«Ահա՛ւասիկ ես դռան առաջ եմ եւ բախում եմ. եթէ մէկը ականջ դնի իմ ձայնին եւ բաց անի դուռը, կը մտնեմ նրա մօտ եւ կ՚ընթրեմ նրա հետ, եւ նա՝ ինձ հետ». Հայտն. 3:20
Մեր սրտի դռան մասին է ակնարկում մեր Տերը, Նա ավելի մոտ չի կարող գալ մեզ, քանի որ հարգում է մեր ազատ կամքը: Միայն մենք կարող ենք բացել այդ դուռը Նրա առջև, և թույլ տալ որպեսզի ներս մտնի: Երբ մենք Աստվածաշունչ ենք կարդում, երբ աղոթում ենք, բացում ենք մեր սրտի դուռը, երբ Պատարագի ենք մասնակցում, թույլ ենք տալիս որ Նա ներս մտնի: Իսկ երբ այսքանի հետ մեկտեղ նաև ողորմած ենք, Նա արդեն ընթրում է մեզ հետ և մենք Նրա հետ: Ի՜նչ մեծ պատվի ենք արժանացել անարժաններս, ու ինչքան դժվար ենք ընկալում, որ Աստված կարող է մեր նմանի սրտում ապրել:
Ի՞նչն է պատճառը, որ չենք բացում մեր սիրտի դուռը Նրա առջև, Որը ստեղծել է մեզ և տվել է հոգի, մարմին և միտք: Ի՞նչ թանկ բան կա մեր սրտում, որ Աստծու համար տեղ չունենք: Ողորմիր մեզ Տեր Աստված, մտքով, խոսքով և գործով կատարած մեղքերի համար:
Մենք Նոր Ուխտի զավակներս ունենք նոր Ուխտ մեր Տիրոջից` սրտի մկրտություն, Նոր մարդ դառնալու պատգամ: Մենք չենք կարող բավարարվել միայն Նրա Անունը լսելով, որ Փրկիչ է նշանակում: Փրկիչը աշխարհ եկավ, որովհետև աշխարհը լցված էր փրկվելու կարիք ունեցողներով: Ուրեմն եթե մենք չմտերմանանք մեր Փրկչի հետ, ինչպե՞ս կօգնի մեզ, եթե լուր չունի մեր խնդրանքներից ու աղոթքներից:
Տեր Հիսուս Քրիստոս, մեր կյանքի բոլոր տարիքների ապավեն` սկսած մեր մոր որովայնից, որը անհասկանալի հրաշք է մարդկությանը, դա նույնպես Քո ձեռքի գործն է:
Մարդու կազմությունը մեծագույն հրաշքներից մեկն է, որն առնչվում է յուրաքանչյուր ծնվողին:
Երիտասարդ տարիների մեր իմաստություն և խոհեմություն, որ առանց Քեզ չկա առաջընթաց:
Հասուն տարիքի մեր կանթեղի վառվող Լույս, որ լուսավորում ես մեր ճանապարհը չմոլորվելու համար:
Ծերության տարիքի մեր Հույս` ապրելու համար, որ ամեն առավոտ փառավորում ենք Քո Սուրբ Անունը նորից արթնանալու համար:
Մեծագույն վստահություն ես մեր մահվան մահճում, որ ակնկալում ենք Քեզ հետ հանդիպում` Քո մեծ ողորմության շնորհիվ:
Եվ վերջապես անսպառ Համբերություն` հանդերձյալ կյանքի հանդեպ, որ ունենում են ի Քեզ ննջած բոլոր քրիստոնյաները:
Տեր Հիսուս Քրիստոս, Որդի Աստծո. Ներիր մեզ, մեր անցյալի հոգևոր տգիտության համար:
Օգնիր մեզ` ներկայում մեր տկարության համար:
Առաջնորդիր մեզ ապագայում անորոշության համար, որ չմոլորվենք:
Մի անտեսիր մեզ, քանի որ մի բեռ ունենք բոլորս, որ առանց քեզ չենք կարող տանել, դա մեղքն է, որը մեր մարմնի անդամներից մեկն դարձել:
Մի օր գործել է տալիս աչքի միջոցով, մի օր` ականջի, մի օր`լեզվի և ամեն օր շարունակ:
Բայց Քեզ հետ, բոլորի Տեր Աստված, կարող ենք տանել ցանկացած բեռ և չհոգնել: