Համբուրենք այն ձեռքերը, որոնք կույրի աչքերը բուժեցին և այն ոտքերը, որոնք ջրի վրա քայլեցին:

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ


Հոգևոր քարոզներ 2018

Համբուրենք այն ձեռքերը, որոնք կույրի աչքերը բուժեցին և այն ոտքերը, որոնք ջրի վրայով քայլեցին:
Մարդկանց կողմնորոշումները տարբեր են, սակայն ճշմարտությունը մեկն է և միակը:
Սրտում Աստված չունեցող մարդը ընդունակ է իր գործերով «մեխ խփել» այն Սուրբ ձեռքերին, որոնք կույրի աչքերը բժշկեցին, բորոտությունը վերացրին` դիպչելով միայն բորոտին, ալեկոծված ծովը հանդարտեցրին, դիվահարից դևը հանեցին, և էլի շատ հրաշքներ: Այն ոտքերին` որոնք ջրերի վրայով քայլեցին...Այսպիսին է մարդը, երբ Աստված նրա հետ չէ:
Կան նաև մարդիկ, որոնք ճանաչում են Աստծուն, բայց շարունակում են մեղքի մեջ մնալով ապրել, համարելով, որ մեղքը իրենց է վնասում, Աստծու հետ ոչ մի անմիջական
կապ չունի:
Կան մարդիկ, որոնք ճանաչում են Աստծուն, սիրում են Նրան, սակայն չեն կարող չմեղանչել, տկարության պատճառով, կամազուրկ լինելու պատճառով, աշխարհը սիրելու պատճառով:
Կան մարդիկ, որոնք կարծում են միայն Աստծուն ճանաչելը բավարար է, կարող են ապրել իրենց ինքնահնար քրիստոնեական կանոններով:
Կան մարդիկ, որոնք եկեղեցի են հաճախում կանոնավոր, հաղորդվում են, սակայն եկեղեցու և կենցաղի միջև մեծ վիհ կա, ասելով` Եկեղեցին իր տեղն ունի կյանքը` իր:
Կան մարդիկ, որ եկեղեցի են գնում միայն կնունք, պսակ, հոգեհանգիստ և օրհնված մասունքների առկայության դեպքում, իրենք Աստծուն իրենց մեջ են հավատում:
Կան մարդիկ, որոնք պոտենցյալ մոմ վառողներ են, և իրենց չի վերաբերվում եկեղեցական ոչ խորհուրդ, ոչ արարողություն, ոչ աղոթք, ոչ պահք և այլն:
Կան մարդիկ, որոնք հավասարապես գնում են և եկեղեցի և գուշակի և էքստրասենսի և աստղագուշակի և այլ «մարգարեների» մոտ:
Կան իրական քրիստոնյաներ, որոնք Աստծու մարդանալու և աշխարհ գալու վեհ նպատակի մասին իմանալուց հետո վերստին ծնվեցին, Քրիստոսին հագան, խոստովանեցին իրենց անձնական Փրկչին, հարատև աղոթքի և հաղորդակցության մեջ են իրեն Տիրոջ հետ: Կապվեցին եկեղեցուն, Աստվածաշնչին` կրթվելու և բուժվելու համար: Մեկընդմիշտ խոստացան կարելիության չափով չմեղանչել, իսկ ընկնելու դեպքում` շուտ վեր կենալ Տիրոջ օգնությամբ: Երկյուղելով Աստծուց և Արդար Դատաստանի օրվանից, որովհետև Քրիստոս ապրում է նրանց սրտում: Այս տեսակը հասկացել է իրեն պարգևած ազատության արժեքը: Մարդկանց տեսակները այնքան շատ են, որքան որ իրենք են:
Մարդու տեսակը չի փոխվել երևի այս երկու հազար տարվա ընթացքում... Ինչքան էլ Նոր տարի նշենք, չփոխելով մեզ` նոր տարին նոր կլինի, բայց ոչ մեզ համար:
Իսկ Աստված սպասում է ամեն դար, ամեն տարի, ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան մեր դարձին...

Օրվա ընթերցվածք.

Ավետարան ըստ Ղուկասի 21.20-33
Բայց երբ տեսնէք Երուսաղէմը՝ շրջապատուած զօրքերով, այն ժամանակ իմացէ՛ք, որ նրա աւերումը մօտ է:  Այն ժամանակ նրանք, որ Հրէաստանում են, թող փախչեն լեռները, եւ նրանք, որ Երուսաղէմում են, թող խոյս տան, իսկ նրանք, որ գաւառներում են, թող քաղաք չմտնեն,  որովհետեւ դրանք վրէժխնդրութեան օրեր են, որպէսզի կատարուեն բոլոր գրուածները: Բայց այն օրերին վայ է յղիներին եւ ստնտուներին, որովհետեւ մեծ տագնապ պիտի լինի երկրի վրայ, եւ բարկութիւն՝ այս ժողովրդի հանդէպ:  Նրանք սրի պիտի քաշուեն, գերի պիտի տարուեն բոլոր հեթանոսներից. եւ Երուսաղէմը ոտքի կոխան պիտի լինի ազգերից, մինչեւ որ լրանան հեթանոսների ժամանակները: Եւ նշաններ պիտի լինեն արեգակի, լուսնի եւ աստղերի վրայ: Եւ երկրի վրայ պիտի լինի հեթանոսների տագնապ՝ ծովի եւ խռովութեան նման ահեղ ձայնի պատճառով,  աշխարհի վրայ գալիք պատահարների վախից եւ նախազգացումից մարդիկ պիտի մեռնեն, որովհետեւ երկնքի զօրութիւնները պիտի շարժուեն:  Եւ այն ժամանակ պիտի տեսնեն մարդու Որդուն եկած՝ ամպերի վրայ, զօրութեամբ եւ մեծ փառքով:  Եւ երբ սկսուի այս բանը լինել, վե՛ր կացէք եւ ձեր գլուխները բարձրացրէ՛ք, որովհետեւ մօտ է ձեր փրկութիւնը»:  Եւ նրանց ասաց մի առակ. «Նայեցէ՛ք թզենուն եւ ամէն մի ծառի.  երբ իրենց բողբոջը ցոյց են տալիս, տեսնում էք այն ու դրանից իմանում էք, որ մօտ է ամառը:  Նոյնպէս եւ դուք, երբ տեսնէք այս բոլորը կատարուած, իմացէ՛ք, որ Աստծոյ արքայութիւնը մօտ է»:  Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերունդը չպիտի անցնի, մինչեւ որ այս բոլորը կատարուի: Երկինքը եւ երկիրը կանցնեն, բայց իմ խօսքերը չեն անցնի: