Գոհություն և փառք Աստծուն նաև այս կիրակի օրվա համար:

Շնորհակալություն հայտնենք Աստծուն, Նոր տարվա առաջին ամսի 15 օրերի
ընթացքում մեր ձեռքբերումների համար: Մենք մասնակից եղանք մեր
Տիրոջ Սուրբ Ծննդյան և նրան հետևող տոներին: Մեր ձեռքբերումը այն
էր, որ այս տարի ուղղեցինք նախորդ տարվա սխալը` և Նոր տարին արժևորեցինք արդեն մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդով:
Արժևորենք նաև Տերունի օրը` Կիրակին, և այն նվիրենք Աստծուն: Գնանք եկեղեցի և անցած շաբաթվա գործած կամա թե ակամա մեղքերի
համար խնդրենք թողություն մեր Տիրոջից, ու թեթևացած վերադառնանք խաղաղություն բերելով մեզ հետ: Մեղքերից ազատված մարդը խաղաղ է, մխիթարված է, և ուրախ է…
 
Ամեն կիրակի Սբ.Պատարագի ժամանակ մենք հնարավորություն ունենք լսելու
այս հուսադրող և մխիթարող խոսքերը.
Խորհրդակատար Քահանան. (Գրաբար)
Ազատեսցէ եւ զձեզ մարդասէրն Աստուած եւ թողցէ զամենայն յանցանս ձեր, տացէ ժամանակ ապաշխարելոյ եւ գործելոյ զգործս բարիս:
Ուղղեսցէ եւ զառաջակայ կեանս ձեր շնորհօք Սուրբ Հոգւոյն, հզօրն եւ ողորմածն եւ նմա փառք յաւիտեանս. ամէն:
Դպիրներ.- Յիշեսջիր եւ զմեզ առաջի անմահ Գառինն Աստուծոյ:
Քահանան.- Յիշեալ լիջիք առաջի անմահ Որդւոյն Աստուծոյ:
 
(Աշխարհաբար)
Ձեզ նույնպես թող ազատի մարդասերն Աստված և թողություն տա
ձեր բոլոր հանցանքներին, տա ժամանակ ապաշխարելու և բարիքներ գործելու,
թող Հզորն ու Ողորմածն ուղղի նաև ձեր առաջիկա կյանքը Սուրբ
Հոգու շնորհներով և Նրան փառք հավիտյանս. ամեն։
Դպիրներ. Հիշի՛ր և մեզ Աստծու անմահ Գառի առջև։
Քահանան. Հիշված լինեք Աստծու անմահ Գառի առջև։
 
«Զղջումը պարզ խոստովանություն չէ, լաց ու ողբ չէ, քահանային մեղքերը պատմելը չէ, այլ կյանքի լիակատար փոփոխությունն է Աստծո խոսքի համաձայն:
Ճգնավորը նա չէ, ով անապատում է, այլ նա, ով ամեն օր շարժվում է դեպի մաքրություն, արդարություն և պարզություն, և դրանց կատարման համար չարչարվում է,
զսպում է իրեն, մինչև փոխվի ամբողջովին»:Պյոտր Մամոնով.