Ցանկացած նամակ ունի հեղինակ, նպատակ և հասցեատեր: Մեր կյանքի ընթացքում բազում նամակներ ենք գրել, գրում ենք և դեռ պիտի գրենք ամենատարբեր բովանդակություններով: Նամակ գրելու շարժառիթները տարբեր են, բայց նպատակը մեկն է` պատգամ հասցնել հասցեատիրոջը` հորդորի, խնդրանքի, պահանջի, հանձնարարականի, պատգամի, զգուշացումի, հարցումի և այլնի պահանջով: Նամակ գրելու անհրաժեշտությունը հայտնի է գրողին, և գրողն էլ ակնկալում է, որ նամակը շուտ կարդացվի և ընթացք ստանա: Նամակը գրելն ու կարդալը մեր կենցաղի բաղկացուցիչ մաս է կազմում այսօր և մենք աշխարհի հետ կապի մեջ ենք նաև այս միջոցով: Գաղտնիք չէ, որ ուղարկելուց հետո պարբերաբար ստուգում ենք, տեսա՞վ արդյոք, եթե տեսավ հանգստանում ենք, և սպասում պատասխանի:
Պետք չէ թաքցնել, որ պատասխանը ուշանալու դեպքում տագնապում ենք, և առավել անհանգստանում ենք, երբ ցույց է տալիս, թե չի տեսնվել նամակը: Պատահում է նամակը անտեսվում է ընդհանրապես, պատահում է, որ պատասխանը ուշանում է, պատահում է, որ սպասվածին հակառակ պատասխան է ստացվում: Բայց նաև ցավալի է, որ երկու բառի փոխարեն մի անսիրտ սմայլիկ է գալիս որպես պատասխան: Մի խոսքով կարևոր է , որ նամակի ասելիքը տեղ է հասնում: Այդ պահից պատասխանատվությունը անցնում է նամակը ստացողի վրա, թե ինչպես կարձագանքի նամակի պահանջին: Իսկ երբ նամակի պահանջը գրողի համար տեսանելի չէ, առաջ է գալիս երեք մտահոգություն: ա) վիրավորանք` արհամարհված լինելու պատճառով, բ) վտանգ` պատգամը անտեսելու պատճառով,
գ) վնաս` նամակը անտարբերության պատճառով չնկատելու:
Հիմա մի պահ մտովի գնանք առաջին դար, պատկերացնենք Պողոս Առաքյալի անվերջ հետապնդված ու հալածված վիճակը, բանտում արգելափակվելը և Ավետարանի լուրը տարածելու իր մեծ ցանկության անհրաժեշտությունը: Նրա կողմից գրված 14 նամակները առաքման կարիք ունեին, նրան հավատարիմ մարդիկ էին պետք, որ նամակները ապահով տեղ հասցնեին (այսօրվա պես հեշտ չէր): Պողոս Առաքյալը հանրաճանաչ էր, և նրան հետապնդում էին անվերջ, ո՞վ կկամենար նրան ծառայել վախի մթնոլորտում: Բայց գտնվեց հավատարիմ ծառա, որոշ նամակներ բանտից բարեհաջող տեղ հասցրեց և մենք այսօր ունենք այս գանձերը, որոնք այսքան դժվարությամբ մեզ հասավ: Ինչքանո՞վ ենք մենք հետաքրքրված այդ նամակներով, որոնք անմիջական կապ ունեն մեր հագևար կյանքի հետ: Այդ նամակները մեզ են ուղղված, Պողոս Առաքյալը պատասխանի է սպասում, արդյունքի է սպասում, որ ուրախացնի բոլորիս Տիրոջը: Պողոս Առաքյալն էլ նամակները գրելիս, ակնկալում էր որ հետագա դարերում մարդիկ կկարդան, կօգտվեն այդ բացառիկ հոգևոր շահից, որի տարածման, քարոզման համար վճարեց իր կյանքով: Իսկ մե՞նք: Կամ առհասարակ չենք կարդում , կամ էլ լավագույն դեպքում մի անսիրտ <<սմայլիկ>> ենք ուղարկում և վիրավորում Պողոս Առաքյալին: Մինչդեռ օրվա ընթացքում որքա՞ն անմիտ ու ոչինչ չասող նամակները զբաղեցնում են մեր միտքը, ժամանակը ու կյանքը: Այսպիսի անիմաստ զբաղմունքները խլում են մեր թանկ ժամանակը : Օրը հաջորդում է օրվան և մենք ձեռնունայն ավարտում ենք օրը ոչ մի արժեքավոր բան չունենալով մեր սրտում և մտքում:
Աստված մեր պատասխանին է սպասում, չէ՞ որ Իր առաքյալները ջանք թափեցին յուրաքանչյուրը իր հերթին, գրեցին Ամետարաններ ու նամակներ և նահատակվեցին, որպեսզի մենք ունենանք Լույսը:
Իսկ մենք առանց ջանք թափելու, նույնիսկ կարդալ չենք ուզում այն, ինչը արյան գնով գրվեց: Սա էլ մեր անտարբերության ու Պողոս առաքյալի նամակների մասին, առհասարակ Աստվածաշնչի նկատմամբ ունեցած մեր վերաբերմունքի մասին: