Առաջնորդի կոչումն է Քրիստոսի հոգին ընձեռել հոտին հարատև քարոզությամբ:

Յուրաքանչյուր գրագետ պիտի իր համար կենսական պահանջ դարձրած լինի մինչև իր վերջին շունչը կարդալ Սուրբ Գիրքը և խոկալ, այլև կարդալ ուրիշների համար, այլև հորդորել ուրիշներին նույնն անել, կարդալ ընտանիքներում, դասարաններում, խմբված մարդկանց մեջ, մեկնել, բացատրել: Աշխատել Սուրբ Գիրքը տարածել վաճառելով, նվիրելով, հորդորելով գնել տալ և այլն: Ամեն քրիստոնյա ամեն վիճակում պարտավոր է քրիստոնեության քարոզիչ լինել իր Օվսաննային, պարտավոր է իր քրիստոնեական հոգին ներշնչել, հաղորդել, հաստատել և ուրիշների մեջ: Ապա որչափ ծանր ու պատասխանատու է քրիստոնեական պաշտոնակատարների պարտքը, այսինքն ուսուցւչների, քահանաների, վարդապետների, առաջնորդների և կաթողիկոսի. չէ որ դրանց կոչումն է Քրիստոսի հոգին ընձեռել հոտին հարատև և կանոնավոր քարոզությամբ, ընդհանրական թղթերով, Սուրբ Գիրքն աշխարհաբար վերածելով և բյուրավոր օրինակներ տպել տարածելով: Սուրբ Գրքի անընդհատ ընթերցանության հակումը, սերը, ունակությունն ուղ և ծուծ, արյուն պիտի դառնա յուրաքանչյուր անհատի համար: Բավական չէ այն ծանոթությունը, որ աշակերտները ստանում են դպրոցում սրբազան պատմության դասերից, այլ անհրաժեշտ է բուն բնագրից` Աստվածաշունչից ամեն օր մի փոքրիկ կտոր կարդալ աշակերտներին, կամ նրանցից մեկին կարդալ տալ, մյուսները ունկնդրեն: Սուրբ Գրքի շնորհքը, զորությունը անհուն է, նա իր պետք եղած տպավորությունը կանի, միայն թե նրան լսեն, կարդան: Յուրաքանչյուր տան ընտանիքում պիտի գտնվի Սուրբ Գիրք և անպատճառ ամեն օր նրանից մի գլուխ պիտի կարդացվի ի լուր ամենի: Նույնը պիտի անեն քահանաները, քարոզիչները եկեղեցիներում, ուրիշ է քարոզի ազդեցությունը, ուրիշ է պարզ Սուրբ Գրքի ընթերցանության տպավորությունը: Միմիայն այս միջոցներով կարելի Քրիստոսի հոգին հաստատել և ամրացնել հավատացյալի մեջ, անդադար սնուցելով մեր հոգին Սուրբ Գրքով, մենք կլինենք իսկական, ճշմարիտ քրիստոնյա, Քրիստոս, նրա հոգին կբկնակի մեր մեջ, մենք կլինենք Նրանը, Նա կլինի մերը, ամեն ցավ, վիշտ մեզ համար վախճան կստանա և մենք կլինենք երջանիկ:
Նիկողայոս Վարդապետ Տեր- Ավետիքյան (Արարատ 1916)