ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2019
ՊԱՏԱՐԱԳ
Հավատացյալները երջանիկ են, որ կոչվեցինք «ընթրիքի հրավիրվածներ»:
Դու ևս հրավիրված ես, քեզ մերժված մի համարիր անհիմն պատճառաբանություններով:
Մարդու աստվածպաշտությունը նրա ողջ պատմության ընթացքում դրսևորվել է զոհաբերություններով, որոնց լրումը դարձավ Քրիստոսի պատարագը՝ Նրա ինքնազոհաբերումը խաչի վրա, որով Աստված իրագործեց մարդկության փրկությունը:
Խորհրդավոր ընթրիքին, Իր մարմինն ու արյունը բաշխելով աշակերտներին, Քրիստոս հաստատեց սուրբ Հաղորդության խորհուրդը. դրանով սկիզբ դրվեց նոր, քրիստոնեական աստվածպաշտությանը, որի առանցքը պատարագի արարողությունն է: Նախկինում այն արտահայտվում էր ագապեներով, որոնց ընթացքում առաքյալները, այնուհետև՝ նրանց կողմից ձեռնադրված երեցները, ժողովրդին հաղորդում էին Քրիստոսի մարմնին և արյանը: Ագապեների ժամանակ աղոթքով և փառաբանությամբ խոսվում և ուսուցանվում էր Քրիստոսի փրկական տնօրինությունների, Նրա մահվան և հարության մասին:
Այդ ամենը աստիճանաբար զարգացավ՝ վերաճելով ամբողջական ծիսական համակարգի, որը խոսքերի, պատկերների և շարժումների միջոցով արտահայտում է Քրիստոսի բոլոր տնօրինությունները և Նրա փրկագործության խորհուրդները:
Այսպիսով, պատարագի արարողությանը մասնակցող հավատացյալ ժողովուրդը, որպես «ընթրիքի հրավիրվածների» բազմություն, ընկալում է այն ամենը, ինչ կատարեց Քրիստոս երկրի վրա և կատարում է այժմ երկնքից: Պատարագի միջոցով հավատացյալները հաղորդ են դառնում Քրիստոսի փրկական շնորհներին և ս. հաղորդություն ստանալով՝ նախաճաշակում երկնքի արքայության երանությունը: Պատարագով ողջ եկեղեցին՝ այնտեղ գտնվող հավատացյալներով հանդերձ, դառնում է երկինք երկրի վրա և դրախտ՝ կենաց ծառի անմահարար պտուղներով:
Պատարագի արարողությունն իրականացնում են պատարագիչ քահանան, սարկավագը և դպիրները: Քահանան պատարագ մատուցողն է, սարկավագը՝ նրա անմիջական օգնականը, իսկ դպիրները ներկայացնում են ժողովրդին՝ երգելով և գոհություն հայտնելով Աստծուց: Հայ Եկեղեցում ներկայումս մատուցվող պատարագը բաղկացած է 4 հիմնական մասերից.
ԿԻՐԱԿԻ
Նախկինում այն կոչվել է միաշաբաթ, քանի որ շաբաթվա առաջին օրն է: Քրիստոս այս օրը հարություն առավ, ինչի շնորհիվ այն սրբագործվեց՝ ստանալով նոր իմաստ և նոր անուն՝ կիրակի, որ հունարեն նշանակում է տերունական:
Միաշաբաթը քրիստոնյաների համար հավետ փառավորվեց Տիրոջ անունով և դարձավ հույժ պատվելի ու մեծարվող: Այդ օրը Քրիստոս հարություն տվեց մարդկային բնությանը և մեզ ազատագրեց մեղքի մահից: Այնուհետև Պենտեկոստեին, դարձյալ կիրակի օրը, կատարվեց հաջորդ գլխավոր իրադարձությունը՝ ս. հոգեգալուստը, որով մարդիկ նորոգություն ստացան և նախաճաշակեցին երկնային կյանքի բարիքները:
Այսպես կիրակին դարձավ անհամեմատ մեծ և կարևոր մի օր, որը խորհրդանշում է ապագա հավիտենական խաղաղությունը: Այս պատճառով Եկեղեցում այն վերածվեց կենցաղի հոգսերից հանգստանալու և ամբողջովին Աստծուն նվիրվելու օրվա, ինչպիսին Իսրայելի համար շաբաթն էր:
Առաջին քրիստոնյաները այս օրն էին հավաքվում ագապեների, որոնք, հետագայում զարգանալով, վերածվեցին կիրակնօրյա պատարագի արարողության: Ըստ Եկեղեցու վարդապետների՝ կիրակի օրն է լինելու նաև Տիրոջ երկրորդ գալուստը, երբ հարություն կառնեն բոլոր մարդիկ՝ կանգնելու ահեղ դատաստանի առջև:
Սրբազան Ավանդություն.
Օրվա ընթերցվածք.
Պողոս առաքյալի թուղթը հռոմեացիներին 7.25-8.11
Ապա ուրեմն ես ինքս իմ մտքով ծառայում եմ Աստծոյ օրէնքին, իսկ մարմնով՝ մեղքի օրէնքին:
8 1 Եթէ այդպէս է, այլեւս ոչ մի դատապարտութիւն չկայ նրանց համար, ովքեր Քրիստոս Յիսուսի մէջ են. 2 որովհետեւ Քրիստոս Յիսուսով կեանք տուող հոգու օրէնքը ինձ փրկեց մեղքի եւ մահուան օրէնքից. 3 քանզի ինչ որ անհնար էր օրէնքի համար, որ տկարանում էր մարմնի պատճառով, Աստուած հնարաւոր դարձրեց. առաքեց իր Որդուն մեղանչական մարմնի նմանութեամբ եւ մեղքի համար ու մարմնի մէջ դատապարտեց մեղքը, 4 որպէսզի օրէնքի արդարութիւնը կատարուի մեր մէջ, մեր, որ ոչ թէ ըստ մարմնի ենք ընթանում, այլ՝ ըստ հոգու. 5 արդարեւ, նրանք, որ ըստ մարմնի են, մարմնինն են խորհում, իսկ նրանք, որ ըստ հոգու են, հոգունը. 6 քանի որ մարմնաւոր խորհուրդը մահ է, իսկ հոգեւոր խորհուրդը՝ կեանք եւ խաղաղութիւն. 7 քանզի մարմնաւոր խորհուրդը թշնամութիւն է առ Աստուած, որովհետեւ չի հնազանդւում Աստծոյ օրէնքին. եւ նա ոչ իսկ կարող է: 8 Նրանք, որ մարմնի իշխանութեան տակ են, չեն կարող հաճելի լինել Աստծուն: 9 Բայց դուք մարմնի իշխանութեան տակ չէք, այլ՝ հոգու, եթէ Աստծոյ Հոգին բնակուած է ձեր մէջ: Ապա եթէ մէկը Քրիստոսի Հոգին չունի, նա նրան չի պատկանում: 10 Իսկ եթէ Քրիստոս ձեր մէջ է, ապա մարմինը մեռած է մեղքի համար, եւ հոգին կենդանի է արդարութեան համար: 11 Եթէ ձեր մէջ բնակւում է նրա Հոգին, ով յարութիւն տուեց Յիսուսին մեռելներից, ապա եւ ով յարութիւն տուեց Քրիստոսին մեռելներից, կկենդանացնի ձեր մահկանացու մարմինները ձեր մէջ բնակուող իր Հոգով: