Քրիստոնյաները չպետք է ընկնեն շնության ախտի մեջ և շներ ու պոռնիկներ կոչվեն: Արդ, ի՞նչ է շնությունը կամ որտեղի՞ց սկսվեց, քանի՞ տեսակի է բաժանվում և ի՞նչ էշնացողի պատուհասը: Շնությունն այն է, երբ պատանությունից սկսած մինչև պսակի ժամը չի մնացել անարատ կուսությամբ և սրբությամբ, շուն է կոչվում, կորցնում օրհնության պսակը, և քահանայական աղոթքի օրհնությունը չի հանգչում նրա վրա: Նույնպես և օրհնության պսակից հետո եթե տղամարդը կամ կինը օտար մեղքի մեջ շաղախվեցին և անարգեցին օրհնության պսակը, շուն են կոչվում և պոռնիկ անվանվում: Պոռնկությունը երեք տեսակ է. նա, ով խառնակվում է այրի կնոջ կամ իր տան աղախնին կամ էլ բոզ կանանց հետ: Նա է պոռնիկ կոչվում, ով տարբեր տեղերում խառնակվում է կամ կանանց կամ էլ տղամարդկանց հետ: Եվ շուն է նա, ով մեղանչում է այլ մարդու կնոջ հետ կամ եթե կին է՝ այլ կնոջ տղամարդու հետ կամ էլ պսակի օրհնությունից
առաջ անարատ չեն պահում կուսությունը կամ էլ եթե մեկը կուսություն է խոստացել, բայց իրեն չի պահել սրբությամբ:
Արդ, սրանք պոռնիկներ և շներ են կոչվում: Բայց որտեղի՞ց սկսվեց այս մեղքն ու չարիքը. Սեթի որդիներից և Կայենի դուստրերից սկսվեց: Որովհետև Սեթն ու Կայենը Ադամի որդիներն էին: Աստված անիծեց Կայենին իր չարության պատճառով և օրհնեց Սեթին և Աստված ուխտ դրեց Սեթի, և նրա ծնունդների միջև՝ խնամությամբ չխառնվել Կայենի ազգի հետ: Իսկ շատ ժամանակներ անց, սատանայի չար հնարքներով Կայենի թոռները՝ տղամարդիկ գտան գուսանության արվեստը, և կանայք՝ շպարն ու ծարույրը և պճնողական այլ հնարքները, ու խաբեցին Սեթի սուրբ հետնորդներին, և միմյանց հետ խառնվեցին խնամությամբ: Եվ այնպես հաճախակի դարձավ ու բազմացավ շնությունն ու պոռնկությունը երկրի վրա: Այս պատճառով Աստված բարկացավ ու ջրհեղեղ արեց, ջնջեց, կորստյան մատնեց բովանդակ երկիրը, մարդուն և անասունին, բացի Նոյից և իր որդիներից, որ մնացին սրբության պատճառով, որովհետև Նոյը հարյուր տարի կույս մնաց և հետո ամուսնացավ և որդիներ ունեցավ, որի հետևանքով դարձյալ սկզբնավորվեց մարդկությունը, և փրկվեց իր որդիների հետ միասին:
Արդ, ովքեր շաղախված են այնպիսի մեղքի մեջ շուն և պոռնիկ են կոչվում: Այն պատճառով են շուն կոչվում, որովհետև շների գործն այնպիսիներին է, որ իրենց հավատարիմ զուգընկեր չունեն, այլ ուր հանդիպում՝ խառնվում են: Եվ պոռնիկ են կոչվում, որովհետև սրբությամբ օրինավոր ամուսնություն չունեն, այլ անօրեն խառնակությամբ են կենցաղավարում:
Արդ, այսպիսի մեղքերի պատճառով են երկրի վրա գալիս բազում պատուհասներ՝ սով ու սրածություն, գերություն և սպանություն, երկրաշարժ ու հրձգություն և այլ անթիվ պատուհասներ: Ու եթե այսպիսի չարություններից դարձի չգան՝ այնպիսիները դառնում են աշխարհի կործանման, ավերման պատճառ ու արյան տեր: Եվ սուրբերի կանոններն ու հրամանները այսպիսիների ապաշխարության համար՝ օտար մեղքի հետ խառնակման պարագային՝ 15 տարի պահք և ապաշխարություն են սահմանում: Այսպիսիներին եկեղեցի չեն թողնում և հաղորդություն չեն տալիս:
Եվ քահանան, որ հաղորդություն է տալիս այնպիսիներին, մատնիչ է ու պարտական Տիրոջ մարմնին և արյանը, և սրբությունը շներին է տալիս, որի պատճառով էլ պարտական
է Աստծո դատաստանին: Եվ հիրավի, շնացողները զրկվելու են հաղորդությունից, իսկ այն կյանքում՝ արքայությունից: Ինչպես և գրում է Պողոս առաքյալը.
«Շնացողները չեն ժառանգում Աստծո արքայությունը» (Ա Կրնթ. Զ 9):
Միայն սուրբերը չեն, որ գրել, խրատել ու քարոզել են՝ հեռանալ այսպիսի մեղքերից, այլև Ինքը՝ անտեսանելի Աստված, որ երևաց Մովսեսին և նրա հետ խոսեց անմարմին շուրթերով և լուսափայլ հրեղեն մատներով երկու քարեղեն տախտակների վրա գրեց օրենքի տասն խոսքերը: Եվ հինգ խոսքերը, որ մեկ տախտակի վրա էին, սրանք էին, որ խոսեց ու գրեց.
«Մի՛ սպանիր, մի՛ շնացիր, մի՛ գողացիր, սուտ մի՛երդվիր, մի՛ ցանկացիր»: Թե որքան մեծ մեղք է շնությունը, գրեցինք:
ՆՎԱՍՏ ՎԱՐԴԱՊԵՏ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐԶՆԿԱՑՈՒ
ԽՐԱՏԸ ԲՈԼՈՐ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻՆