Իմաստություն տուր մեզ Տե՛ր, նոր շաբաթը սկսենք Քո՛ խոսքի համաձայն.

Փառք Աստծուն, որ արժանացանք այս առավոտ էլ վայելել Նրա ողորմության լույսը, որ ծագեցրեց մեզ`տկարներիս համար:
Լույս, որ երբեմն ինքներս ալարում ենք վառել մեր սրտում ու հոգում խաղաղ ապրելու համար: Գոհանանք շաբաթվա բոլոր օրերի համար,
քանզի նրանցից յուրաքանչյուրը էլ երբեք չի կրկնվի իր տվածով և վերցրածով: Մեզ մնում է վերցնել ամեն օրվա նեկտարը և հոգևոր մեղր պատրաստել:
Պահպանեց մեզ Տերը և արժանացրեց սկսել նոր շաբաթ`դարձյալ հարգելով մեր ազատ կամքը, սեփական ընտրությունը` դեպի Աստված ու բարություն,
թե՞ դեպի սատանա և չարություն: Սրբերից մեկն ասում է.
Այսօր սատանան իր մեծ չարությամբ ամենամեծ բարիքն է գործում աշխարհում, որովհետև այս ահավոր իրավիճակը տեսնելով`
բարեպաշտ մարդիկ ուրիշ բարեպաշտներին են մոտենում, և իրենց հոգևոր պայքարի մեջ մեկը մյուսին շարժառիթ է լինում:
 
Տեր Հիսուս Քրիստոս,Դու, որ մեզ բոլորիս սովորեցրիր ընդհանուր ու միաձայն աղոթել և խոստացար Քո անվամբ միաբանված երկու կամ երեք հոգու խնդրանքները շնորհել,
այժմ էլ հօգուտ Քո ծառաների կատարի՛ր նրանց խնդրանքները, մեզ շնորհելով այս ժամանակներում Քո ճշմարտության գիտությունը,իսկ հանդերձյալում՝
պարգևիր հավիտենական կյանք, որովհետև Դու բարերար ու մարդասեր Աստված ես, և Քեզ վայել են փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն։