ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2019
Այս բառերը ասելիս ի՞նչ ենք մտածում, երբ խոստովանում ենք...
«Մեղանչեցի մտքովս և նրա շարժմամբ»:
«Մեղանչեցի մտքիս չար խորհուրդներով՝ նենգությամբ, ատելությամբ և այլն»
Կար ժամանակ, երբ մենք չգիտեինք սխալի և մեղքի միջև եղած տարբերություը: Չգիտեինք սխալի հոգևոր բացատրությունը, որովհետև չգիտեինք ի՞նչ է հոգևորը, ի՞նչ է մարմնավորը: Հոգևոր հասկացողություն չունեինք: Գիտեինք միայն, որ չի կարելի այսինչ բանը անել, բայց չէր ասվում, որ դա մեղք է: Հիմա գիտենք, փառք Աստծո, այդ առումով լուսավորվեցինք:
Ինչո՞ւ չենք կարողանում ձերբազատվել այդ նախկին սխալից, որ իմացանք նրա մեղք լինելու մասին: Նախկինի պես հպարտ ենք, նախանձ ենք, բարկանում ենք, չենք հանդուրժում, անտարբեր ենք և այլն: Ինչո՞ւ մեր հոգում փոփոխություն տեղի չի ունենում սխալի նկատմամբ:
Չէ որ ամեն որոշում նախ սկիզբ է առնում մեր մտքում, եթե որոշումը մտքում չձևավորվեց ըստ հոգևոր ճշմարտության, ապա այդ սխալ որոշումը արագ տեղափոխվում է սրտի մեջ ու դառնում է գործողություն: Կա միայն մի միջոց, որով կարելի է կառավարել միտքը: Միտքը հարկավոր է ցանկապատել հոգևոր ցանկապատով: Յուրաքանչյուր միտք, որ ծագում է, անմիջապես ենթարկենք հոգևոր մեկնության: Գտնենք դրա հոգևոր ճշմարտությունը և հաստատենք: Որպես ցանկապատ մենք օգտվենք մեր
սուրբ հայրերի, հայրապետների, վարդապետների, սրբերի գրվածքներից` առանցքում ունենալով Աստծվածաշունչը: Իսկ մեր սրբերը երբեք թույլ չեն տա, որ մեր մտքում սխալ որոշում կայացվի: Մեր միտքը մեր մարմնի պարարտ հողակտորն է, ինչ ցանենք, այն էլ կբուսնի...
Իսկ երբ Աստված տեսնում է, որ մենք ջանում ենք մեր միտքը արթուն պահել, օգնում է կատարել դա: Ոչ ոք միտումնավոր Աստծո դեմ մեղք չի գործում, սակայն երբ չի ուզում ազատվել մեղքից, ինքնաբերաբար մեղանչում է Աստծո դեմ: Հաճախ ենք մենք մեր անմիտ արարքով խախտում Աստծո հեղինակային իրավունքները, բանսարկուի ջրաղացին ջուր լցնելով: Մինչդեռ մենք
պարտավոր ենք և հրաման ունենք ամբողջությամբ մերժել և տապալել չարի գունագեղ խարդավանքները, ինչից հրաժարվելով հրաժարվում ենք մեր Մկրտության ժամանակ: Ուրեմն մենք կամենանք, որ Աստված կատարի:
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մատթեոսի 19.27-29
Այն ժամանակ Պետրոսը պատասխան տուեց ու ասաց նրան. «Ահաւասիկ մենք թողեցինք ամէն բան եւ եկանք քո յետեւից. արդ, մենք ի՞նչ կունենանք»: Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ դուք, որ եկաք իմ յետեւից, երկրորդ գալստեանը, երբ որ մարդու Որդին իր փառքի աթոռին կնստի, դուք էլ կնստէք տասներկու աթոռների վրայ՝ դատելու Իսրայէլի տասներկու ցեղերին: Եւ ամէն ոք, ով թողել է տուն կամ եղբայրներ, կամ քոյրեր, կամ հայր, կամ մայր, կամ կին, կամ որդիներ, կամ ագարակներ՝ իմ անուան համար, հարիւրապատիկ պիտի ստանայ եւ յաւիտենական կեանքը պիտի ժառանգի:
Թուղթ եբրայեցիներին 13.17-21
Լսեցէ՛ք ձեր առաջնորդներին եւ հնազանդուեցէ՛ք նրանց, որովհետեւ նրանք հսկում են ձեր հոգիների համար, քանի որ հաշիւ են տալու ձեր փոխարէն. եւ նրանք ուրախութեամբ թող անեն այդ բանը եւ ոչ՝ հոգոց հանելով, քանի որ այն ձեր օգտի համար չէ: Աղօթեցէ՛ք մեզ համար, որովհետեւ հաստատ գիտենք, որ մաքուր խղճմտանք ունենք. ուզում ենք ամէն ինչում բարի ընթացք ցոյց տալ: Եւ առաւել եւս եմ աղաչում, որ այդ բանն անէք, որպէսզի աւելի շուտ դառնամ ձեզ մօտ: Եւ խաղաղութեան Աստուածը, որ մեռելների միջից յարութիւն առնել տուեց մեր Տէր Յիսուսին, որը յաւիտենական ուխտի արիւնով ոչխարների մեծ Հովիւն է, ձեզ հաստատ թող պահի բարի գործերի մէջ, որպէսզի կատարէք իր կամքը. եւ մեր մէջ թող կատարի իրեն հաճելի եղող բաները Յիսուս Քրիստոսի միջոցով, որին փա՜ռք յաւիտեանս: Ամէն: