Թ օր Մեծ Պահք.

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ


Հոգևոր քարոզներ 2019

Հոգևոր պատերազմում զուրկ լինելով այս գիտությունից, մենք շատ հաճախ ընկնում ենք թշնամական խաբեության մեջ և մեր բոլոր ջանքերը վատնում ենք իզուր և անօգուտ:
Իսկ ամենաահավոր խաբկանքն այն է, որ այդ ունայն ջանքերի մեջ լինելով, համարում ենք, որ մեծ-մեծ գործեր ենք անում, և այսպես մնում ենք անպտուղ: Չարը մեր առջև դնում է կեղծ թիրախներ և մեզ մղում նրանց դեմ պատերազմել՝ ներշնչելով, թե հենց այդ է սատանայի դեմ մղված պայքարը: Սրանով նա մեր թանկագին ժամանակը, որի համար գրված է, թե. «Ծախու առեք», ստիպում է վատնել դատարկ բաների վրա: Նա մեզ խաբելով աշխատում է համոզել, որ մենք այդպես վարվելով մեծ-մեծ վնասներ ենք հասցնում իրեն և երկնքում բազում գանձեր դիզում: Այսպիսով, մեզ ոչ միայն բարի պտուղներից է զրկում, այլ այնպես է անում, որ պտղաբերենք չար պտուղներ, որոնք են՝ ինքնահավանությունը, փառամոլությունը, հպարտությունը, մարդահաճությունը, ինքնավստահությունը և սրանցից էլ, իրենց հերթին ծագած բազում այլ չարիքներ: Այդ խաբեությունը կարող է իր մեջ գրավել այնպիսի ոլորտներ, որոնց մեջ, առաջին հայացքից, չեն կարող չար բաներ լինել:
Օրինակ՝ աղոթքը համարվում է ամենամեծ առաքինությունը, սակայն հերիք է աղոթքի զենքը ճիշտ ուղու վրա չդնել, և սա ոչ միայն բարիքի, այլ մեծ չարիքի պատճառ կարող է դառնալ: Այսինքն, աղոթքով, եթե չի փնտրվում սեփական մեքերի տեսություն, նրանցից ձերբազատվելու շնորհ, երկյուղ, խոնարհություն, դժոխքից խուսափում և Երկնքի արքայությանն արժանանալու ուղի, այլ մոռանալով իր անձի համար վերը նշված խնդրանքները, տրվելն ունայնաբանության, այսինքն՝ ամբողջ ջանքով աղոթել այս կամ այն պետությանը քրիստոնեության դառնալու համար և նմանօրինակ այլ բաներ: Սրանք իրականում չարի խարդավանքներ են, ո՛չ Գրիգոր Նարեկացու Աղոթագրքի և ոչ էլ Ներսես Շնորհալու աղոթքների, և ոչ էլ այլ հայրերի աղոթքների մեջ նմանօրինակ բաները առաջնային չեն եղել: Նրանք լացել են իրենց մեղքերի վրա և մեր համար էլ դարձել օրինակ, քանի որ հայրերի մոտ ասված է. «Փրկվիր դու, և շուրջ բոլորը կփրկվեն շատերը»:
Իսկ չարի մղումով, մեր անձի փրկության հարցերն արդեն իսկ լուծված համարելով, սկսում ենք աղոթել այլ բաների համար՝ մնալով անպտուղ և ոչ մի բանով օգուտ չենք տալիս նաև նրանց, ում համար որ աղոթում ենք: Շատ հաճախ աղոթքն արվում է որպես ճգնություն և ոչ որպես փրկություն գտնելու միջոց: Նման աղոթքները կարող են ժամեր տևել, որովհետև աղոթքի բուն նպատակից շեղվելով, թշնամին չի հակառավում այդ աղոթքին, այլ էլ ավելի մղում է նմանօրինակ աղոթողին՝ առաջանալու աղոթքի մեջ: Իսկ ճշմարիտ աղոթական վիճակի մեջ լինելու ժամանակ չարն ամեն կերպ սկսում է խոչընդոտել ձանձրույթի, հիվանդությունների, ամենատարբեր այցելությունների, պիղծ և ունայն մտքերի, նաև շատ այլևայլ բաների միջոցով: Իսկ ինչպես արդեն ասվեց, եթե աղոթքը ցավ ու անհանգստություն չի պատճառում թշնամուն, վերջինս նման աղոթքին ոչ միայն չի դիմակայում, այլև խրախուսում է: Այսինքն՝ աղոթքի զենքը անգիտության պատճառով գործածվում է ոչ ճիշտ նպատակի, այլ կեղծ թիրախի վրա:
«Խրատանի ապաշխարության» մատենաշար
 
Աղոթքի մասին Աստվածաշնչից.
1. Այսպես, մեկ ժա՞մ էլ չկարողացաք Ինձ հետ արթուն մնալ: Արթո՛ւն մնացեք, աղոթք արե՛ք, որպեսզի փորձության մեջ չընկնեք. Մատթ. 26
2. Ամենայն աղոթքներով և աղաչանքներով ամեն ժամ աղոթեցե՛ք Հոգով. և այդ բանի մեջ հսկեցե՛ք կատարյալ հարատևությամբ և աղաչանքներով. Եփես. 6:18
3. Ամբարիշտի զոհը Տիրոջ առջև պիղծ է, բայց արդարների աղոթքը Նրա մոտ ընդունելի է. Առակ. 15:8
4. Արդարը թող ինձ խրատի և հարվածի ողորմությամբ, բայց անօրենության յուղը թող չօծի իմ գլուխը, քանի որ անդադար նրանց չարության դեմ պետք է աղոթեմ: Սաղմ. 140:5:
5. Զգույշ եղե՛ք, արթուն մնացե՛ք և աղոթք արեք, քանի որ չգիտեք, թե երբ է ժամանակը… Եվ ինչ որ ձեզ եմ ասում, բոլորին եմ ասում. Արթուն մնացե՛ք. Մարկ. 13:33:
6. Աղոթելուց առաջ նախապատրաստիր քեզ և մի՛ եղիր այն մարդու նման, որ փորձում է Տիրոջը: Հիշիր վախճանի օրվա ցասումը և վրեժխնդրության ժամանակը, երբ Տերը քեզանից կշրջի Իր երեսը.
Սիրաք 18:23-24:

Օրվա ընթերցվածք.

Առակներ 2.1-3.10

1 Որդեա՛կ, եթէ իմ պատգամներն ու պատուիրաններն ընդունես եւ պահես դրանք հոգուդ մէջ, 2 իմաստութիւնը պիտի հաճելի լինի քո ականջին, սիրտդ պիտի հաճոյք գտնի գիտութեան մէջ, եւ դրանք, իբրեւ խրատ, պիտի աւանդես որդուդ: 3 Արդարեւ, եթէ իմաստութիւնը քեզ մօտ կանչես եւ ձայնդ մտքի հանճարին ուղղես, 4 փնտրես այն ընտիր արծաթի նման եւ, ինչպէս գանձ, որոնես այն, 5 այն ժամանակ կհասկանաս Տիրոջ երկիւղը եւ դու կգտնես Աստծոյ գիտութիւնը: 6 Տէրն է տալիս իմաստութիւնը, եւ նրանից են բխում գիտութիւնն ու հանճարը. 7 նա է արդարների համար փրկութիւն վերապահում եւ հովանի լինում նրանց ընթացքին, 8 նա է պահպանում արդարների ճանապարհը եւ հաստատ դարձնում իրենից երկիւղ կրողների ուղին: 9 Այն ժամանակ կհասկանաս արդարութիւնն ու իրաւունքը եւ բոլոր շաւիղներդ կուղղես դէպի բարին: 10 Եւ երբ իմաստութիւնը մտնի սրտիդ մէջ, եւ գիտութիւնը ախորժելի լինի հոգուդ, 11 այն ժամանակ բարի խոհերը պիտի զգուշացնեն քեզ, եւ արդար մտքերը քեզ պիտի պահպանեն, 12 որպէսզի փրկութիւն գտնես չար ճանապարհից եւ նենգախօս մարդուց: 13 Վա՜յ նրանց, ովքեր, ուղիղ ճանապարհը թողած, կգնան խաւարի ճանապարհով, 14 ովքեր կուրախանան չարիքներ գործելով եւ կխնդան դէպի չարը խոտորուելով. 15 Ծուռ են լինելու նրանց ճանապարհները, եւ շաւիղները՝ խոտորնակ, 16 նրանք պիտի փորձեն քեզ հեռացնել ուղիղ ճանապարհից եւ օտարացնել արդար խորհուրդներից: 17 Որդեա՛կ իմ, թող քեզ չհասնեն չար խորհուրդներն այն մարդու, որ երիտասարդ ժամանակ թողել է ուսումը եւ մոռացել Աստծոյ ուխտը: 18 Այդպիսին իր տունը դրել է մահուան մօտիկ, իր շաւիղները՝ դժոխքի մօտ, երկրածինների հետ: 19 Բոլոր նրանք, ովքեր գնում են այդպիսիների հետ, յետ չեն դառնալու, եւ եթէ մինչեւ իսկ զղջան էլ, չեն հասնելու ուղիղ ճանապարհի եւ չեն ապրելու իրենց կեանքի տարիները: 20 Եթէ նրանք բարի ճանապարհներով գնացած լինէին, դիւրին կգտնէին արդարութեան շաւիղները. քաղցրաբարոյ մարդիկ պիտի լինեն երկրի բնակիչները, եւ արդարները պիտի ապրեն այնտեղ: 21 Իսկ ամբարիշտների ճանապարհները պիտի ջնջուեն երկրից, եւ անօրէնները պիտի վտարուեն դրանից:

3 1 Որդեա՛կ, մի՛ մոռացիր իմ խրատները եւ իմ խօսքերը պահի՛ր քո սրտում, 2 որպէսզի երկարեն քո կեանքի օրերն ու կենդանութեանդ տարիները եւ խաղաղութիւն աւելացնեն: 3 Թող ողորմութիւնն ու հաւատարմութիւնը չպակասեն քեզնից. կապի՛ր դրանք քո պարանոցին, գրի՛ր դրանք քո սրտի լայն տախտակի վրայ եւ դու շնորհ կգտնես: 4 Տիրոջ ու մարդկանց առջեւ խորհի՛ր բարու մասին: 5 Ամբողջ սրտով յոյսդ դի՛ր Աստծոյ վրայ եւ մի՛ հպարտացիր քո իմաստութեամբ: 6 Քո բոլոր ճանապարհներին ճանաչի՛ր նրան, որպէսզի նա ուղղի քո ճանապարհները, եւ ոտքդ չսայթաքի: 7 Դու քո աչքին իմաստուն մի՛ թուայ, այլ վախեցի՛ր Տիրոջից եւ խուսափի՛ր ամենայն չարից: 8 Դա քո մարմնի համար բուժում եւ քո ոսկորների համար դարման կլինի: 9 Պատուի՛ր Տիրոջը քո արդար վաստակից եւ քո արդար բերքից պտո՛ւղ յատկացրու նրան, 10 որպէսզի քո շտեմարանները լցուեն առատ ցորենով, եւ քո հնձաններն աւելի յորդ գինի բխեն: