ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2019
Մենք չենք կարող ամեն ինչ հասկանալ Աստվածաշնչում, և փառք Աստծո, որ դրանով ճանաչում ենք ենք մեր սահմանափակության սահմանները: Բայց ինչը հասու է մեզ, իրավունք չունենք չկարդալու և չլսելու: Հավատքի հերոս մեր հայրերին տրված է եղել այդ շնորհը հասկանալու և գրելու: Իրավունք չունենք չկարդալու նրանց մեկնողական գրքերը` Աստվածաշնչի մասին:
Սովորենք Աստծո գործելաոճը` նրանց գրվածքներից և կիրառենք մեր կյանքում: Մեր բոլոր ձախողումները պայմանավորված են Աստծո գործելաոճին անծանոթ լինելու հանգամանքով: Մեր առջև ստեղծված ցանկացած խնդիր լուծելու համար չենք օգտվում Աստվածաշնչյան կերպարներից մեկի օրինակից, որը համապատասխանում է մեր խնդրին: Մեր կյանքում տեղի ունեցած յուրաքանչյուր խնդրի վերաբերյալ Աստվածաշնչում կա համապատասխան օրինակ և հանգուցալուծում: Մենք չենք կարող ասել, թե օրինակը չունեինք, դրա համար սխալվեցինք: Լավ է մի քայլ անել սովորելու համար Աստծո գործելաոճը, քան բազում անգամներ սխալվել վնասելով մեզ և ուրիշներին:
Փրկության է ցանկացած իրավիճակի համար իմանալ Աստծո գործելու ոճը, կերպը, ինչքանով որ հասկանանք: Աստված երբեք չի շտապում ինչպես մենք: Մենք ուզում ենք անմիջապես
տեսնել մեր աղոթքի պատասխանը, կամ արած գործի արդյունքը, Իսկ Աստված ուզում է տեսնել մեր հարատևությունը աղոթքի մեջ առանց շտապելու: Մեր բոլոր քայլերը ուղղված են դեպի բարեկեցիկ կյանք: Իսկ Աստծու բոլոր քայլերը ուղղված են մեղավոր մարդուն դարձի բերող ճանապարհը: Մեր հսկա ջանքերը նպատակաուղղված են մեր մարմնի առողջության և կենցաղային խնդիրների լուծմանը: Իսկ Աստծո հսկա ջանքերի նպատակը մեր հոգու առողջությունն ու փրկությունն է:
Եթե մենք մեր կյանքի ամենադժվար պահերին հավատարիմ մնանք մեր Տիրոջը, ինչպես Հովսեփը` (Հակոբի որդին), ապա Աստված կքաջալերի և կգոտեպնդի մեզ, ինչպես արեց նրան: Աստվածային շնորհները ճանապարհ են բացում մարդու առջև գնալու և հանդիպելու մեծամեծների հետ: Ահա սա է Աստծո նախնամությունը մարդու համար: Եթե ուշադիր լինենք, երբեմն
Աստված մեզ հանդիպեցնում է այնպիսի մարդկանց հետ, որոնց միջոցով մեր կյանքում շրջադարձ է տեղի ունենում: Ցավոք մենք դա կապում ենք մեր կարողությունների հետ եթե դրական բան է,
իսկ եթե բացասական, կապում ենք դիմացինի անհաջող կերպարի հետ: Եթե մենք էլ Հովսեփի հավատարմությունն ունենանք և նրա օրինակը որպես դաս ունենանք մեզ համար, ապա Աստծո նախախնամ առաջնորդությունը կտեսնենք մեր կյանքում նույնպես: Յուրաքանչյուր դրվագ մեր կյանքում ունի իր նպատակը, դրանում համոզվում ենք միշտ ավելի ուշ, խորը վերլուծությունից հետո:
Օրինակ Մովսեսի քառասուն տարվա դեգերումը անապատում, կամ Հովսեփի կյանքի դժվարությունները հստակ ցույց են տալիս Աստծո նպատակը մարդու համար: Հետևաբար մենք էլ խորը վերլուծենք մեզ հետ պատահած ցանկացած միջադեպ ու հասկանանք դրա նպատակը բարի է թե չար: Աստծո գործելաոճին է մոտիկ, թե չարի: Խնդրենք Աստծո կամքը և Նա կնախնամի մեր բոլոր գործերը մեր ձեռքով: Աստված, որ Արարիչն է տիեզերքի չարչարվեց խաչի վրա, դիմագրավեց այդ անպատվությունը քեզ համար: Միթե դու, որ իր ձեռքի գործն ես, ուզում ես առանց դժվարությունների, չարչարանքի և կամ փորձության անցկացնել քո կյանքը: Աստված տառապանքների և դժվարությունների միջոցով է ազնվացնում մեր նկարագիրը:
Օրվա ընթերցվածք.
Պետրոս առաքյալի Ա թուղթը 5.1-7
1 Ուրեմն, աղաչում եմ երէցներին՝ ես էլ նոյնպէս լինելով երէց ու վկայ Քրիստոսի չարչարանքների եւ մասնակից գալիք փառքի յայտնութեան. 2 արածեցրէ՛ք Աստծոյ այդ հօտը, որ ձեզ է յանձնուած, վերակացու լինելով ոչ թէ հակառակ ձեր կամքին, այլ՝ յօժարակամ, ըստ Աստծոյ՝ ոչ թէ շահախնդրութեամբ, այլ յօժարութեամբ 3 ոչ թէ տիրելով նրանց, որ բաժին են ընկած ձեզ, այլ օրինակ լինելով հօտին, 4 որպէսզի երբ Հովուապետը երեւայ, փառքի անթառամ պսակն ընդունէք: 5 Նոյնպէս եւ դուք, երիտասարդնե՛ր, հնազա՛նդ եղէք ծերերին. բոլորդ միմեանց հանդէպ խոնարհութիւն ունեցէք, քանի որ «Աստուած հակառակ է ամբարտաւաններին, իսկ խոնարհներին տալիս է շնորհ»: 6 Խոնարհուեցէ՛ք Աստծոյ հզօր ձեռքի տակ, որպէսզի ժամանակին նա ձեզ բարձրացնի: 7 Ձեր բոլոր հոգսերը նրա վրա՛յ գցէք, որովհետեւ նա է, որ հոգում է ձեր մասին: