Լեզուն սերտ համագործակցության մեջ է սրտի հետ.

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ


Հոգևոր քարոզներ 2018

Մենք ունենք սիրտ (օրգան) և շատ հաճախ խնդրում ենք Աստծո ողորմությունը, որպեսզի այդ օրգան սրտին շնորհի զղջալու, ներելու և սիրելու անգին պարգևները: Մենք երբեմն էլ շատ ենք վախենում այդ սիրտ օրգանի պատճառով, որովհետև գիտենք, որ մարդու կյանքը ավարտվում է սրտի դադարից հետո: Կարդում ենք նաև Աստվածաշնչում, որ մարդու սրտի վրա հատուկ շեշտ է դրված, և մեծ կարևորություն է տրված սրտին: Մեր Տերը` Ինքը երանի է տալիս սրտով մաքուրներին, քանի որ անզգամն է իր սրտում ասել, թե չկա Աստված: Դավիթ Մարգարեն խնդրում է, որպեսզի Տերը իր մեջ սուրբ սիրտ հաստատի: Սրտի մասին է ասում Տեր Հիսուս Քրիստոս Լեռան քարոզում, թե ամէն մարդ, որ կնոջ նայում է նրան ցանկանալու համար, արդէ՛ն շնացաւ նրա հետ իր սրտում։ Իսկ Մարկոսի Ավետարանում ամբողջությամբ է նկարագրում սրտի գործառույթը:
«Ինչ որ մարդուց դուրս է գալիս, ա՛յն է, որ պղծում է մարդուն, որովհետեւ ներսից, մարդկանց սրտից են ելնում չար խորհուրդները՝ շնություն, պոռնկություն, գողություն, սպանություն, ագահություն, չարություն, նենգություն, գիջություն, չար նախանձ, հայհոյանք, ամբարտավանություն, անզգամություն: Այս բոլոր չարիքները ներսից են ելնում եւ պղծում մարդուն»:

Նույնիսկ բանաստեղծները իրենց գրվածքներում որպես սիրո թաքստոց` սիրտն են ընտրել: Ուրեմն սիրտը առավե՞լ է քան մյուս օրգանները, պարզվում է, որ այո:
Ճիշտ է, աչքը տեսնում է, բայց չի խոսում, ոտքերը գնում են վատ կամ լավ տեղ, բայց չեն պատմում, ձեռքերը բարիք կամ չարիք են գործում և լռում են, ականջները հազար ու մի վատ ու լավ խոսքի առջև են խոնարհվում և անձայն են:
Կա ես մի օրգան, որը սերտ համագործակցության մեջ է սրտի հետ, այդ օրգանը լեզուն է, որը պարբերաբար հայտնում է սրտում կուտակված ամեն ինչի մասին. հայտնում է և՛ սերը, և՛ բարությունը, և՛ առաքինությունը, և՛ ատելությունը, և՛ նախանձը, և՛ կասկածը, և՛ կատարած պոռնկությունն ու շնությունը` հարկ եղած դեպքում, և՛ ինչու չէ նաև երբեմնի վստահված գաղտնիքը: Ավետարանն էլ հաստատում է, որ չկա ծածուկ բան, որ չհայտնվի: Այսինքն լեզուն սրտի թշնամի՞ն է: Փաստորեն Սիրտը մի օրգան է, որ խոսում է լեզվի միջոցով: Բոլորս էլ ունեցել ենք պահեր, երբ ասել ենք. «Ներիր, ես այսպես չէի ուզում ասել, ուղղակի լեզվիցս թռավ»: Ուրեմն սրտում այն էր, ինչ լեզուն ասաց, լեզուն մեղավոր չէ: Հիմա հասկացանք, թե ինչու է մեր Տերը այդքան հորդորում, որ մեր սիրտը մաքուր պահենք, այնտեղ թող միայն Աստված ապրի, որպեսզի մարդը չկործանվի: Հետևաբար ջանանք մաքրել մեր սրտերը ամեն տեսակ մոլախոտից ու կեղծիքից, որովհետև եթե հանկարծ միամիտ դադարեց աշխատելուց, իր հետ կտանի այն ամենը ինչ պարունակում է իր մեջ` թե բարին ու ազնիվը, թե չարն ու կեղծիքը: Իսկ լեզվի մասին առակողը ահա թե ինչ է ասում.
«Սիրտդ տո՛ւր խրատին, եւ ականջներդ պատրաստ պահի՛ր իմաստութեան խօսքերը լսելու համար»։ Առակաց 23:12 նաև`
«Ականջդ մօ՛տ պահիր իմաստունների խօսքերին. լսի՛ր իմ խօսքերը, հաստատի՛ր սրտիդ մէջ եւ կ՚իմանաս, որ դրանք բարի են։ Եւ եթէ դրանք պահես սրտիդ մէջ, կ՚ուրախացնեն քեզ եւ միշտ կը մնան շուրթերիդ վրայ»։ Առակաց 22:17
Եսայի Մարգարեն էլ ասում է. «Վա՜յ ինձ. չէ՞ որ ես մարդ եմ, պիղծ շուրթեր ունեմ եւ պղծաշուրթ ժողովրդի մէջ եմ ապրում»:
Իսկ Աստված նայում ու քննում է միայն սրտերը... վա՜յ մեզ, մեր սրտի խորհուրդների պատճառով:

Օրվա ընթերցվածք.

Ավետարան ըստ Հովհաննեսի 16.1-4
«Այս բաները ասացի ձեզ, որպէսզի գայթակղութիւնից յետ մնաք:  Իրենց ժողովարաններից դուրս պիտի հանեն ձեզ. մինչեւ իսկ ժամանակը կգայ, երբ ով ձեզ սպանի, պիտի համարի, թէ Աստծուն պաշտամունք է մատուցում:  Եւ այդ բանը պիտի անեն ձեզ էլ, որովհետեւ չճանաչեցին ո՛չ Հօրը եւ ո՛չ էլ ինձ: Սակայն այս բաները ձեզ ասացի, որպէսզի երբ ժամանակը գայ, յիշէք, որ ես ձեզ ասել եմ: Այս բաները սկզբից ձեզ չասացի, քանի որ ձեզ հետ էի: