաջորդ կիրակի`Բուն Բարեկենդանի Պատարագը արդեն փակ վարագույրով կլինի:
Ասել է թե մեղքերի խոստովանություն չի լինի` Սուրբ Հաղորդություն չի լինի:
Հետևաբար այս շաբաթ առավել զգուշությամբ, երկյուղով և պատրաստակամությամբ
նախապատրաստվենք մեծ պահքի քառասուն և ութ օրերի ոսկյա շղթայի մեկ հատիկը լինելու համար:
Հետևենք մեր եկեղեցու հայրերի հաստատած կարգ ու կանոնին, նրանք ապրել են ու զգացել են,
որ առանց Ավետարանի ճշմարտության մարդը իր ողջ կյանքը երկմտանքի մեջ է ընտրության հարցում:
Իսկ մեր մեջ բնակվող չաը միշտ ընտրել է տալիս վատագույնը, որպեսզի կործանի մեզ:
Դրա վառ ապացույցը մեր աչքի առջև է ամեն կիրակի` ընտրություն` Պատարագ գնալու և մեր քնի ու կենցաղային գործերի միջև:
Խոսքը կարևոր և անհետաձգելի գործերի մասին չէ, այլ…Այսինքն պատճառի մասին չէ, այլ պատճառաբանության, որ միշտ ունենք:
 
Արթնացա՞նք առվոտյան, ընտրենք մեզ համար լավագույն տարբերակը…
1 Փառք տանք Աստծուն, որ արթնացանք և նախապատրաստվենք
Պատարագ գնալու: Ծանոթանանք օրվա ընթերցվածքին, և գնանք եկեղեցի:
կամ
2 Քնենք, քանի որ մեր հանգստյան օրն, տանն էլ կարող ենք աղոթել.
Կենցաղային գործեր, հյուրասիրություն կամ հրավերք ունենք,
Չենք կարողանում կտրվել համակարգչից, և ուշանում ենք Պատարագից:
Ոչինչ, քնենք, մյուս կիրակի կգնանք, ի՞նչ տարբերություն:
Սրանք այն հարցերն են, որոնք ամեն կիրակի մեզ երկմտության առջև են կանգնեցնում մեր մեջ բնակվող չարի միջոցով:
Մեր կյանքում երբեք չմոռանանք արժեքները նժարին դնելու մեր
կարևոր պարտականությունը և ընտրելու լավագույնը, ինչը բխում է մեր հոգևոր շահերից:
Աստված ընդառաջ է գալիս մեզ, մեր մեկ քայլի դեպքում:
Փառք, պատիվ, երկրպագություն և գոհություն Ամենասուրբ Երրորդությանը`
Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և հավիտյան: