ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2018
Ը օր Ս. Ծննդեան
Տօն Անուանակոչութեան մեր Տեր Յիսուսի Քրիստոսի
Քրիստոս Ծնաւ եւ Յայտնեցաւ:
Օրհնեալ է Ծնունդն եւ Յայտնութիւնն Հիսուս Քրիստոսի.
ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅՈՒՆ
Այսպես է կոչվում այն տոնը, որը հաստատվել է Հիսուս Քրիստոսին անուն տալու, այսինքն՝ ծննդյան ութերորդ օրը Նրան թլփատելու և Հիսուս անվանելու հիշատակին: Ուստի և Հայ Եկեղեցում այն տոնվում է Աստվածահայտնության տոնի ութերորդ օրը՝ հունվարի 13-ին: Սուրբ Պատարագ է մատուցվում բոլոր եկեղեցիներում տոնի առթիվ:
Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Անվանակոչության օրվա առթիվ շնորհավորում եմ բոլոր քրիստոնյաներին, որ կրում են «Քրիստոնյա» պատվական անունը մեր Տիրոջ փառքի, և իրենց փրկության համար:
Մեր Տիրոջ Անվանակոչության տոնը անշարժ է և մեր Եկեղեցին տոնում է Հունվարի 13- ին: Պատահական չէ, որ նոր տարին սկսվում է բոլոր քրիստոնյաների ամենասիրելի տոնով` Հիսուս Քրիստոսի Սբ. Ծննդյան Ավետիսով: Որին հաջորդում է Անվանակոչության տոնը: Մենք` քրիստոնյաներս անմասն չենք այս գեղեցիկ տոնին, որովհետև ի փառս մեր Տիրոջ, կրում ենք քրիստոնյա պատվական անունը:
Մեզ համար շատ թանկագին է մեր Տիրոջ բոլոր Անունները, վեր է ու բարձր է ամեն ինչից: Հետևաբար նոր սկսվող տարին հանձնենք բոլորիս Տիրոջ նախախնամությանը և աղաչենք Նրան, որ Իր Սուրբ Ծննդյան, և Անվանակոչության տոնի առթիվ գթա և ողորմի մեզ, փրկի մեզ մեր տկարությունից Իր ՀԻՍՈՒՍ անվամբ, որ ՓՐԿԻՉ է կոչվում, Օծի մեզ Սուրբ Հոգով Իր ՔՐԻՍՏՈՍ անվամբ, որ ՕԾՅԱԼ է կոչվում: Օգնի մեզ, որ մեր կյանքում զգանք ԷՄՄԱՆՈՒԵԼ անունը, որ կոչվում է ԱՍՏՎԱԾ ՄԵԶ ՀԵՏ Է: Եվ քրիստոնյա պատվական անունը կրողներս արժանի լինենք մեր կոչմանը այնպես, որ Աստված միշտ ներկա լինի մեր կյանքի մեջ: Հավերժ փառք ու պատիվ Նրա բոլոր անուններին` Հոր և Սուրբ Հոգու հետ միասին: Ամեն.
Այս տոնին նույնպես հրավիրված ենք բոլորս, իսկ մեր ներկայությունը և ջերմեռանդ աղոթքը լավագույն նվերն է մեր Տիրոջը: Թող այսօրվա մատուցած Սուրբ Պատարագներում հնչած աղոթքները ընդունելի լինի Տիրոջ առջև` մեր եկեղեցու անսասանության և մեր անձերի փրկության համար:
Սէ'ր անուն Յիսուս, սիրով քով ճմլեա' սիրտ իմ քարեղէն:
Վասն գթութեան, վասն ողորմութեան վերստին կեցո':
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 2.15-20
15 Եւ երբ հրեշտակները, նրանցից հեռանալով, երկինք բարձրացան, հովիւներն ասացին միմեանց. «Եկէք գնանք մինչեւ Բեթղեհէմ եւ տեսնենք, թէ ինչ բան է այս եղածը, որ Տէրը մեզ ցոյց տուեց»: 16 Եւ նրանք շտապով եկան ու գտան Մարիամին ու Յովսէփին եւ մսուրի մէջ դրուած Մանկանը: 17 Եւ ճանաչեցին նրան այն խօսքից, որ իրենց ասուել էր Մանկան մասին: 18 Եւ բոլոր լսողները զարմանում էին այն բաների վրայ, որ հովիւներն ասացին իրենց: 19 Իսկ Մարիամը այս բոլոր ասուածները պահում էր իր մէջ եւ իր սրտում խորհում: 20 Եւ հովիւները վերադարձան. փառաւորում եւ օրհնում էին Աստծուն այն ամէնի համար, որ լսեցին ու տեսան, ինչպէս իրենց պատմուել էր:
Post Views: 1,379