ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2019
Այս աշխարհի իշխանը ցանկանում է որսալ ինձ եւ ապականել ձգտումս, որ ունեմ իմ Աստծոյ հանդէպ: Ներկայ գտնուողներիցդ ոչ ոք թող չօգնի նրան, այլ ընդհակառակը՝ իմ կողմից եղէք, այսինքն՝ Աստծոյ կողմից:
Յիսուս Քրիստոսին ձեր շուրթերի վրայ մի՛ ունեցէք, մինչ աշխարհն ունէք ձեր սրտում: Թող ոչ մի հրապոյր չյաղթի ձեզ: Ինձ էլ չպէտք է հնազանդուէք,
եթէ ես, երբ ձեր մօտ լինեմ, սկսեմ յանկարծ աղերսել ձեզ: Հնազանդուեցէք մինչդեռ խօսքերին, որոնք այժմ գրում եմ ձեզ: Ձեզ գրում եմ, քանի դեռ ողջ եմ, բայց ուժգին փափաքում եմ մահանալ: Մարդկային իղձերըս խաչուած են եւ ինձնում այլեւս չկայ նիւթը սիրող հուրը: Լսում եմ կենդանի ջրի ձայնը, որ խօսում է ներսումս եւ ինձ ասում է. «Ե՛կ Հօր մօտ»:
Այլեւս համ չեմ առնում մահկանացու սընունդից, եւ ո՛չ էլ՝ այս կեանքի հաճոյքներից: Աստծոյ հացն եմ ուզում, որ Յիսուս Քրիստոսի մարմինն է, ծնուած՝ Դաւթի սերնդից: Որպէս ըմպելիք ուզում եմ Նրա արիւնը, որ անապական սէրն է: Այլեւս չեմ կամենում մարդկային հետաքրքրութիւնների համաձայն ապրել:
Այդպէս կը կատարուի, եթէ դուք այդպէս կամենաք: Այդպէս կամեցէք, որպէսզի դուք էլ Աստծուց բարեացակամութիւն ստանաք:
Սակաւաթիւ խօսքերով եմ դա խնդրում ձեզնից: Հաւատացէք ինձ: Յիսուս Քրիստոսը կը յայտնի ձեզ, որ ես խօսում եմ ճշմարտութեան համաձայն: Նա ճշմարտախօս բերանն է,
որի միջոցով Հայրը խօսեց ճշմարտութեամբ:
Աղօթեցէք իմ համար, որպէսզի ես կարողանամ հասնել Նրան: Մարդկային նպատակներ հետապնդելով չգրեցի ձեզ, այլ՝ Աստծոյ մտքի համաձայն: Եթէ մարտիրոսութիւնը կրեմ, դա կը նշանակի, որ ինձ սիրել էք: Եթէ բացառուեմ, կը նշանակի, որ ինձ ատել էք:
Այս խրատը մեզ գրել է Իգնատիոս Անտիոքացի եպիսկոպոսը.
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մարկոսի 13.9-13
9 Եւ դեռ ձեզ էլ պիտի մատնեն ատեանների, եւ ժողովարանների մէջ պիտի տանջուէք. եւ ինձ համար կուսակալների ու թագաւորների առաջ պիտի կանգնէք՝ ի վկայութիւն նրանց: 10 Բայց նախ պէտք է, որ աւետարանը քարոզուի բոլոր հեթանոսների մէջ: 11 Եւ երբ ձեզ տանեն յանձնելու, առաջուց հոգ մի՛ արէք եւ մի՛ մտածէք, թէ ինչ պիտի խօսէք, այլ ինչ որ ձեզ տրուի այդ նոյն ժամին, ա՛յն խօսեցէք, որովհետեւ դուք չէ, որ պիտի խօսէք, այլ՝ Սուրբ Հոգին: 12 Եղբայրն իր եղբօրը մահուան պիտի մատնի, եւ հայրը՝ որդուն. եւ որդիները հայրերի դէմ պիտի ելնեն ու պիտի սպանեն նրանց: 13 Եւ իմ անուան համար բոլորից պիտի ատուէք. բայց ով որ մինչեւ վերջ համբերի, նա կփրկուի:
Post Views: 896