Սրտնեղության մեջ փնտրիր օգնության ձեռք, ո՛չ թե մեղավոր…

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ


Հոգևոր քարոզներ 2018

Երբ Աստված տեսնում է իրականությունից ընկճված մի հոգի, որը ճշմարտության ճանապարհ է փնտրում, հայրաբար գրկում է նրան, և ժամանակավոր հանգրվանում է նրա սրտում: Մարդու սառած սիրտը հալչում է այդ ջերմությունից և սկսում է խորհել մի բաների մասին, որոնց մինչ այդ պահը երկրորդական էր համարում, սկսում է նկատել երևույթներ, որոնց երբեք ուշադրություն չէր դարձրել` ամեն օր տեսնելով հանդերձ: Մարդը սկսում է նկատել իր նմանին, որին չէր նկատում երբեմնի իր սրտնեղության պատճառով: Մարդն այդ պահից սկսում է վերլուծել իր կյանքը և տեսնում է իր մեղքի բաժինը անարդարության պատճառով հալածվելու մեջ, նաև իր բաժին մեղքն է տեսնում իրական կյանքի անտարբերության մեջ և այլն: Մարդը հավանում է իր այդ երանելի վիճակը և սկսում է ավելի ուժգին փնտրել ինչ որ բան, որը իրեն այդպես կյանքի է կոչել: Այդ փնտրտուքի պահին նրան նորից այցելում է Աստված, և բացում ևս մեկ լուսամուտ նրա հոգում, այս անգամ` Աստծուն փնտրելու ցանկության լուսամուտը: Մարդը առաջին անգամ կարդում է. «Փնտրեցեք և կգտնեք» պատգամը և ձգտում է դեպի աշխարհի մեջ մեկ ուրիշ աշխարհ` Աստված, Աստվածաշունչ և եկեղեցի: Մարդը մոռանում է իր տխուր կյանքը, սկսում է ճանաչել իրեն, որովհետև ճանաչել է Աստծուն, այնուհետև մարդը ապրում է խաղաղ ու համերաշխ Աստծու հետ, աստիճանաբար հարթելով խոչնդոտները Աստծո միջամտությամբ և նախախնամության շնորհիվ: Այսպես է Աստված գտնում Իրեն փնտրողին, տխուր սրտին, մխիթարության կարիք ունեցողին, լքվածին, որբին ու այրուն` եթե նրանք փնտրում են օգնության ձեռք, ոչ թե մեղավոր իրենց վիճակի համար: Սա իրականություն է, որ կարող է պատահել ցանկացած մեկի հետ, լինի քրիստոնյա, աթեիստ, հեթանոս, և այլն: Մեծ է Աստված և Նրա գործերը ամբողջությամբ հասկանալի չէ մեզ: Այդ պատճառով իմաստությունը պահանջում է Աստծո կամքին դեմ չգնալ այլ փնտրել Նրան և՛ տրտմության, և՛ ուրախության մեջ: Իսկ Աստծու մասին չմտածող ր նրան չփնտրող մարդու սիրտը չի հագենում ոչնչից, այդ պատճառով մարդը անվերջ փորձության մեջ է իր ապրած ողջ կյանքում: Չկա մի մարդ, որն իր նեղության և փորձության մեջ անմեղ լինի: Պատճառները շատ տարբեր են, մոտեցումները նույնպես տարբեր են, սակայն արդյունքը նույնն է` պարտություն` փորձության ժամին: Ինչու: Ծարավ կա մարդկանց հոգում, և մարդիկ կարծում են որ այդ ծարավը նյութական է, սակայն երբ ծարավը հագեցնում են նյութապես, տեսնում են որ դա չէր պատճառը իրենց փնտրտուքի: Ինչո՞ւ, որովհետև բոլորս էլ ճանաչում ենք մարդկանց, որոնք չեն հագենում փողի շատությունից: Ուրեմն ի՞նչն է պատճառը: Ստամոքսի դատարկությունը հագենում է սննդով: Մտքի դատարկությունը հագենում է գիտությամբ: Սրտի դատարկությունը հագենում է իրական սիրով: Միայն հոգին է որ փնտրում է Իր Տիրոջը` Աստծուն և չի հագենում, քանի դեռ չի գտել: Հետևաբար մինչև Հոգին չհանդիպի Աստծուն, մարդ արարածը ծարավ է զգալու ամենուրեք` թե հարստության մեջ, թե աղքատության մեջ, թե ամուսնական կյանքում, թե միայնակ ապրելիս: Տաճարը Տիրոջն է փնտրում, որպեսզի ներդաշնակվի նրա հետ: Ո՞ւմ է պետք այն Տաճարը, որտեղ Տերը չի բնակվում: Երբ մարդու հինգ զգայարանները չեն առնչվում աստվածային սրբությունների հետ, նրանք թերի են իրենց առաքելության մեջ: Աչքերը Սուրբ Գիրք պետք կարդան, ականջները պետք է Աստծու խոսքի ճշմարտությունները լսեն, շարական լսեն, հոտոտելիքը անուշաբույր խնկի հոտը պետք է զգա, Քրիստոսի բուրմունքը պետք է զգա ամենուր: Շոշափելիքով Սուրբ Ողջույնը միմյանց փոխանցեն, և վերջին զգայարանը, որ ճաշակելիքն է, Սուրբ Հաղորդությունը պետք է ճաշակի, որպեսզի կատարյալ միության մեջ լինի մարդ արարածը իր Արարչի հետ: Քանի դեռ այս բաները չենք գտել ու ճաշակել, լինելու ենք չհագեցած, տխուր, տրտում, հուսահատ, մոլոր: Փնտրենք երկնայինը երկրի վրա, դավանենք սրտով, խոստովանենք լեզվով, փաստենք գործերով: Մենք այսօր ունենք այդ հնարավորությունը առայժմ, գուցե գա մի օր, որ էլ չունենանք: Գուցե գա մի օր, որ փնտրենք Աստվածաշունչ գիրք` ընթերցելու համար և չգտնենք, կամ որևէ արգելանք լինի, ինչին տարիքավորները ականատես են եղել: Դրա համար փորձենք անգիր սովորել հատվածներ Աստվածաշնչից, որպեսզի երբ չունենանք, մեր մտքինը լինի մեր սեփականությունը: Մարդու ամենամեծ սեփականությունն է Աստծուն ունենալ իր սրտում:

Օրվա ընթերցվածք.

Ավետարան ըստ Մատթեոսի 19.13-26

13 Այն ժամանակ նրա մօտ մանուկներ բերուեցին, որ նրանց վրայ ձեռք դնի ու աղօթք անի. իսկ նրա աշակերտները սաստում էին բերողներին: 14 Յիսուս ասաց. «Թո՛յլ տուէք այդ մանուկներին եւ մի՛ արգելէք, որ նրանք ինձ մօտ գան, որովհետեւ երկնքի արքայութիւնը այդպիսիներինն է»: 15 Եւ նրանց վրայ ձեռք դրեց ու այդտեղից գնաց: 16 Եւ ահա մէկը, մօտենալով նրան, ասաց. «Բարի՛ Վարդապետ, ի՞նչ բարիք գործեմ, որ յաւիտենական կեանքն ունենամ»: 17 Եւ նա նրան ասաց. «Ինչո՞ւ ես ինձ բարու մասին հարցնում. մէկ է բարին. եթէ կամենում ես յաւիտենական կեանքը մտնել, պահի՛ր պատուիրանները»: 18 Նա ասաց՝ որո՞նք: Յիսուս նրան ասաց. «Մի՛ սպանիր, մի՛ շնացիր, մի՛ գողացիր, սուտ մի՛ վկայիր, 19 քո հօրն ու մօրը մեծարի՛ր եւ քո ընկերոջը քո անձի պէս պիտի սիրես»: 20 Երիտասարդը նրան ասաց. «Այդ բոլորը իմ մանկութիւնից ի վեր պահել եմ. արդ, էլ ի՞նչ բանով պակաս եմ դեռ»: 21 Յիսուս նրան ասաց. «Եթէ կամենում ես կատարեալ լինել, գնա վաճառի՛ր քո ունեցուածքը ու տո՛ւր աղքատներին. եւ երկնքում գանձեր կունենաս. եւ դու արի՛ իմ յետեւից»: 22 Երբ երիտասարդը այս խօսքը լսեց, տրտմած գնաց. որովհետեւ շատ հարստութիւն ունէր: 23 Յիսուս աշակերտներին ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ հարուստը դժուարութեամբ կմտնի երկնքի արքայութիւնը: 24 Դարձեալ ասում եմ ձեզ. աւելի հեշտ է, որ պարանը ասեղի ծակով մտնի, քան թէ հարուստը՝ Աստծոյ արքայութիւնը»: 25 Երբ աշակերտներն այս լսեցին, շատ զարմացան ու ասացին. «Իսկ ո՞վ կկարողանայ փրկուել»: 26 Յիսուս նրանց նայեց եւ ասաց. «Մարդկանց համար այդ անկարելի է, բայց Աստծոյ համար ամէն ինչ կարելի է»: