ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2019
Մեր հոգևոր պարտականությունը մեր ննջեցյալի հանդեպ.
Սա շատ կարևոր հարց է, որ առնչվում է բոլորիս անխտիր` ամենքին իր նախախնամված ժամանակում, բայց քանի դեռ մենք ողջ ենք, մեր սուրբ պարտքն է եկեղեցու ճիշտ կանոններով շարժվել` մեր ննջեցյալներին նվիրված հիշատակության օրերին:
Մեր մեջ կա սխալ մոտեցում. այն է` սպասում ենք հիվանդը մահանա, նոր կանչենք հոգևորական, մինչդեռ քահանայի աղոթքը նրան առավել պետք է մինչև մահանալը: Հիվանդի զղջալը, խոստովանելը և Սուրբ Հաղորդություն ստանալը չափազանց կարևոր է նրա հոգու փրկության համար մինչև մահանալը: Հետևաբար մենք պետք է քահանա հրավիրենք ենթակայի հիվանդ ժամանակ, ոչ թե մահից հետո: Խոսքը չի վերաբերում հանկարծակի մահերին: Մեր պարտքն է հիվանդին այցելելիս սուտ մարգարեություններ չանել, ինչպես որ անում ենք, այն մասին, թե` մի երկու օրից կլավանաս, կամ նման խոստումներ. սա բժշկի անելիքն է: Այլ մեր պարտքն նրա համար խոսել աղոթքից, զղջումից, ապաշխարումից, Սուրբ Հաղորդությունից, հոգու փրկությունից, հարությունից, Երկրորդ Գալուստից, ինչը որ դավանում ենք մենք ամեն կիրակի Սուրբ Պատարագի ժամանակ:
Հաջորդ սխալը որ թույլ ենք տալիս` մահից հետո ննջեցյալի համար քահանա չհրավիրելն է, և եկեղեցի չտանելն է:
Կամ հրավիրում ենք և չենք հասկանում իմաստը և դա անում ենք որպես պարտականություն, որ չասեն, թե չարեց:
Երրորդ սխալը որ թույլ ենք տալիս, մեր անխզելի կապն է գերեզմանոցի հետ, նույնիսկ հայտնի չէ, թե գոնե գերեզմանոցում աղոթում ենք ննջեցյալի հոգու փրկության համար թե ոչ: Մինչդեռ կարող ենք եկեղեցում պատվիրել հոգեհանգիստ, որը միասնական աղոթք է մեր ննջեցյալի հոգու համար: Իսկ գերեզման կարող ենք գնալ որոշակի օրերի. Շատ հաճախ մենք թողնում ենք անմահ հոգին, և հետևում ենք մարմնի բնակարանի զարդարմամբ և շքեղությամբ: Էլ չեմ ասում ծաղիկների, հագուստների (որ երբեմն կենդանության օրոք չի ունեցել), դագաղների և այլ շքեղության մասին, որը նույնպես բացարձակ կապ չունի ննջեցյալի հոգու հետ:
Մենք կարող ենք, և պարտավոր ենք այդ ավելորդ ծախսերը նվազեցնելով, հոգեհացը մատուցել շատ համեստ, ուղղակի, որ մարդիկ իրենց հարգանքի խոսքը ասեն ննջեցյալի համար: Դրա փոխարեն ավելորդ ծախսերի գումարը, եթե ունենք, տրամադրենք որևէ կարիքավոր ընտանիքի, և նա փառք կտա Աստծուն և կաղոթի մեր ննջեցյալի հոգու համար:
Հիմա մեր բոլոր ջանքերը` ֆինանսական, ֆիզիկական, հոգեբանական, թե բարոյական չի բխում ննջեցյալի հոգու փրկության շահերից: Իսկ ինչու ենք անում: Անում ենք, որովհետև անտեղյակ ենք, և նույնիսկ չենք էլ ուզում տեղեկանալ... Կամ անում ենք, որովհետև հաշվի ենք առնում շրջապատի կարծիքը` հատկապես, որ մի քիչ էլ հանգամանք կամ պաշտոն ունենք:
Գուցե այս մասին չգրեի, եթե իմ մասնակցած վերջին մի քանի հուղարկավորությունների ժամանակ այս երևույթները այդքան արտահայտիչ ու տպավորիչ չլինեին... բոլորս էլ հանդիպել ենք թաղումների ժամանակ գործող սնոտի (կանոններին), որը ցավոք շարունակվում է դեռևս:
Չմոռանանք, որ նույն սխալները մեր երեխաները անելու են մեզ համար, ու այդպես շարունակ: Եկեք ճիշտ ապրենք, որ ճիշտ մեռնենք, և մեր Տիրոջ Հրաշափառ երկրորդ Գալուստը բաց ճակատով դիմավորենք...
Աղօթք ընդհանուր ննջեցեալների եւ մանաւանդ՝ հարազատների եւ երախտաւորների համար
Այլեւ աղաչում եւ խնդրում եմ Քեզանից, ո՛վ բազմագութ Աստուած, մեր ազգի հին ու նոր եւ բոլոր հաւատքով ու յոյսով ի Քեզ ննջածների համար: Եւ մանաւանդ՝ իմ մարմնաւոր եւ հոգեւոր ծնողների, եղբայրների, քոյրերի, ազգականների, սիրելիների եւ բարեկամների համար, նաեւ՝ հոգեւոր վարդապետների, բարի գործերի մէջ կրթողների եւ ուսուցիչների եւ մեր բոլոր ի Քեզ ննջած աշխատաւորների ու երախտաւորների համար, որոնց յիշի՛ր Քո ողորմութեամբ Քո գալստեան մեծ Օրը, թողութի՛ւն շնորհիր նրանց բոլոր մեղքերին ու սխալներին եւ դասի՛ր Քո սուրբերի հետ աջակողմեան դասում եւ տո՛ւր լսել Քո երանաւետ բարբառը, թէ՝ եկէ՛ք, Իմ Հօ՛ր օրհնեալներ: Եւ, ըստ նրանց՝ մեր հանդէպ երախտիքների, մէկի դիմաց բիւրապատի՛կ հատուցիր նրանց հոգիներին եւ անդատապա՛րտ դարձրու մեզ նրանց պարտքից: Եւ Քեզ փա՜ռք յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Հովհաննեսի 16.1-4
1 «Այս բաները ասացի ձեզ, որպէսզի գայթակղութիւնից յետ մնաք: 2 Իրենց ժողովարաններից դուրս պիտի հանեն ձեզ. մինչեւ իսկ ժամանակը կգայ, երբ ով ձեզ սպանի, պիտի համարի, թէ Աստծուն պաշտամունք է մատուցում: 3 Եւ այդ բանը պիտի անեն ձեզ էլ, որովհետեւ չճանաչեցին ո՛չ Հօրը եւ ո՛չ էլ ինձ: 4 Սակայն այս բաները ձեզ ասացի, որպէսզի երբ ժամանակը գայ, յիշէք, որ ես ձեզ ասել եմ: Այս բաները սկզբից ձեզ չասացի, քանի որ ձեզ հետ էի:
Post Views: 812