Կռապաշտին հնարավորություն տրվեց դառնալ երանելի.

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ


Հոգևոր քարոզներ 2018

Աֆրիկյան մի երկրում կար մի մաքսավոր՝ Պետրոս անվամբ, նա երբեք չէր ողորմում աղքատներին և չէր հաճախում եկեղեցի, Աստծուց չէր վախենում և մարդկանցից չէր ամաչում: Բարեգութ Մարդասեր Աստված չցանկանալով մեղավորի մահը, այլ բոլորի փրկությունը, Պետրոսի հետ էլ վարվեց ըստ իր գթասրտության և փրկեց նրան հետևյալ կերպ:
Մի անգամ մի տեղ հավաքված աղքատները և թշվառները նստել էին փողոցում և գովաբանում էին ողորմածներին, իսկ անողորմներին վատաբանում: Երբ խոսքը վերաբերվեց Պետրոսին, բոլորը միահամուռ կերպով վկայեցին, որ նրանից ոչ ոք երբեք ողորմություն չի ստացել: Այնժամ մի աղքատ ասաց. «Ի՞նչ կտաք ինձ, եթե ես նրանից ողորմություն վերցնեմ»: Պայմանավորվեցին, և աղքատը
գնաց Պետրոսի դարպասների մոտ կանգնեց: Երբ մաքսավորը դուրս եկավ դարպասներից հացով բարձած լի սայլով, քանզի նաև մատակարարողն էր արքայական տան, այդժամ նրան մոտեցավ մուրացիկը և սկսեց համառորեն ողորմություն խնդրել և ամբողջ ճանապարհին գնում էր նրա հետևից և անդադար պաղատում: Եվ ցանկանալով ինչ-որ կերպ ազատվել այդ մուրացիկից, մաքսավորը մի հաց վերցրեց և զայրացած նրանով հարվածեց աղքատին, որը և վերցնելով հացը շտապեց իր եղբայրների մոտ:
Երկու օր անց Պետրոսը ծանր հիվանդացավ և մոտ էր մահվան: Եվ հանկարծ նա սկսեց տեսիլք տեսնել, որ իրեն խոշտանգում են դատաստանի ժամանակ և իր գործերը դնում են կշեռքին, մի նժարին դևերը դրեցին Պետրոսի բոլոր չար արարքները, իսկ մյուսին լուսավոր հրեշտակները դրեցին ընդամենը մի հաց, որ համառությամբ ստացել էր աղքատը և այնուամենայնիվ հացով նժարը ավելի ծանր եղավ: Այնժամ հրեշտակներն ասացին Պետրոսին.
«Եթե նույնիսկ մի փոքր ողորմությունն այսքան օգտակար է, ինչ առավել փրկարար կլինի մեծ ողորմությունը»: Այդ օրվանից Պետրոսը դարձավ մեծ ողորմած և նույնիսկ ինքն իրեն չխնայեց հանուն ողորմության: Նա բաժանեց իր բոլոր ունեցվածքներն աղքատներին, ազատ արձակեց ստրուկներին և թողեց միայն մեկին: Իսկ այս ստրուկին Պետրոսը կարգադրեց, որ ինչ պիտի կատարվի, թող գաղտնի մնա և ասաց. «Գնանք սուրբ քաղաք Երուսաղեմ, և այնտեղ ինձ վաճառիր որպես ստրուկ մի որևէ քրիստոնյայի, իսկ գումարը բաժանիր աղքատներին»: Շատ հակաճառություններից հետո ստրուկն այդպես վարվեց, և այն տունը, որտեղ Պետրոսը որպես ստրուկ մտավ, մեծ օրհնության արժանացավ Աստծո կողմից:
Երկար տարիների ծառայությունից հետո մի օր մարդիկ եկան Պետրոսի երկրից այդ տունը և ճանաչեցին նրան ու պատմեցին տան տիրոջը, թե ինչ մեծ մեկն է եղել Պետրոսն իրենց երկրում: Իսկ Պետրոսն իմանալով, որ գաղտնիքը բացված է, չնայած իր հանդեպ տան տիրոջ մեծ սիրո և հարգանքի, փախավ այդտեղից և իզուր փնտրեցին նրան: Շատերը վշտացան նրա համար, և փառք տվեցին Աստծուն իր ծածուկ ծառաների համար: Իսկ Պետրոսը փախչելով մարդկային փառքից, թաքնվեց անհայտ վայրերում մինչ Տիրոջ առջև իր երանելի հանդիսանալը
 
(Հոգեշահ գրքերից):

Օրվա ընթերցվածք.

Ավետարան ըստ Հովհաննեսի 6.39-47

Այս է կամքը իմ Հօր, որ ինձ ուղարկեց. բոլոր նրանք, ում Հայրն ինձ տուել է, նրանցից ոչ մէկին չկորցնեմ, այլ վերջին օրը յարութիւն առնել տամ նրանց: 40 Այս է իմ Հօր կամքը. ամէն ոք, ով տեսնի Որդուն եւ հաւատայ նրան, ունենայ յաւիտենական կեանք. եւ ես նրան վերջին օրը յարութիւն առնել տամ»: 41 Հրեաները տրտնջում էին նրանից, որովհետեւ ասել էր. «Ես եմ երկնքից իջած հացը»: 42 Եւ ասում էին. «Սա Յիսուսը չէ՞՝ Յովսէփի որդին, որի հօրն ու մօրը մենք ճանաչում ենք: Իսկ արդ, ինչպէ՞ս է ասում. “Ես երկնքից իջայ”»: 43 Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Մի՛ քրթմնջացէք իրար մէջ. 44 ոչ ոք չի կարող գալ դէպի ինձ, եթէ նրան չձգի Հայրը, որ ինձ ուղարկեց, եւ ես նրան վերջին օրը յարութիւն առնել կտամ: 45 Մարգարէների գրքերում գրուած է. “Եւ ամէնքը Աստծուց ուսանած կլինեն”: Ամէն ոք, որ լսում է Հօրից եւ ուսանում է, գալիս է դէպի ինձ: 46 Սակայն ոչ ոք Հօրը չի տեսել, այլ միայն նա, որ Աստծուց է, նա է տեսել Հօրը: 47 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ով հաւատում է, ունենում է յաւիտենական կեանքը: