ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2018
Ողորմություն` առանց նյութական ծախսերի.
Այս առավոտ բազում շրթներից փառաբանություն Քո Հորը, անդադար օրհնություն Քեզ, և երկրպագություն Սուրբ Հոգուն, իսկ մեզ` մեղավորներիս, ողորմություն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից:
Հունվար ամիսը հագեցած է տոնախմբություններով և Սուրբ Պատարագներով: Միայն Հունվար ամսին կա 10 ից ավելի Պատարագներ և օրհնություն, այսինքն տարին սկսվեց բազում օրհնություններով: Վայելենք այդ օրհնությունները մասնակից լինելով Տերունական բոլոր Տոներին: Եթե այսքան Պատարագներ և օրհնություններ չմատուցվեր աշխարհում, ապա խաղաղությունը իսպառ վերացած կլիներ մարդկությունից և մարդիկ իրար կուտեին անհանդուրժողականության և մեծամտության պատճառով:
Ոչ ոք չի կարող ասել, թե հեշտությամբ է ընդունում իր հասցեին հնչած հանդիմանությունը, նկատողությունը, զգուշացումը և այլն: Անկախ այն բանից նկատողությունը
տեղի՞ն է, թե՞ ոչ: Նույնիսկ հոգևոր մարդը դժվարությամբ է ընդունում այն: Սակայն տարբերությունը հոգևոր մարդու և մարմնավոր մարդու միջև այն է, որ հոգևոր մարդու մտքում, սրտում և լեզվի վրա Աստծո պատգամն ու պատվիրանն է, գիտակցում է հավասարակշիռ ձևով, և գնահատում է պահը` լռելով, ընդունելով նկատողությունը: Մտքում մտածելով, ու փառք տալով Աստծուն, որ այս մարդու բերանով զգուշացրեց իրեն: Իսկ մարմնավոր մարդը` միայն լեզվի վրա ունենալով Աստծուն` հակահարված է տալիս զգուշացնողին, նույնիսկ երբ զգուշացումը տեղին է: Մենք` մեզ նկատողություն և հանդիմանություն անողներին այդքան չար աչքով չնայենք, որովհետև, հնարավոր է որ Աստված է ինչ որ մեկի միջոցով մեզ ուղղում: Ուրեմն նայենք մեր գործերի արդյունքին և հասկանանք, թե որքանով է մեզ վերաբերում հանդիմանությունը:
Մեզ խորագիտություն է պետք նաև հասկանալու մի բան. ո՛չ թե զգուշացնողը արժանիք ունի թե՞ ոչ, մեզ նկատողություն անելու համար, այլ մենք այդ սխալի տե՞րն ենք, թե՞ ոչ: Եթե սխալի տերն ենք, ապա լռենք և փորձենք ուղղել, իսկ եթե զրպարտություն է, ապա առավել պետք է լռել, որովհետև զգուշացումը մեզ չի վերաբերվում: Հակադարձել, ապացուցելու համար անմեղությունը, անիմաստ է, որովհետև մեզ ճանաչողներին պետք չունենք բան ապացուցելու, իսկ զրպարտողին ինչքան էլ ապացուցենք, նրա նպատակը մեզ մրոտելն է: Օ՜, ինչքան պետք է զգույշ, տեղեկացված և սթափ լինենք մեր Տիրոջ խոսքերի նկատմամբ, որպեսզի ճիշտ տեղում ճիշտ որոշում կայացնենք:
Մարդկանց չմեղադրելն էլ ողորմություն է, չբամբասելը` նույնպես: Ուրեմն մենք կարող ենք նաև առանց ֆինանսի ողորմություն անել:
Բայց սպասի՛ր, սա ամենադժվար արվող ողորմությունն է, որ կարող ենք անել մեր կյանքում` չտեսնել ուրիշի սխալը, կամ տեսնելուց լռել:
Կարդանք մի գեղեցիկ նկարագրություն, ըստ Եփրեմ Ասորու. Աստվածածնի զրույցից` իր որովայնի Պտղի հետ, երբ ինքը Հովսեփից հանդիմանվում էր...
«Ո՛վ ճշմարիտ Որդի իմ և Հոր Բան, Ում համար կրեցի բազում զրպարտություններ, ծագեցրո՛ւ Քո լույսը և լուսավորի՛ր Հովսեփի մտքի խավարը:
Քանզի նա երկրավոր կարծիքով հայր անվանվեց Քեզ, հայտնի՛ր նրան Քո մոր ճշմարիտ լինելը:
Գթա՛, Ողորմա՛ծ, արդարին ու անբիծին և մի՛ հեռացրու նրան Քո աստվածային հայտնությունից,
մի՛ թաքցրու նրանից Քո խորհուրդը, որպեսզի չկորչի, այլ հայտնի՛ր նրան
Քո հայտնության մասին և ուրախացրո՛ւ նրան, որպեսզի մոռանա իր տրտմությունը:
Փորձենք մենք էլ մեր կարողության չափով աղոթել մեզ զրպարտողների կամ հանդիմանողների համար, և կատարենք ողորմություն առանց նյութական ծախսերի:
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 21.34-38
Զգո՛յշ եղէք ինքներդ ձեզնից. գուցէ ձեր սրտերը ծանրանան զեխութեամբ եւ հարբեցողութեամբ ու աշխարհիկ հոգսերով, եւ յանկարծակի հասնի ձեզ վրայ այն օրը. որովհետեւ այդ օրը որոգայթի նման պիտի հասնի այն ամէնքի վրայ, որոնք բնակւում են երկրագնդի ամբողջ երեսին: Արթո՛ւն կացէք այսուհետեւ, ամէն ժամ աղօ՛թք արէք, որպէսզի կարողանաք զերծ մնալ այն ամէնից, որ լինելու է, եւ արժանի լինէք կանգնելու մարդու Որդու առաջ»: Եւ ցերեկը ուսուցանում էր տաճարում, իսկ գիշերները ելնում էր, մնում այն լեռան վրայ, որը կոչւում էր Ձիթենեաց: Եւ ամբողջ ժողովուրդը առաւօտները վաղ շտապում էր նրա մօտ տաճարում նրան լսելու համար:
Post Views: 1,157