Սեր ունենալու համար նախ պետք է կրթել սեփական անձը.

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ


Հոգևոր քարոզներ 2019

Եկեք ստուգենք, կա՞ արդյոք մեր մեջ սեր...
Սերը երբեք էլ չի վերացել աշխարհի երեսից, ուղղակի սիրո առարկան է փոխվել, մենք դարձյալ ուժգին սիրում ենք, սակայն մեկը` փառասիրություն, մեկը` արծաթսիրություն, մեկը` շնություն, մեկը` որկրամոլություն, մեկը` աթոռ, մի խոսքով ամենքս սիրում ենք մեր հարմարավետության կուռքը, մինչդեռ Տեր Հիսուս Քրիստոս, որ համակ Սեր է, այլ բան պատվիրեց մեզ:
Սիրել նշանակում է վերացնել թերությունները, այլոց չխանգարելու համար:
Սիրել նշանակում է փոխվել դեպի լավը, բարին, վերանայել հարաբերությունները, որպեսզի սիրելի էակին անհանգստություն և ցավ չպատճառել.
Սիրել նշանակում է ենթակային նեղություն չտալ ոչ արարքով, ոչ խոսքով, ոչ գործով: Սիրել մերձավորին նշանակում է որևէ կերպ չխոչնդոտել նրա խաղաղությանն ու հանգստին: Սիրելը մեծ կարողություն է, ամենքը չեն կարող սիրել, այս զորությունը կիրառելի է սիրո բոլոր դրսևորումներում, սեր առ Աստված, սեր առ Հայրենիք, սեր առ եկեղեցի, սեր առ ընտանիք և փոխադարձ սեր: Սեր ունենալու համար նախ պետք է կրթել սեփական անձը, ունենալ այն գիտակցությունը, որ սիրել կարելի է նաև մեղավորին, եթե նա քո մերձավորն է և ճանաչում ես նրան: Քո սերը նրան խորհելու առիթ կտա: Սիրո ճիշտ ընկալման դեպքում ներդաշնակություն կլինի աշխարհում... Ահա թե ինչու է այդքան կարևոր այս մի պատվիրանը` «Սիրիր մերձավորիդ»...
 
Մենք չենք կարող սիրել միայն ուղղահայաց` այսինքն միայն Աստծուն, մենք պետք է սիրենք նաև հորիզոնական` այսինքն մերձավորին: Բոլոր առաքինություններից առաջ դրված է սերը, նույնիսկ արդարությունից առաջ սերն է դրված: Երբ սիրում ենք մեկին, հանդուրժող ենք նրա սխալը, կամ անտեսում ենք, կամ այլ անունով ենք ձևակերպում: Իսկ երբ չենք սիրում, առաջ է գալիս միայն արդարության պահանջը, և ստիպում ենք, որ արդարությամբ գործի անձը: Հիշենք Ավետարանից մի առակ, որտեղ տանուտերը առավոտյան ելավ իր այգու համար մշակներ վարձելու և բոլորին հավասարապես վճարեց, ինչպես առաջիններին, այնպես էլ վերջիններին: Եթե մեր Տերը առանց սիրո, միայն արդարությամբ վճարեր մեզ, ինչ կլիներ մեր վիճակը: Ուրեմն սերը վեր է օրենքից: Նաև հասկանալի է թե ինչու է աշխարհը տակն ու վրա լինում առանց սիրո...
Խոսքը անշուշտ չի վերաբերում այն պարզ արտահայտություն դարձած «սիրում եմ քեզ կյանք»` կարճաժամկետ սիրուն, որը մի քանի օրից կարող է ոչնչանալ, ջախջախվել և վերանալ..
Սիրենք միմյանց առանց կեղծիքի, Աստծո պատվերի համաձայն: Երբ ասում ենք` սիրում եմ քեզ, ուրեմն միայն դա նկատի ունենանք:
Ո ՜վ Տեր օգնիր մեզ, որ մենք ամեն առավոտ սկսենք այս տրամաբանությամբ:
Որպեսզի աչքը տեսնի ողորմության լույսը, ականջը լսի Աստծո խոսքը, լեզուն փառք տա Աստծուն, ոտքերը գնան բարի ճանապարհ, ձեռքերը բարիք գործեն, մտքում հավերժ ունենալով Ամենարվեստ Աստծո պատգամները: Այս բոլորը կարելի է անել միմիայն Աստծու շնորհիվ,  ոչ դրամի, ոչ փառքի, ոչ պաշտոնի, և ոչ էլ առավել ևս հարստության...

Օրվա ընթերցվածք.

Ավետարան ըստ Մատթեոսի 24.9-15

9 Այն ժամանակ ձեզ նեղութեան պիտի մատնեն եւ պիտի սպանեն ձեզ. եւ իմ անուան պատճառով բոլոր ազգերի կողմից ատելի պիտի լինէք: 10 Եւ այն ժամանակ շատերը պիտի գայթակղուեն եւ միմեանց պիտի մատնեն ու միմեանց պիտի ատեն: 11 Եւ բազում սուտ մարգարէներ պիտի ելնեն ու շատերին պիտի մոլորեցնեն: 12 Եւ անօրինութեան շատանալուց շատերի սէրը պիտի ցամաքի: 13 Բայց ով մինչեւ վերջ համբերեց, նա պիտի փրկուի: 14 Եւ արքայութեան այս աւետարանը պիտի քարոզուի ամբողջ աշխարհում՝ ի վկայութիւն բոլոր հեթանոսների. եւ ապա պիտի գայ վախճանը: 15 Արդ, երբ տեսնէք աւերածութեան պղծութիւնը – որի մասին ասուած է Դանիէլ մարգարէի միջոցով – որ հաստատուած է սուրբ վայրում (ով ընթերցում է, թող հասկանայ),