Երեխայի մատղաշ սրտում կարելի է դրոշմել ամեն տեսակ առաքինություն:

Քրիստոնեական կրթությունը և դաստիարակությունը մանուկի հասակի համեմատ պիտի սկսվի ձևավորումից, ու հետզհետե պիտի անցնի գաղափարականին:
Նորածին մանուկի լանջից կախել խաչիկ, նրա օրորոցի վրա խաչակնքել քնեցնելիս, լողոցնելիս, ջուրն ածելիս, ասել Հիսուս Քրիստոս, նրա թաթիկներով նրա երեսին խաչակնքել և այլն, գեղեցիկ սովորություններ են: Երբ նրա լեզուն բացվում է, առաջինը պետք է սովորեցնել նրան «Հանուն Հոր» ասելը և երեսը խաչակնքելը:
Երբ նրա ոտքերը ամրանան, ու նա քաջաբար քայլի, պիտի տատիկի կամ մայրիկի
հետ եկեղեցի գնա: Չորս, հինգ տարեկան նա պիտի հոգևոր խոսքեր լսի, սուրբ խոսքերին և բառերին պետք է վարժվի, Հայր մեր և փոքրիկ աղոթքներ անգիր սովորի, մեր բարեպաշտ նախնիները այդպես էին անում, այդպես էլ պիտի շարունակել, երբ երեխան սկսի դպրոց հաճախել, նրա գրքերի, պայուսակի վրա
պետք է խաչի նշան կարել, ինչպես որ մինչև հիմա շատ գյուղերում շատ հոգածու մայրիկներ անում են:
Մյուս կողմից դեռ շատ վաղ, մանուկ հասակից, պետք է երեխային վարժեցնել գործնական կերպով ընդունելու Քրիստոսի հոգին` սեր, գութ, ողորմածություն, հեզություն, և խոնարհություն, դրա համար բազմաթիվ առիթներ կան առօրյա կյանքի մեջ, երբ նրա մատղաշ սրտում կարելի է անջնջելի դրոշմել ամեն տեսակ առաքինությունը: Օրինակ, սովորեցնել նրան իր մրգից, կամ մի համեղ պատառից բաժին տալ, կամ բոլորովին նվիրել մի ընկերոջ, կարոտի, հիվանդի, աղքատի, ներել և շուտ հաշտվել իրեն զարկող կամ որևէ կերպ նեղացնող, վշտացնող վիրավորող ընկերոջը: Սովորեցնել քաղցր վարվել և կերակրել փիսոյին, շնիկին, թռչնակներին. տանել ողորմություն տալ աղքատին. մեծերի հետ այցի գնալ չքավորների մոտ օգնությաուն տանելիս և հիվանդների մոտ նույնպես օգնելու կամ սփոփելու և այլն: Պատմել երեխաներին առաքինական, քրիստոնեական փոքրիկ զրույցներ, գնալ ուխտատեղեր, եկեղեցական հանդեսներին, մասնակցել երգչախմբերի խմբերին,և այլն: Այսպես դաստիարակելով, մանուկը երբ հասնի պատանեկական տարիքին, արդեն նա լավ նախապատրաստված պիտի լինի իր հոգևոր քաղցը հագեցնելու բուն քրիստոնեական աղբյուրի հավիտենական ակից, այն է Սուրբ ավետարանից, որ բովանդակ Քրիստոսի հոգին է:
 
Նիկողայոս Վարդապետ Տեր- Ավետիքյան: 1916.«Արարատ»
«Քրիստոսի հոգին» Մաս երրորդ