ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2018
Մի մատնիր ինձ, Տե՛ր, մեղքերի ցանկությանը, աչքերի քնին և մտքի ցանկությանը, այլ պարսպի՛ր երկյուղով և փրկի՛ր ամենահնար չար դևերից և աշխարհական զբոսանքներից:
Ե՛կ, Տե՛ր, փնտրելու մոլորվածիս, որ դեգերելով շրջում եմ Քո պատվիրանների հոտից դուրս, գազանաբեկ եղած և մեղքերով քարկոծված՝ վիրավորվում եմ դևերից. բռնիր և տար հայրենի փարախը և խառնիր Քո հոտի գառներին:
Թեթևացրո՛ւ իմ մարմնի կարիքները, առատացրու իմ մեջ Սուրբ Հոգուդ շնորհները՝ լինելու Քո Աստվածային կամքի տաճար և բնակարան, անհագ սիրով սիրելու Քեզ և ատելու ամենայն ցանկություն և այս աշխարհի սերը, որով եղավ հոգուս կորուստը և մահը:
Հալածի՛ր, Տե՛ր, իմ մտքի խորհուրդներից բոլոր չար երկրաքարշ մտածումները, բարիքների արմատն ամուր տնկի՛ր իմ սրտում և նկարի՛ր իմ հոգում շնորհների պտուղը:Երբ ճանապարհ ընկնեմ, ինձ մի՛ թողնիր մենակ, այլ առաքի՛ր իմ ետևից Քո օգնականությունը՝ օր ու գիշեր պահելով ինձ սատանայի բոլոր փորձություններից և իմ անկայուն ու թույլ մտքին մի՛ թող մեղանչել, այլ՝ լալ ու կոծել իմ մեղքերի և անօրենությունների համար:
Հետևի՛ր, Տե՛ր, Քեզանից ճողոպրողիս հետքին, արագապես փութա՛, հասի՛ր և բռնի՛ր Քո կանչի ձայնից ապստամբածիս և դի՛ր Քո Սիրո անխզելի կապանքների բանտը:
Եվ քանզի իմ ցնդած, պղտորված և ցնորված միտքը շրջում է երկրավոր կենցաղի հոսանքներում, Դու՛, Տե՛ր, լուսավորի՛ր հոգուս աչքերը՝ անզբաղ և աներկմիտ, արի և զգաստ ամենահորդոր փութով գալու Քո Աստվածային սիրո ետևից:
Բա՛ց, Տե՛ր, իմ սրտի աչքերը և լուսավորի՛ր Սուրբ Հոգովդ:
Պարգևի՛ր ինձ առողջ խորհուրդներ և առաքինի վարք, հանապազ ողբալ, ահ ու դողով ամեն ժամ անզբաղ մնալ Քո առջև: Նայի՛ր, Տե՛ր, իմ նեխած և թարախած հոգուն և լվա՛ Աստվածային ջրով: Համեմի՛ր հոգևոր աղովդ և օծի՛ր անուշահոտ Սուրբ յուղովդ և ընձեռի՛ր կատարյալ առողջություն:Պատսպարի՛ր ինձ, Տե՛ր, լեռան քարանձավում կամ անապատ վայրում, ուր և թո՛ղ առաջնորդի ինձ Քո ողորմությունը, որ հանդիպեմ Քո անվան մեծ փառքին, ստանամ Սուրբ Հոգուդ աղավնակերպ թևերը՝ թռչելու և բարձրանալու, խառնվելու արդարների երամին: Ամենամեծդ Աստված, բարեբանյալ ես Դու այժմ և հավերժության մեջ, Հոր և Ամենասուրբ Հոգուդ հետ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն.
Եփրեմ Խուրի Ասորի:
Օրվա ընթերցվածք.
Առակներ 29.2-7
Երբ արդարները գովասանքի են արժանանում, ուրախանում են ժողովուրդները. արդարները հեծում են ամբարիշտների իշխանութեան տակ: Իմաստութիւն սիրողը ուրախացնում է իր հօրը, մինչդեռ բոզարածը վատնում է նրա հարստութիւնը: Արդար թագաւորը բարձրացնում է իր երկիրը, իսկ անօրէնը կործանում է այն: Ով կռիւ է փնտրում բարեկամի դէմ, նա թակարդ է լարում իր ոտքերի համար: Մեղաւոր մարդու համար խիստ որոգայթ կլարուի, բայց արդարը պիտի լինի ուրախութեան եւ խնդութեան մէջ: Արդարը գիտէ տնանկներին իրաւունքով դատել, բայց ամբարիշտը խելամուտ չի լինում այն գիտենալու մէջ, իսկ աղքատն էլ իրաւախոհ միտք չունի:
Post Views: 1,653