Նեռի և նրա կնիքի` 666 ի մասին.

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ


Հոգևոր քարոզներ 2018

I986 թ. Չերնոբիլյան աղետից հետո, երբ վախճանաբանական խուճապ սկսվեց, Աթոսից մի վանական եկավ Աթենք` հայր Պորֆիրիոսի մոտ:
Ծերը խնդրի առնչությամբ ասաց.
-Ա՛յ զավա՛կ, այստեղ` աշխարհում, այս խոստովանահայրերն ի՜նչ են արել. Մարդկանց հոգիները հուզել են, 666-ի առնչությամբ ընտանեկան ու հոգեբանական բազում խնդիրներ ստեղծել: Մարդիկ չեն կարողանում քնել ու սկսել են հանգստացնող դեղեր ու քնաբերներ խմել, որ քնել կարողանան: Ի՜նչ բան է սա: Զավա՛կս, Քրիստոսն այդ բաները չի ուզում…
Երբ մեր մեջ Քրիստոսին ունենանք, մի՞թե նեռը կարող է գալ, հակառակորդ որևէ գոյություն կարո՞ղ է արդյոք մեր հոգու մեջ մտնել: Դրա համար էլ, զավա՛կս, այսօր մեր մեջ Քրիստոսին չունենք, ու դրա համար է, որ հակաքրիստոսի պատճառով անհանգստանում ենք: Երբ Քրիստոսը մեր մեջ է լինում, ամեն բան դրախտ է դառնում: Քրիստոսն ամեն ինչ է, և միշտ, տղա՛ս, այսպես ասա մարդկանց: Ու հակառակորդից մի՛ վախեցեք: Մի բան էլ ասեմ. եթե հենց հիմա նեռն անձամբ գար ու լազերի ճառագայթներով ինձ բռնությամբ 666–ով կնիք դրոշմեր, ես չէի վշտանա: Ինձ կասես` հա՛յր, բայց չէ՞ որ դա նեռի կնիքն է: Այո, բայց եթե լազերային ճառագայթներով հազար անջնջելի 666 էլ վրաս գրեր, չէի վշտանա: Ինչու՞:
Որովհետև, զավա՛կս, առաջին մարտիրոսներին գազանների առջև էին գցում, մարտիրոսները խաչակնքում էին, ու գազանները գառնուկներ էին դառնում: Մարտիրոսներին ծովն էին նետում, նրանք խաչակնքում էին, և ծովը հող էր դառնում, դրա վրայով քայլում էին: Մարտիրոսներին կրակի մեջ էին նետում, նրանք խաչակնքում էին, և հուրը ցող էր դառնում: Օրհնյա՛լ իմ զավակ, մենք այսօր ի՞նչ ենք դարձել. Քրիստոսին հավատու՞մ ենք, Խաչին հավատու՞մ ենք: Էլ ինչու՞ է Քրիստոսը երկնքից իջել: Չէ՞ որ իջել է մեր տկարությունը զորացնելու համար… Եվ դու ասա՛ մարդկանց, որ նեռից չվախենան. մենք Քրիստոսի զավակներն ենք, Ուղղափառ Եկեղեցու զավակները:
Ո՛չ, զավա՛կս, ո՛չ: Ավետարանի պատգամն այդքան չսահմանափակե՛նք: Քրիստոսը մեզ` մարդկանց պես նեղմիտ չէ.. Ո՛չ նեռից վախեցեք, ո՛չ էլ 666–ից:
Գիտեմ, որ նեռը պիտի գա, որ Տիրոջ երկրորդ Գալուստը պիտի տեղի ունենա, բայց երբ` չգիտեմ: Վա՞ղը: Հազար տարի հետո՞: Չգիտեմ: Բայց դրա համար չեմ անհանգստանում, քանի որ գիտեմ, որ յուրաքանչյուրիս համար Տիրոջ երկրորդ Գալուստը մահվան ժամն է: Եվ այդ ժամը շատ մոտ է:
Ոչ վախճանաբանությունը, ոչ նեռը, ոչ էլ նրա նշանները ձեզ թող չտառապեցնեն: Իմացեք, որ եթե մեր մեջ Քրիստոսին ունենանք, նեռը ոչնչով, անգամ ամենաչնչին բանով մեզ չի կարող վնասել: Էլ ինչու՞ է Քրիստոսը երկնքից իջել:
 
Թարգմանությունը հունարենից` Գ.Ղազարյանի

Օրվա ընթերցվածք.

Գործք առաքելոց 2.25-32
Ինքը Դաւիթը Յիսուսի մասին ասում է. “Նախապէս Տիրոջը ամէն ժամ տեսնում էի իմ առաջ, որովհետեւ նա իմ աջում է, որպէսզի չսասանուեմ.  դրա համար իմ սիրտը ուրախ եղաւ, եւ իմ լեզուն ցնծաց, եւ իմ մարմինն էլ պիտի ապրի յոյսով,  որովհետեւ իմ անձը գերեզմանում չես թողնելու եւ ոչ էլ թոյլ ես տալու, որ քո Սրբի մարմինը ապականուի.  ինձ ցոյց տուեցիր կեանքի ճանապարհները, քաղցրօրէն լցրիր ինձ քո ներկայութեան ուրախութեամբ”:  Ո՛վ եղբայրներ, պէտք է վստահութեամբ ասել Դաւիթ նահապետի մասին, որ ե՛ւ մեռաւ, ե՛ւ թաղուեց, ու նրա գերեզմանը կայ մեր մէջ մինչեւ այսօր.  բայց որովհետեւ նա մարգարէ էր եւ գիտէր, որ Աստուած նրան երդուելով խոստացաւ նրա որովայնի պտղից մէկին նստեցնել իր գահի վրայ,  ուստի կանխօրօք գիտենալով՝ խօսեց Քրիստոսի յարութեան մասին, թէ՝ “Նրա անձը գերեզմանում չթողնուեց, եւ ոչ էլ նրա մարմինը ապականութիւն տեսաւ”:  Այս Յիսուսին է, որ Աստուած յարութիւն տուեց, որին մենք ամէնքս վկայ ենք.