Շնորհավորում եմ իմ ազգի Մարիամ անուն կրող Քրիստոսի բոլոր աղախիններին`
իրենց անվանակոչության օրվա առթիվ: Թող Սուրբ Կույսի բարեխոսությամբ
Աստված շնորհի բոլոր կանանց` Աստվածամոր խոնարհությունը, հնազանդությունը, հեզությունը,
իմաստությունը, լռության առաքինությունը, և մնացած բոլոր աստվածային պարգևները:
Շտապեք ձեր դուստրերին (եթե մկրտված չեն) տանել մկրտության, որպեսզի նրանք էլ արժանանան
կրել Սուրբ Աստվածածնի չքնաղ անունը` Մարիամ, և Տիրամոր բոլոր տոներին
մաս ու բաժին ունենան եկեղեցու առատ օրհնություններից: Փառք Աստծո.
Այսօր մեր Եկեղեցին տոնում է Սուրբ Մարիամ Աստվածածնին վերաբերող յոթ տոներից մեկը, որը կոչվում է գյուտ տուփի:
Տոնի անվանումը արդեն ցույց է տալիս, որ Սուրբ Կույսը այնքան սիրելի, գնահատելի և ընդունելի է,
որ Եկեղեցին հիշատակվում է նաև նրա տուփի գտնվելու օրը: Աստվածամայրը, հիրավի, ամենամեծ բարեխոսն է համայն
աշխարհի համար իր Որդու առջև: Նրա անունն անբաժան է Քրիստոսից Եկեղեցու պաշտամունքում և ճշմարիտ քրիստոնյաների սրտերում:
Նրա անվան հետ բազում հրաշքներ և հայտնություններ են կապված, որոնց շնորհիվ մարդիկ ետ են կանգնել կորստյան ճանապարհից:
Հայ Եկեղեցում Աստվածամոր հիշատակին սահմանված է 7 տոն:
Հավատո հանգանակում Աստծո Որդու մարդացման հանդեպ մեր հավատը խոստովանելիս ասում ենք.
«Ծնվեց կատարելապես Սուրբ Կույս Մարիամից՝ Սուրբ Հոգով»:
Եկեղեցին սրբուհի Կույս Մարիամին Աստվածամայր է անվանում, որովհետև նա հղիացավ Սուրբ Հոգուց,
և նրանից ծնվեց Ինքն Աստված՝ Հոր միածին և փառակից Որդին՝ միավորված մարդկային բնությանը:
Եկեղեցու պաշտամունքի մեջ Աստվածամայրը ոչ միայն բոլոր սրբերից, այլև հրեշտակներից էլ բարձր է դասվում:
Նրան են նվիրված բազմաթիվ ներբողներ ու շարականներ, նրա բարեխոսությունը հայցելով է սկսվում պատարագի արարողությունը,
և բազում աղոթքներ անմիջականորեն ուղղված են նրան՝ որպես Աստվածորդուն ամենամերձ և իր գթառատությամբ
մեզ ամենից շուտ անսացող սուրբ անձնավորության: Աստվածամայրը զերծ էր թե՛ մահացու,
թե՛ ներելի մեղքերից, իսկ ադամական մեղքից սրբվեց ավետման պահին:
Տոնի մանրամասնության աղբյուրը` Սրբազան Ավանդություն.