ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2019
Խաչյալ Հիսուս Քրիստոսին ամենավերջինը լքողները կանայք էին, և շաբաթը անցնելուց հետո Քրիստոսի մոտ ամենաառաջինը գնացողները կանայք էին: Սա զարմանալի բան չէ, որովհետև սուրբ Գրքի մեջ հիշված չէ, թե մի կին Քրիստոսին թշնամություն ցույց տված լինի: Գրված չէ, թե մի կին Նրան հալածած, կամ հայհոյած և անիծած լինի: Նրա աչքերը կապողը, Նրան ապտակով կամ բռունցքով խփողը, Նրա սուրբ երեսին թքողը կին չէր:
Սակայն Քրիստոսի ոտքերի մոտ նստած, նրա խոսքերին ականջ դնողը կին էր:Նրա գլխին պատվական խիստ յուղ թափելով, Նրան շատ պատիվ և սեր հայտնողը ևս կին էր: Նրա սուրբ ոտքերը իր արտասուքով թրջելով, մազերով սրբողը կին էր: Քրիստոսի հետ Գալիլիայից եկող և իրենց ունեցվածքով ծառայություն անողն ու Նրա նեղություններին ու վշտերին մասնակից եղողները կանայք էին: Պիղատոս կուսակալի առջև կապված Սուրբ Հիսուսի համար միջնորդություն անող և Պիղատոսին բարեխոսություն անելով նրան խրատողը մի կռապաշտ կին էր: Խաչի ճանապարհին Քրիստոսի կրած ծանր տառապալից չարչարանքների պահին Նրա համար լացողները և սգացողները Երուսաղեմի աղջիկներն էին: Մեր Տեր Հիսուս Քրիստոս Խաչի վրա մերժված ժամանակ խաչին մոտեցողները և այնտեղ կանգնելու համարձակություն ունեցողները կանայք էին: Քանանացի կնոջը հայտնեց Իրեն մեր Տերը:
Ավետարանում գրված է, թե «Հիսուս Հարություն առնելուց հետո առաջինը Մարիամին երևաց»: Սակայն այս Մարիամը կարող էր ասել. «Ամենից առաջ ինձ երևաց և ամենից առաջ իմ անարժան անունը արտաբերեց»: Այս կանայք Հիսուսի Հարությունը հայտնեցին առաքյալներին, որոնք էլ պիտի աշխարհին հայտնեին հետագայում:
Ամեն ապացուցված բանի համար անհավատություն անելը միշտ մեղք է: Այժմ ամեն քրիստոնյա համարձակ կարող է ասել, թե Քրիստոս Հարություն է առել և այդ ճշմարտությունը ընդունելը չեմ ամաչում: Երանի նրան չտեսնելով` հավատացողներին: Երանի Մարիամին: Երանի այն կանանց, որ առավոտ կանուխ այդ օրհնված ավետիսը բերին աշակերտներին: Երանի բոլոր այն կանանց, որոնց մեր Տերը հայտնում է իրեն, և որոնք միշտ պատրաստ են Նրա համար պատվական վկայություն տալու: Այս երանությունը թող լինի նաև մերը, սիրելի մայրեր և քույրեր:
(Արարատի ժառանգությունը)
Օրվա ընթերցվածք.
Առակներ 31.29-31
«Շատ դուստրեր հարստութիւն ձեռք բերեցին, շատերն էլ սխրագործութիւններ կատարեցին, բայց դու գերազանցեցիր նրանց եւ անցար բոլորից: 30 Քո մէջ կանացի կեղծ բարեհաճութիւն չկայ, եւ ոչ էլ՝ սին գեղեցկութիւն»: Արդարեւ, իմաստուն եւ բարեպաշտ կինը պիտի օրհնուի: 31 Նա պատիւ է տալիս Աստծուց երկիւղ կրողներին, դուք էլ նրա շուրթերի պտղից պատի՛ւ տուէք նրան, եւ թող նրա ամուսինը գովաբանուի դրսում. քանզի եթէ մարդուս ճամփան բաց է նրա հայեացքի առջեւ, ապա նա յաջողութիւն պիտի գտնի յաւիտեանս յաւիտենից:
Post Views: 811