Մեզ համար խաչվող Աստված նույն դատաստան անող Աստվածն է.

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ


Հոգևոր քարոզներ 2018

Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետը իր ընդհանրական թղթում ասում է. «Խողովակի հոսող ջրի պես անմտաբար մի անցեք աղոթքի, սրբազան խոսքերի, և Ավետարանական ճշմարտությունների միջով, այլ հույժ ուշադրությամբ կարդացեք և ուղղեք ձեր խոսքերը Նրան, ումից ակնկալում եք ողորմություն»:
Անդրադառնանք մեզ և քննենք մեր անձերը, հիշենք մեր աղոթքները, մեր լսած քարոզները և հիշենք Աստվածաշնչից մեր կարդացած և մտապահած հատվածները: Միթե մենք էլ խողովակով հոսող ջրի պես անմիտ չենք անցկացրել մեր միջով մեր լսածն ու կարդացածը: Երբեմն մարդկանց հետ զրույցների ժամանակ պարզվում է, որ քրիստոնյա հավատացյալ մարդը Պատարագից դուրս գալուց հետո չի հիշում քարոզի նյութը, չի հիշում Ավետարանի օրվա պատգամը: Այսինքն չկա այն ուշադրությունը, որի մասին խոսում է Շնորհալի Հայրապետը: Մինչդեռ Սուրբ Գրքում Աստված Եզեկիել Մարգարեի միջոցով մեզ էլ է ուղղում Իր խոսքը, թե`«Եւ Տէրն ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, այն բոլոր խօսքերը, որ ասացի քեզ, ականջներո՛վդ լսիր ու սրտիդ մէ՛ջ պահիր։ Եւ գնա՛ ու մտի՛ր քո ժողովրդի գերեալ զաւակների մէջ։ Նրանց հետ կը խօսես ու կ՚ասես. «Այսպէս է ասում Տէր Աստուածը», լսեն նրանք, թէ չլսեն: Եզեկիել 3:10
Տերը Մարգարեին պատվիրում է խստությամբ, ժողովրդի մեջ մտնել և ասել այն խոսքերը որ Ինքն է պատվիրում, անկախ այն հանգամանքից, նրանք կլսեն, թե չեն լսի: Հստակ է Տիրոջ պատվերը Մարգարեին, եթե տեղյակ չպահես ժողովրդին, ինչ կպատահի քեզ հետ և եթե տեղյակ պահես ու նրանք քեզ չլսեն, ինչ կպատահի քեզ հետ: Ահա թե ի՛նչ է պատվիրում Տերը Մարգարեին և դնում է հստա՛կ պայմաններ պատգամը հայտողի և այդ պատգամը չլսողի համար:
 
«Մարդո՛ւ որդի, ես քեզ դէտ կարգեցի Իսրայէլի այդ տանը. դու ինձնից պատգամներ ես լսելու եւ իմ անունից սպառնալու ես նրանց։ Երբ անօրէնին ասեմ՝ ստոյգ պիտի մեռնես, դու այլեւս չես զգուշացնելու նրան, ոչ էլ ասելու ես անօրէնին, որ զգուշանայ, յետ դառնայ իր չար ճանապարհից ու ապրի։ Այդ անօրէնն իր անօրէնութեան մէջ է մեռնելու, եւ նրա արիւնը քեզնից եմ պահանջելու։ Իսկ եթէ դու անօրէնին զգուշացնես, ու նա յետ չդառնայ իր անօրէնութիւնից եւ իր ճանապարհից, - այդ անօրէնն իր անօրէնութեան մէջ է մեռնելու, իսկ դու քեզ փրկելու ես»։ Եզեկիել 3:17
 
