Մարդն ունի բազում նպատակներ, իսկ սատանան` մեկ նպատակ.

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ


Հոգևոր քարոզներ 2019

Կարևոր բաներ կան, որոնք չպետք է մոռանանք:
Մարդ արարածը իր կյանքում ունի բազում նպատակներ` սակայն մեկ ճանապարհ, այն է` իրականացնել դրանք Աստծու շնորհի միջոցով:
Սատանան ունի մեկ նպատակ` սակայն բազում հնարքներ ու ճանապարհներ` այն է կործանել մարդուն, դրդելով մեղքի:
Հայրերը ասում են, որ Աստված երբեմն թույլ է տալիս, որ սատանան փորձության ենթարկի մարդուն, հաստատելու համար իր հավատքի մեջ: Լավագույն օրինակը Հոբ Երանելին է:
Հակոբոս Առաքյալն էլ ասում է.
«Իւրաքանչիւր ոք փորձւում է՝ հրապուրուելով եւ խաբուելով իր ցանկութիւններից։ Այնուհետեւ ցանկութիւնը, յղանալով, մեղք է ծնում, եւ մեղքը, հասունանալով, մահ է ծնում»։
Եկեղեցում մկրտված յուրաքանչյուր քրիստոնյա պարտավոր է պատրաստ լինել փորձությունների ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգևոր ու մտավոր կարողություններով: Մեր Տերը չփորձվեց սատանայից երեք գայթակղություններից և ոչ մեկով: Սակայն մենք ֆիզիկապես անվերջ գայթակղության մեջ ենք ինչպես ուտելիքի, այնպես էլ մոդայի ու ժամանակակից կուռքերի հարմարավետության պատճառով: Տկար ենք հոգևոր առումով, քանի որ տկար ենք հավատքի մեջ և մարմինը առավել ենք դասում հոգուց: Կրկնակի տկար ենք մտավոր` սուրբգրային իմացություն մեջ: Այդ է պատճառը, որ անվերջ փորձության մեջ ենք: Չենք կարողանում մեր Տիրոջ նման ասել. Գրված է.... որովհետև չգիտենք , թե ինչ է գրված: Հավատացյալը, որ արյուն թափելու չափ չպայքարի մեղքի դեմ, Պողոս առաքյալի նման պսակ չի կարող ակնկալել Աստծուց: Ճակատագրապաշտների նման չմտածենք, թե մարդու համար Աստծու գործը ավարտված է արդեն: Բոլորովին այլ է իրականությունը, երբ մարդը զղջա դառնապես իր կատարած սխալի համար, Աստված կընդունի նրան իր գիրկը` հայրաբար:
 
Ուրեմն պարզ սրտով փնտրենք Աստծուն, որովհետև Աստված փնտրում է նրանց, որոնք չեն փորձում իրեն, և թերահավատ չեն իր նկատմամբ:
Անիրավ խորհուրդներն են մարդուն բաժանում Աստծուց, և Աստված Իր զորությունը փորձող անզգամին հանդիմանում է:
Չարանենգ մարդու մեջ իմաստություն չի մտնի և մեղք գործողի մեջ այն չի բնակվի:
Իմաստուն և մարդասեր հոգին չի արդարացնում հայհոյող բերանին և անիրավություն հայտնվելուն պես հանդիմանում է:
Տիրոջ Հոգին է պահում տիեզերքը, և գիտե, թե ով ինչ է բարբառում, և անիրավ խոսողը չի խուսափելու արդարացի դատապարտությունից:
Աստված մահ չի ստեղծել և չի ուրախանում ողջերի կորստյան համար: Աշխարհի բոլոր գործերը փրկության համար են և արդարությունը անմահ է:
Ամբարիշտները կամավոր իրենց մոտ կանչեցին մահը և իրենց բարեկամ համարեցին, դաշինք կնքեցին նրա հետ և արժանացան բաժնեկից լինել նրան...
Քրիստոնյաներս հեշտ կապրենք, եթե առաջնորդվենք Սուրբ Գրքով, որը անվերջ խրատում է:

Օրվա ընթերցվածք.

Ավետարան ըստ Մատթեոսի 12.9-15

9 Յիսուս, այստեղից մեկնելով, եկաւ նրանց ժողովարանը: 10 Այնտեղ կար մի մարդ, որի ձեռքը գօսացած էր: Յիսուսին հարցրին ու ասացին. «Շաբաթ օրը թոյլատրելի՞ է բժշկել». որպէսզի նրան ամբաստանեն: 11 Եւ նա ասաց նրանց. «Ո՞վ է ձեզնից այն մարդը, որ մի ոչխար ունենայ, եւ դա շաբաթ օրն ընկնի փոսի մէջ, մի՞թէ չի բռնի ու վեր հանի այն: 12 Իսկ արդ, մարդը ոչխարից որքա՜ն եւս առաւել է. ապա ուրեմն, պէտք է շաբաթ օրը բարիք գործել»: 13 Այն ժամանակ մարդուն ասաց՝ ձեռքդ երկարի՛ր. եւ նա երկարեց. եւ առողջացաւ գօսացած ձեռքը, ինչպէս միւսը: 14 Իսկ փարիսեցիները դուրս գալով՝ նրա դէմ խորհուրդ արեցին, թէ ինչպէս կորստեան մատնեն նրան: 15 Երբ Յիսուս այդ իմացաւ, այդտեղից մեկնեց: