ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2019
«Ո՛վ մարդ, դու, չգիտե՞ս, որ Աստծու բարութիւնը քեզ ապաշխարութեան է տանում»։
-Ոչ, սիրելի Առաքյալ, չգիտենք, որովհետև ծանոթ չենք Սուրբ Գրքի մանրամասներին, երբեմն մեզ թվում է, թե մեր զորության շնորհն էր, որ ստեցինք ու չպատժվեցինք, գողացանք ու չբռնվեցինք, զրպարտեցինք ու արձագանք չեղավ. և այլն, և այլն: Սակայն երբեք չենք մտածում, որ այս երևույթները լայն ճանապարհներ են, որ տանում են դեպի զղջում և ապաշխարություն: Մենք չգիտենք նաև, որ Ավետարանը Աստծո զորությունն է, և ինչքան շատ լինի մեր ձեռքում, և հաճախ կարդանք, այնքան շատ զորություն կստանանաք: Բայց ողորմած է Աստված, կբացի մի օր բոլորի աչքերը`տեսնելու:
Հետևաբար`
Եթե ինչ որ բան այնպես չես արել ու զգացել ես սխալդ, ապա մեկ ճանապարհ կա միայն: Կանգնել Աստծու առաջ և ներում խնդրել: Մարդը հակված է ընկնելու, սակայն նաև օժտված է ելնելու շնորհով: Ուրեմն վեր կաց առանց ուշացնելու: Ավետարանը ասում է, եթե արդարն է ընկնում, ապա ոտքի է կանգնում արագ: Մենք լավագույն օրինակը ունենք Սիմոն Պետրոսին` Նոր Կտակարանից: Քանի անգամ ընկավ ու վեր կացավ, որովհետև արդար էր, իսկ Հուդան ընկավ ու ընկած մնաց, որովհետև արդար չէր: Ինչպես առակող էլ ասում է «Բայց եթէ արդարը եօթն անգամ էլ ընկնի, պիտի կանգնի, մինչդեռ ամբարիշտները պիտի տկարանան չարիքների մէջ» Առակաց 24:16
Սնափառության դևը հափշտակում է վարժ ընթերցողների միտքը.
Ամո՛ւր փակիր դուռը և սկսի՛ր ընթերցել Սուրբ Գիրքը։ Բայց անգիտաբար մի՛ կարդա, որ իզուր չչարչարվես՝ նմանվելով սանդի փայտի, որով ցորեն են ծեծում, ինչը թեև բյուր անգամ մտնում ու ելնում է սանդի մեջ, բայց ցորենի ոչ մի հատիկ նրան չի կպչում. թափուր մտնում ու թափուր դուրս է գալիս։
Բնավ հոգ մի՛ տար Գիրքը վարժ կարդալու մասին, որ շուտ վերջացնես գործդ։ Եղբա՛յր, առանց տարակուսելու իմացի՛ր, որ սա դևից է. նա չի կամենում հոգուդ լուսավորությունը սուրբգրային բարի իմաստներով, որպեսզի իմաստնանալով՝ չճանաչես նրա չարությունը և գիտությամբ ու առաքինությամբ դյուրությամբ հալածես իրեն քեզնից։ Որովհետև ինչպես առյուծն է սարսափելի բոլոր կենդանիների համար, այդպես էլ Աստվածաշնչի գիտությամբ զարդարված առաքինի հոգին՝ դևերի համար։
Իսկ նա, ով անսում է դևին, աճապարանքով կարդալով՝ ջանում է բովանդակ Գիրքը վերջացնել, նման է կարկտաբեր և հեղեղաբեր անձրևի, որից օգուտ չկա հողին, բացի մեծ վնասներից։ Նույնպես և արագ ընթերցելն է անօգուտ և վնասակար հոգու համար։ Այլ դու մեղմ անձրևի նման հանդարտորեն կարդա՝ ուշադրություն դարձնելով (յուրաքանչյուր) բառի, քննի՛ր նրա մեջ պարփակված իմաստը, քանզի սա է հաճելի Աստծուն և օգտակար՝ հոգուդ։ Շատ օրեր քիչ խոսքերի վրա աշխատելն է օգտավետ, քան բազում էջեր մի օրում ընթերցելը,
որն ապարդյուն աշխատանք է։ Եվս մի բան. սնափառության դևն հափշտակում է վարժ ընթերցողների միտքը. ընթերցողը, անփորձ լինելով, չի գիտակցում, որ իր
մեջ առաջացած ուրախությունը դևից է, որը մղում է նրան մարդկանց առաջ պարծենալու, որ այս Գիրքն այսքան օրում է կարդացել վերջացրել։
Պարծենալու դրդած նույն դևը միաժամանակ առաջացնում է լսողների զարմանքը և փութով գովեստի մղում նրանց, որ ընթերցողն առավել ուրախանա իր անմիտ գործով և, սովորություն ձեռք բերելով, ամեն օր այդպես ընթերցի ու գովասանքի արժանանա։ Նաև ա՛յս իմացիր, որ դևը այդպես կարդացողին երկակի վնաս է պատճառում. քանի որ հոգին զրկվում է իմաստների ճաշակումից և վարձքից, որը պիտի ստանար Աստծուց իր աշխատանքի համար, քանզի խոսեց այդ մասին և գովեստի արժանացավ։ Բայց դու, եղբա՛յր, ընթերցի՛ր ինչպես հարկ է և օգտակար
(Գրիգոր Վարդապետ)։
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մատթեոսի 9.9-15
9 Եւ Յիսուս, այնտեղով անցնելով, տեսաւ Մատթէոս անունով մի մարդու, որ նստել էր մաքսատանը, ու նրան ասաց. «Իմ յետեւի՛ց արի»: Եւ նա վեր կենալով գնաց նրա յետեւից: 10 Եւ երբ Յիսուս նրա տանը սեղան էր նստել, ահա բազմաթիւ մաքսաւորներ ու մեղաւորներ եկան, բազմեցին Յիսուսի եւ նրա աշակերտների հետ: 11 Երբ փարիսեցիներն այդ տեսան, ասացին նրա աշակերտներին. «Ինչո՞ւ է ձեր վարդապետը մաքսաւորների ու մեղաւորների հետ ուտում»: 12 Իսկ Յիսուս, երբ լսեց, նրանց ասաց. «Առողջներին բժիշկ պէտք չէ, այլ՝ հիւանդներին: 13 Գնացէ՛ք, սովորեցէ՛ք, թէ ինչ է նշանակում՝ ողորմութիւն եմ կամենում եւ ոչ՝ զոհ. քանզի ես արդարներին կանչելու չեմ եկել, այլ՝ մեղաւորներին»: 14 Այն ժամանակ Յովհաննէսի աշակերտները մօտեցան նրան եւ ասացին. «Ինչո՞ւ մենք եւ փարիսեցիները յաճախ ծոմ ենք պահում, իսկ քո աշակերտները չեն պահում»: 15 Յիսուս նրանց ասաց. «Մի՞թէ կարելի բան է, որ հարսանքաւորները սուգ պահեն, քանի փեսան նրանց հետ է. բայց կգան օրեր, երբ փեսան նրանցից կվերցուի, եւ ապա ծոմ կպահեն: