Խրիմյան Հայրիկն էլ սրտի ցավով է խոսում եկեղեցու մասին:
Եկեղեցու նյութական անշքությունը կամ շքեղությունը Աստծու տիեզերական փառքի առջև նշանակություն չունի, Որի աթոռը երկինքն է, և ոտքի պատվանդանը՝ երկիրը: Գանք բարոյական կողմի նկարագրությանը:
Բայց ավա՜ղ, Թոռնի՛կ,- ասում է Հայոց Հայրիկը, - մեր հիմիկվա առաջնորդները կարծես թե մի քաղաքական պաշտոնյա լինեն. եկեղեցու բուն գործերը` դպրոց, կրթություն, ուսում և այլն բարձիթողի են եղած: Այս բանի համար ո՞վ է մեղավոր. ժողովո՞ւրդը, թե՞ առաջնորդը: Մենք այնպես ենք կարծում, որ առաջնորդն է մեղավոր, որովհետև նա մի հովիվ է, Ավետարանի պաշտոնյա է և սոսկ մի հոգևորական սպասավոր է Քրիստոսի եկեղեցու:
Բայց դու տես, որ մեր ժողովուրդը չի պահանջում առաջնորդից, որ իր փակված աչքերը հրաշքով բանա և տեսնի, թե ի՜նչ բաներ կան աշխարհի վրա, կամ իր հոգու հիվանդությունները բժշկի, այլ միայն հրաշք է պահանջում, որ առաջնորդը Հիսուսի պես հինգ նկանակն օրհնի և հինգ հազար մարդ կերակրի:
Այսպես, Թոռնիկ, քաղցած ժողովրդի հացի խնդիրը հաղթել է Աստծու կենդանի խոսքին, որի քարոզիչ – մատակարարն առաջնորդն է: Որքա՜ն ողբալի է, Թոռնի՛կ, ժողովրդի անգիտակից վիճակը, որով այնպես է թվում, թե ինքն ավելի մեղավոր է՝ քան առաջնորդը: Բայց ո՞վ կարող է դատապարտել իրեն, երբ ժողովուրդն իր կյանքի խնդիրներով խեղդված և անձկության մեջ պաշարված, ամեն ճար առաջնորդից է ակնկալում: Այո՛, պիտի ակնկալի, քանի որ ժողովուրդը տգետ է, ուսում չունի, խոսել չգիտե, երկրիս օրենքները չգիտե, անշուշտ նա իր դատին միջնորդ, փաստաբան՝ առաջնորդին է ճանաչում:
Ուրեմն, Թոռնի՛կ, գործը դարձյալ մնում է վանական վարդապետների վրա, որոնք ազատ վիճակում են: Մեծ պարտականություն ունեն նրանք և պարտավոր են ժողովրդի համար ամենայն անձնվիրությամբ աշխատել, գնալ գյուղից–գյուղ, քարոզել, ուսուցանել պարզ ու ընտանեկան ոճով, խոսել այնպես, որ հասկանա ժողովուրդը և կարողանա ըմբռնել դպրոցի և մանուկների կրթության նշանակությունը:
Այս կերպով այցելու վարդապետը ոչ միայն կհաջողի գյուղական դպրոցները հաստատել, այլ նա կկարողանա նաև գյուղի երիտասարդներին, այրական հասակով մարդկանց և նույնիսկ ծերուկներին կրթել, որոնց կրթարանը եկեղեցին է: Եթե վարդապետը հաճախ այցելի, խոսի, կրկնի իր քարոզները, կարդացված Ավետարանի մտքերը բացատրի, ցույց տա Աստծու պատվերները, կենաց Բանի ու Հացի սեղանն այնպես պատրաստի ու դնի քաղցած ժողովրդի առաջ, որ վերջինս ուտի ու լիանա:
Ժողովուրդը թեպետ քրիստոնեական կյանքի մեջ շատ ծեր է, բայց իր արդի կյանքը նկատի ունենալով, նա մի նորածին, կաթնկեր երեխա է դարձել, նրա կյանքի նկարագիրը տգիտությունն ու ռամկությունն են: Նրա ատամները դեռ դուրս չեն եկել, և նրան պետք չեն պինդ կերակուրներ, այսինքն նուրբ դասեր և քարոզներ, նրա համար միայն կաթնային սնունդ է պետք, որ կարողանա քաղցրությամբ ճաշակել ու մարսել:
Ճիշտ է, որ մանկության ուսումը շատ հիմնավոր և հաստատուն է: Երանի՜ թե ես էլ բախտ ունենայի, մանուկ հասակում դպրոց գնացած լինեի ու կանոնավոր կրթություն ստացած, ինչ որ գիտեմ և ինչ որ պատմում եմ քեզ այս դասերը, չափահաս տարիքից սկսած եմ սովորել, որ շատ չնչին բաներ են, որովհետև միայն լսելով և գրքեր կարդալով փոքրիշատե հմտացել եմ աշխարհի բաներում: Գիտե՞ս, Թոռնի՛կ, ամեն մի գիրք մի–մի վարժապետ են կարդացողի համար. Գրողները մահացել–գնացել են, գիրը կենդանի է մնացել:
Կան այնպիսի գրքեր, որ անմահ են, եթե հազարավոր տարիներ էլ անցնեն, դեռ պիտի խոսեն մեզ հետ:
Այս մի քանի տողը գրելով՝ ուզում եմ հասկացնել քեզ, Թոռնի՛կ, որ հասակ առած մարդիկ կարող են կարևոր դասերը քիչ թե շատ սովորել ու կրթվել, միայն թե այդ դասախոսը պետք է լինի մի անձնվեր մարդ, անձանձրույթ, մշտախոս, անհուսահատ, հարատևող ու երկայնամիտ: Սրա փորձն ու ապացույցը ես աչքովս տեսա:
Հոգևոր ընթերցումներ Խրիմյան Հայրիկի