Հետևություն անենք նաև մենք: Ամեն կիրակի եկեղեցիներում մերօրյա «դետերը»` այսինքն` հոգևորականները, քարոզում են, և բացատրում Աստծու խոսքը, այսինքն իրենք իրենց առաքելությունը կատարում են, և փրկում են իրենց, իսկ մենք ի՞նչ ենք անում, որ ո՛չ կարդում ենք, ո՛չ գնում լսում ենք, և լսածն էլ չե՛նք կիրառում: Գիտե՞նք արդյոք, թե ո՞ւր է տանում մեզ Աստծո խոսքի անտեսումը, գիտե՞նք արդյոք, որ Եզեկիելին տված պատգամը մեզ էլ է վերաբերում:
Էլ ինչպե՞ս ենք հետևելու մեր Տիրոջը, եթե հաղորդ չենք Նրա խոսքին ու խոսքի բացատրությանը: Խորհենք նաև այս մասին: Հովհաննես Երզնկացի հայրապետը ասում է, թող քրիստոնյաները անգղի նման հավաքվեն Քրիստոսի վրա և Նրան ուտելով կշտանան ու հագենան: Մեր նեղությունների պատճառով չխուսափենք Աստծուց, Նա մեր փրկության համար չխուսափեց Խաչից: Գաղջ հավատացյալի հասցրած վնասը Եկեղեցուն ավելի շատ է, քան մի անհավատի, որը չի լսել Աստծու խոսքը:
Բոլորիս համար էլ հաճելի է կարդալ Հովհաննես Առաքյալի 14 րդ գլուխը, բայց չմոռանանք, որ նա գրել է նաև Հայտնության Գիրքը, որ առավել կարևոր է մեզ համար, մեր փրկության համար: Աստված սեր է, կասկած չկա: Բայց Աստծու սերը մեր հանդեպ ապացուցվեց Իր Որդու խաչելությամբ, հետևաբար մենք միայն ականջ շոյող քարոզներով և երգերով չենք կարող շտկել մեզ, և կմնանք նուն հեշտասերները, որի համար ամեն կիրակի խոստովանում և զղջում ենք անարդյունք: Ավելի վատ է նրա վիճակը, որը Աստծու խոսքը լսելուց հետո է մերժում, քան նրա` որը ամենևին չի լսել ու պաշտում է իր կուռքին: Աֆրիկայի մի խուլ վայրում` Աստծու խոսքը չլսած կռապաշտությունը ավելի ծանր մեղք չէ, քան եկեղեցում Ավետարանական ճշմարտությունը լսած և աշխարհի անառակ կյանքի վայելքի պատճառով այն մերժածի արարքը:
Կամավոր Խաչվող Աստված և Դատաստան անող Աստված նույնն են: Երկյուղ ունենանք Աստծուց, կատարենք Նրա պատգամը և անսահման սեր ունենաք մեր մեջ, որպեսզի վախը չմոտենա մեզ:
Հիշենք այս մասին:

Օրվա ընթերցվածք.

Պողոս առաքյալի Բ թուղթը Տիմոթեոսին 3.1-7
Այս բա՛նն իմացիր, որ վերջին օրերին չար ժամանակներ պիտի գան,  երբ մարդիկ պիտի լինեն անձնասէր, փողասէր, հպարտ, ամբարտաւան, հայհոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անմաքուր,  անհաշտ, անգութ, բանսարկու, անժուժկալ, դաժանաբարոյ, անբարեսէր,  մատնիչ, յանդուգն, մեծամիտ, աւելի շատ հեշտասէր, քան աստուածասէր, 5 մարդիկ, որ ունեն աստուածապաշտութեան կերպարանք, սակայն ուրացել են նրա զօրութիւնը: Նաեւ խորշի՛ր նրանցից, քանզի նրանց մէջ կան այնպիսիք, որ մտնում են տնից տուն եւ գերում են մեղքերով ծանրաբեռնուած կանանց, որոնք տարուած են պէս-պէս ցանկութիւններով.  կանայք, որ միշտ ուսանում են, բայց երբեք չեն կարող հասնել ճշմարիտ գիտութեանը: