Ո՛չ հանձնառելիները կատարեցի, և ո՛չ էլ հրաժարելիներից հեռացա.

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ


Հոգևոր քարոզներ 2018

Ոչ հանձնառելիները կատարեցի, ոչ էլ հրաժարելիներից հեռացա.
Մեր մտածումները անստույգ են, քայլերը` անհաստատ:
Ճշմարտությանը ճանաչում ենք, սակայն մեր բարեկամը և ամենօրյա հյուրը` կեղծիքն է.. Մենք գիտենք այդ մասին: Մեր իմանալը ոչինչ է, Աստված գիտե այդ մասին:
Սա փաստերից մեկն է, որն ապացուցում է Աստծու մեծ ողորմությունը և համբերատարությունը մեր անձի ազատության հանդեպ:
Հարցեր կան, որոնք առաջանում են մեր մտքում, բայց պատասխան չեն գտնում, որովհետև մենք հակված ենք դեպի կեղծիքը, անբնականը, ձևականը, ցուցադրականը, և մեր բոլոր հարցերը մնում են անպատասխան, և չբավարարված: Ահավասիկ նմանատիպ հարցեր.
Ի՞նչ ակնկալիք ուներ Աստված, երբ մեզ ստեղծեց հողից և շնորհեց հողին բնորոշ բոլոր դրական հատկանիշները:
Ի՞նչ նմանություն կա մարդու և հողի միջև:
Ո՞րն էր մեզ ստեղծելու նպատակը և ո՞րն մեր առաքելությունը:
Արդյո՞ք մենք արդարացրինք Աստծո ակնկալիքը մեզնից:
 
Անշուշտ Աստված օրհնեց հողը և օրհնած հողից ստեղծեց մարդ արարածին: Եթե մենք ուսումնասիրենք մեր բնությունը, կտեսնենք, թե ինչքան նման հատկություններ ունենք հողի հետ: Հողը կմնա անպտուղ, եթե այն չհերկեն, քարերից չազատեն, չցանեն, չջրեն և չմշակեն: Նույնը մարդ արարածն է, եթե չկրթվի, չդաստիարակվի, չաշխատի, չաճի ու չբազմանա, կմնա միայն ինքը առանց պտուղ: Բայց մենք համոզված ենք, որ Աստված մարդուն ստեղծելուց հետո, նրան օժտեց բազում շնորհներով և առաքինություններով: Այդպես ստեղծեց մեզ Աստված և ակնկալեց, որ մենք մշակենք մեր սեփական հողը, որ մեր մարմինն է:
Հերկենք, վարենք, ցանենք, մշակենք և Աստծո օգնությամբ և օրհնությամբ բազում բերքեր տանք, և այդ բերքը օգտակար լինի մեզ և մեզ շրջապատող մարդկանց, որպեսզի մարդիկ օգտվելով մեր առատ բերքից գոհանան և փառավորեն Աստծուն` իրենց ստեղծողին, որ երկնքում է: Հավանաբար այս բարի նպատակն էր հետապնդում Աստծուն, որ ստեղծեց մարդուն:
Այնուհետև ուղարկեց Աստված Իր Որդուն, և Որդու միջոցով մեզ հրավիրեց քրիստոնեության, որպեսզի մեր կյանքը առավել բարեկարգվի, ունենալով մեզ համար Կատարյալի Օրինակը, հետևենք Նրան, անընդհատ մշակենք, վարենք ու ցանենք, մաքրենք մեր հողը ամեն տեսակ մոլախոտերից ու որոմներից: Սակայն մենք ծուլացանք մեր բոլոր պարտականությունների մեջ, ինչպես որ գրված էլ է մեղքերի ընդհանրական խոստովանության մեջ`
«Այլ եւ մեղա՜յ ամենայն պատուիրանացն Աստուծոյ` յանձնառելեացն եւ հրաժարելեացն. զի ոչ զյանձնառականսն կատարեցի եւ ոչ ի հրաժարելեացն հեռացայ, զօրէնս առի եւ յօրինացն հեղգացայ, ի կարգս քրիստոնէութեան հրաւիրեցայ եւ գործովս անարժան գտայ, գիտելով զչարն` կամաւ կորացայ եւ ի բարեաց գործոց ես ինձէն հեռացայ»:
Իսկ ինչ վերաբերում է վերջին հարցին, նայենք մեզ, մեր ընտանիքին, մեր մերձավորներին, մեր հայրենակիցներին, աշխարհին և անաչառ ձևով պատասխանենք. Գո՞հ է մեզնից Աստված արդյոք:
Յուրաքանչյուրս հարց տանք մեզ, արդյո՞ք մենք արդարացրինք Աստծո ակնկալիքը մեզնից: Եթե գոհ չէ, սկսենք հենց հիմա, որ հասցնենք: Կյանքը մեր ձեռքում չէ..
Օգնիր մեզ Տեր, որովհետև Դու գիտես թե ինչպիսին է մեր բնությունը, Դու գիտես, որ մեր հակումները ստորաքարշ են, մեր մտածումները` անստույգ, քայլերը անհաստատ, Ողորմած Տեր:

Օրվա ընթերցվածք.

Թուղթ եբրայեցիներին 12.18-27
16 եւ չլինի թէ որեւէ մէկը լինի պոռնիկ եւ պիղծ, ինչպէս Եսաւը, որը մի աման կերակրի դիմաց անդրանիկութիւնը վաճառեց: 17 Գիտէք, որ թէեւ նա յետոյ ուզեց ժառանգել օրհնութիւնները, բայց մերժուեց, քանի որ ապաշխարութեան հնարաւորութիւն չգտաւ՝ հակառակ նրան, որ արտասուքներով փնտրեց այն: 18 Դուք չէք մօտեցել շօշափելի լեռանը, որ կրակով էր այրւում եւ պատուած էր մէգով, մառախուղով, խաւարով եւ մթութեամբ, 19 ուր փողն էր հնչում եւ պատգամների ձայնը, այնպէս որ, ովքեր այն լսեցին, աղաչեցին, որ խօսքը չկրկնուի իրենց համար, 20 քանի որ չէին դիմանում այն հրամանին, թէ՝ թէկուզ եւ գազան մօտենայ լեռանը, կքարկոծուի: 21 Եւ այնպէս ահազդու էր տեսիլքը, որ Մովսէսն ասում էր. «Սարսափում եմ եւ դողում»: 22 Բայց դուք մօտեցել էք Սիոն լեռանը եւ կենդանի Աստծոյ քաղաքին, երկնային Երուսաղէմին, հրեշտակների բիւրաւոր բանակներին, 23 երկնքում գրուած անդրանիկների հանդիսաւոր ժողովին, բոլորի դատաւոր Աստծուն, կատարելութեան հասած արդարների հոգիներին 24 եւ Յիսուսին՝ նոր ուխտի Միջնորդին, եւ նրա արեան հեղումին, որ աւելի խօսուն է, քան արիւնն Աբէլի: 25 Զգո՛յշ եղէք, չլինի թէ հրաժարուէք նրանից, ով խօսում է. որովհետեւ եթէ նրանք, երկրի վրայ Աստծոյ պատգամները տուող Մովսէսին մերժելով, չազատուեցին, որչա՜փ եւս առաւել չպիտի ազատուենք մենք, եթէ թիկունք դարձնենք երկնքից Խօսողին,